Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստոսը,

Նոյեմբեր 25,2004 00:00

Քրիստոսը, Նժդեհն ու վերաքննիչը Շենգավիթի թաղապետարանի դիմաց գտնվող նախկին մեքենաշինական տեխնիկումի շենքը այլեւս արդարադատություն իրականացնող մարմինն է: Վերակառուցումից հետո այստեղ կտեղակայվեն երեք՝ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով, ՀՀ քաղաքացիական գործերով եւ ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանները: Ըստ «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանի, վերոնշյալ շենքային համալիրի վերակառուցման նպատակով ծախսվել է մոտ $1 մլն 300 հազար, կարգի բերվել 8,500 քմ տարածք: Որքան էլ տարօրինակ է, վերաքննիչի շենքի առջեւ… Հիսուս Քրիստոսի քանդակն է տեղադրված: «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ի տնօրենը տեղեկացրեց, որ վերակառուցվող շենքային համալիրին ոչ համահունչ արձանը Շենգավիթի թաղապետարանը հրաժարվել է ապամոնտաժել: Այնպես որ, 3 դատարանների շուրջ 50 դատավորներ այսուհետեւ ստիպված է լինելու վճիռներ կարդալ Վերին դատավորի՝ Հիսուսի աչքի առաջ: Վերաքննիչի առջեւ տեղադրված Հիսուսի քանդակի կապակցությամբ Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Արբակ Աբրահամյանը պարզաբանեց. «Երկու տարի առաջ Քանաքեռ-Զեյթուն համայնքում անցկացվել է երիտասարդ քանդակագործների մրցույթ, որտեղ Հիսուս Քրիստոսի արձանը լավագույնն է ճանաչվել: Երեւանի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ խորհուրդ է տվել քանդակը (հեղինակին պրն Աբրահամյանը դժվարացավ հիշել- Գ. Հ.) տեղադրել այդ շենքի առջեւ: Շինարարական աշխատանքների ընթացքում այն հանվել էր, սակայն այժմ նորից իր տեղում է»: Թաղապետարանի ներկայացուցիչը նաեւ տեղեկացրեց, որ Հիսուսը առաջիկայում հարեւան կունենա Գարեգին Նժդեհին: Ա. Աբրահամյանն ասաց, որ Շենգավիթի թաղապետարանը վաղուց հայտարարել է Նժդեհի քանդակի բաց մրցույթ, «թող մասնակցի՝ ով ուզում է, թեկուզ Ինդոնեզիայից»: Նրա համոզմամբ՝ Նժդեհն ու Հիսուսը իրար բնավ չեն խանգարի: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել