Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆՆ

Նոյեմբեր 25,2004 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՋՈՒՐ ԵՆ ԼՑՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՋՐԱՂԱՑԻՆ» Ասում է ԵԽԽՎ-ում «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Շավարշ Քոչարյանը Հայաստանի պատվիրակության անդամները, ի տարբերություն Ադրբեջանի, բավական հազվադեպ են դիմում Եվրախորհրդի նախարարների կոմիտեին գրավոր հարցումներով: Շուրջ մեկ տարի առաջ էլի Շավարշ Քոչարյանն էր դիմել՝ Նախիջեւանում Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացման առնչությամբ. «Առայսօր այդ հարցը դեռ քաշքշուկի մեջ է: Ադրբեջանի իշխանությունը մի անհեթեթ պատասխան է տվել, Նախարարների կոմիտեն նորից է դիմել նրանց: Ամենայն հավանականությամբ, կուղարկվի հատուկ պատվիրակություն, որը կուսումնասիրի մեր պատմական հուշարձանների վիճակը Նախիջեւանում: Մյուս կողմից՝ ադրբեջանցիներն էլ են բազմաթիվ հարցումներ արել, թե հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ոչնչացվում են իրենց հուշարձանները: Եվ շատ հավանական է, որ դա լինի փաստահավաք ընդհանուր պատվիրակություն»: Այժմ էլ Շավարշ Քոչարյանը Նախարարների կոմիտեին դիմել է գրավոր հարցմամբ, որ հաստատեն Եվրախորհրդի անդամ մի երկրի կողմից մյուսի նկատմամբ շրջափակման անթույլատրելիությունը եւ թուրքական իշխանություններից պահանջեն վերաբացել Գյումրի-Կարս երկաթգիծը: Մեր հարցին, թե ի՞նչ արդյունք է ակնկալում՝ պրն Քոչարյանը պատասխանեց. «Քիչ հավանական է, որ լինեն անմիջական արդյունքներ: Բայց ինքնին այն, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն պիտի քննարկի այս հարցը՝ լրացուցիչ ճնշում է Թուրքիայի վրա: Պետք է բոլոր հնարավոր միջոցները գործադրել՝ քայլ առ քայլ: Քաղաքականության մեջ, այն էլ՝ արտաքին, երբե՛ք մի հարվածով չեն լուծվում հարցերը: Հետեւողական լինելու դեպքում արդյունքը կլինի շոշափելի»: Սակայն ի՞նչ հույս ունի, թե իր արծարծած խնդիրը կդառնա քննարկման նյութ, երբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը ցավով խոստովանում է, որ Հայաստանը Եվրախորհրդում չունի բարեկամ երկրներ: Այս հարցադրումն առիթ դարձավ, որ մեր հետագա զրույցն ընթանա ոչ թե իր նախաձեռնության, այլ ԼՂ խնդրի շուրջ: «Արդարության» խմբակցության պատգամավորն ասաց. «Մենակ լինելու պատճառն այն է, որ Ղարաբաղի հարցում տարբեր երկրներում ձեւավորվել է որոշակի կարծիք, եւ դրան հակադրվելն արդեն չափազանց դժվար է: Իսկ ԵԽԽՎ-ն այս առումով ընդամենը հայելի է, որն արտացոլում է արդեն իսկ ձեւավորված պատկերը: Ղարաբաղի հարցում մեր տեսակետն իրոք չի ընդունվում միջազգային հանրության կողմից: Եվ դա արդյունք է մեր սխալ արտաքին քաղաքականության»: «Արդարության» պատվիրակի համար, ասենք, հարցական է. «2001-ի սեպտեմբերից բոլորը գիտեին, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը զեկույց է պատրաստում ԼՂ հակամարտության վերաբերյալ. ի՞նչ էր արվել այդ ուղղությամբ: Տպավորությունն այն է, որ երկիրը դարձել է միաբջիջ եւ ռեֆլեկտոր քաղաքականությունը հասել է նրան, որ մինչեւ ասեղը չծակի՝ այդ բջիջը չի անի եւ ոչ մի շարժում»: Ըստ Շավարշ Քոչարյանի, Հայաստանն ընդհանրապես Ղարաբաղի հարցում տանուլ է տվել քարոզչության մեջ. «Բայց ամենակարեւորն, այնուամենայնիվ, բանակցությունների հիմնական ուղղվածությունն է: Կարելի է, իհարկե, միշտ էլ մեղավորներ փնտրել, բայց դա նշանակում է շեղել ուշադրությունը հիմնական պատճառից, որ հետեւյալն է. Ռոբերտ Քոչարյանը վարելով այս բանակցությունները՝ դուրս մղեց Ղարաբաղը եւ ինքնորոշման խնդիրը տարավ այն ուղղությամբ, որ բոլորի ընկալման մեջ դա դարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այն է՝ եթե դա վեճ է, ուրեմն այդ տարածքներն օկուպացված են Հայաստանի կողմից: Իսկ եթե օկուպացված են՝ էլ ի՞նչ բանակցություններ. սա է Ադրբեջանի գիծը՝ հանիր զորքերդ, հետո նոր կխոսենք: Եվ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետ միասին ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին»: Որպես իր վերջին պնդման հիմնավորում՝ «Արդարություն» խմբակցության պատգամավորը մատնանշեց մի քանի փաստեր. «ՀՅԴ Ընդհանուր ժողովում մեր արտգործնախարարը բացահայտ հայտարարեց, թե Հայաստանն ու Ղարաբաղը միացյալ պետություն են: Վարդան Օսկանյանը նույնը հայտարարեց նաեւ համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Հետո էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նկարահանվեցին Ղարաբաղի խրամատներում. ցույց էին տալիս, թե նաեւ ԼՂ զինված ուժերի ղեկավարն են, եւ դա իրե՞նց բանակն է: Եթե փորձես քեզ պատկերացնել Ադրբեջանի տեղը՝ ավելին չէիր ցանկանա, որ հայերն անեին, որպեսզի կարողանայիր օգտագործել իբրեւ հաղթաթուղթ: Ուստի պետք է ասեմ, որ քարոզչական պատերազմը տանուլ տալու հարցում Հայաստանի նախագահն ու արտգործնախարարը նույնիսկ ավելի մեծ գործ են արել, քան Ադրբեջանի ողջ իշխանական կառույցը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել