Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄԻՏԱՍԸ՝

Նոյեմբեր 25,2004 00:00

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ Երեկ Գրականության եւ արվեստի թանգարանում «ՌԵԱԼԼ օգնություն» բարեգործական հ/կ-ն կազմակերպել էր հուշ-ցերեկույթ եւ ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 135-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված էին բարերար Ալեքսանդր Մանթաշովի՝ Կոմիտասին նվիրած ռոյալը, լուսանկարներ, ձեռագիր նոտաներ եւ այլն: Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը նշեց, որ ցուցադրված նմուշները այստեղ պահվող Կոմիտասի արխիվի 0,002 տոկոսն են կազմում: Հ. Բախչինյանն ասաց, որ թանգարանում աչքի լույսի պես պահպանվում են Կոմիտասի բազմահազար լուսանկարները, ձեռագրերը, աֆիշներն ու ծրագրերը, ինչպես նաեւ երաժշտական գործիքները: Թանգարանի երաժշտական ֆոնդի բաժնի վարիչ Մարինե Մուշեղյանը փաստեց, որ Էջմիածնում երգահանը երաժշտական գործիքների հսկայական հավաքածու է ունեցել, սակայն ոչ բոլորն են թանգարանին հասել: Ցերեկույթին հնչեցին Կոմիտասի գործերը, այդ թվում՝ Հ. Բախչինյանը կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար Կարեն Անանյանին առաջարկեց նվագել երգահանի ռոյալով: Վերջինս էլ կատարեց իր մշակած Կոմիտասի «Պար» եւ «Էլեգիա» ստեղծագործությունները: Մարինե Մուշեղյանն էլ համառոտ ներկայացրեց Կոմիտասի արխիվը: Նա նշեց, որ երգահանի նյութերի մեծ մասը Փարիզից է տեղափոխվել եւ մինչ օրս Կոմիտասի հանճարը գնահատող հայաստանցի եւ սփյուռքահայ մարդիկ շարունակում են թանգարանին նվիրել բազմաթիվ լուսանկարներ, ձեռագիր նոտաների պատառիկներ եւ այլն: Տարիների ընթացքում, ցուրտ ու մութ ժամանակաշրջանում երգահանի հատկապես մատիտագիր նյութերը մաշվել են: Սակայն հետագայում բարերարների շնորհիվ նորոգվել են Մատենադարանում: Մ. Մուշեղյանն ասաց. «Մենք առաջ թույլատրում էինք, որ երաժշտասերները ուսումնասիրեն, թերթեն Կոմիտասի անձնական նյութերը: Սակայն այժմ միայն պատճեններն ենք տրամադրում»: Նա ավելացրեց, որ կոմիտասասեր այցելուները չեն դժգոհում նույնիսկ ամենաանորակ պատճենների տրամադրման դեպքում: Նշենք, որ «ՌԵԱԼԼ օգնություն» հ/կ-ն այս միջոցառման շրջանակներում հրատարակել է Կոմիտասի բանաստեղծությունները: Հ. Բախչինյանը շեշտեց, որ Կոմիտասին նվիրված յուրաքանչյուր միջոցառում մեծ արձագանք է ունեցել թանգարանում: Ըստ նրա, թանգարանը պատրաստվում է տպագրել Կոմիտասի ամբողջ երաժշտագիտական ժառանգությունը՝ մեկ գրքով: Վերջերս նրանք տպագրել են Կոմիտասի նամականին, որի նյութերի 80%-ը անտիպ էին: Ի դեպ, այս գիրքը շուտով կվերահրատարակվի: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել