Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆՔ»

Նոյեմբեր 26,2004 00:00

Իշխանությունն
ու խորհրդարանական ընդդիմությունը համակարծիք են թե՛ ԼՂ-ի եւ թե՛ որոշ այլ հարցերում
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարճատեւ հանդիպումը լրագրողների
հետ փոքր-ինչ աշխուժացրել է ներքաղաքական կյանքը։ Խորհրդարանական քաղաքական ուժերի
ներկայացուցիչները երեկվա ճեպազրույցների ժամանակ բավականին հանգամանալից քննարկում
էին առաջին նախագահի վերադարձի հավանականության հարցը: ՀՅԴ խմբակցության ղեկավար
Լեւոն Մկրտչյանի կարծիքը առաջին նախագահի մասին հետեւյալն է. «Մեր հանրապետության
առաջին նախագահն է, որն ունի հարուստ քաղաքական փորձ, բայց քաղաքական դաշտ նրա վերադարձի
մասին, թերեւս, վաղաժամ է խոսել: Առաջիկայում երեւի կլինեն քայլեր, որոնք կապացուցեն՝
վերադառնո՞ւմ է առաջին նախագահը քաղաքականություն, թե՞ ոչ: Դեռեւս որեւէ կանխատեսում
անելն իմաստ էլ չունի: Ինչ վերաբերում է «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածին, ապա
այն 98 թվականին ջրբաժան դարձավ: Մեր կուսակցությունը հստակ դիրքորոշում ունի, որ
ղարաբաղյան հարցը հնարավոր է կարգավորել միայն փաթեթային տարբերակով, այսինքն՝՝ անպայման
բանակցային գործընթացում, եւ վերջնական փաստաթղթում պետք է լինի Ղարաբաղի կարգավիճակի
լուծման ճանապարհը: Սա է փաթեթային լուծման հիմնական հարցադրումը: Եվ եթե անգամ հարցը
կարող է գնալ սառեցման ճանապարհով կամ արմատական լուծման, եւ եթե չի նշվում կարգավիճակի
հեռանկարը, ապա, բնականաբար, ղարաբաղյան հարցը, մեր խորին համոզմամբ, լուծում չի
գտնի: Կա նաեւ երկրորդ հարցադրումը՝ ունի՞ երկիրը փաթեթային լուծման հիմնադրույթը
պաշտպանելու պոտենցիալ: Մենք գտնում ենք, որ մեր երկիրն ունի անհրաժեշտ ներուժ եւ
հնարավորություն՝ հարցը փաթեթային լուծման ճանապարհով տանելու»: «Արդարություն»
խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը լրագրողի հարցին՝ վերադառնո՞ւմ է, արդյոք,
Լեւոն Տեր-Պետրոսյանը, ի՞նչ հորդոր ունի դաշինքը Տեր-Պետրոսյանին, եւ ընդդիմության
մեջ որտե՞ղ է նրան տեղ հատկացվելու, ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն քաղաքական
գործիչն է, որը խորհուրդների եւ հորդորների կարիք չունի. «Մեր խոր համոզմամբ, նա
ինքը կորոշի քաղաքական ասպարեզ իր վերադարձի նպատակահարմարությունը եւ անհրաժեշտությունը:
Երկրորդը՝ մենք չենք համարում, որ «Արդարություն» դաշինքը չեղած փաստի նկատմամբ պետք
է գնահատականներ տա: Մենք կարծում ենք, որ պետք է հանգիստ թողնել Լեւոն Տեր- Պետրոսյանին»:
ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը երկրի առաջին նախագահի մասին
կարծիք հայտնելիս չխուսափեց ասել. «Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները միշտ եղել
են հեռանկարային եւ խոր վերլուծական, դրանք երբեք չեն եղել րոպեական, քանի որ առաջին
նախագահը հեռատես եւ աշխարհընկալող քաղաքական գործիչ է»: ՕԵԿ խմբակցության
անդամ, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի համար պարզ է, որ իր վերադարձի
մասին միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է ասել. «Ինչ վերաբերում է 98-ից հետո մեր
ընտրած ճանապարհին, ապա, կարծում եմ, ղարաբաղյան հիմնահարցի լուծման ճանապարհը բանակցային
ճանապարհն է, եւ դա ճիշտ ճանապարհ է»: «Ազգային միաբանություն» խմբակցության
անդամ Ալեքսան Կարապետյանը չի տեսնում Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորություն.
«Նրա վերադարձի մասին խոսք լինել չի կարող. այսօրվա Հայաստանի վիճակը նրանից մնացած
ժառանգության արդյունք է: Ուզում էին ետ գալ, թող գային, կանգնեին ընդդիմության կողքին:
Թե չէ իրենց թերթերով տարածում են, թե իշխանությունը վատն է, ընդդիմությունն էլ մի
բան չէ, որ ընդդիմությունը լիդեր չունի: Հայ ժողովուրդը ամնեզիա չունի եւ 2003-ի
խորհրդարանական ընտրությունների ժամանակ տվել է իր գնահատականը (նկատի ունի, որ ՀՀՇ-ն
ձայներ չհավաքեց-Մ. Ե.): Ուղղակի Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած մարդիկ են
ուզում նրա վերադարձը»: «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը
առաջին նախագահի վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ ասաց, որ ինքը համաձայն չէ հետեւյալ
հայտարարությանը. «Չկա այն, ինչ մենք կարող էինք ստանալ 97-ին: Մենք դա այլեւս չենք
ստանալու»: Իսկ ընդհանրապես, Նժդեհի հետնորդը կարծում է, որ «մուտքը մամուլ հենց
այդտեղից պիտի չսկսվեր»: Հավանաբար, նկատի ունի «Զվարթնոց» օդակայանը՝ ինչպես հումորով
նկատեց լրագրողներից մեկը: Իսկ Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորությունը Գալուստ
Սահակյանը շատ տեսական է համարում. «Կարծում եմ՝ առաջին նախագահը երբեք ու երբեք
իր վերադարձի նախաձեռնողը չի լինի»: Մեր ժողովուրդը, ըստ պարոն Սահակյանի, որեւէ
մեկին ազգովի չի խնդրի. «Այլ՝ երկրի նախագահ կդառնա նա, ում կընտրի ժողովուրդը»:
«Սրանից հետո՞»՝ հավելեց մեր գործընկերներից մեկը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել