ՎԵՆԴԵՏԱ՝ ՆՈՐԱՏՈՒՍՈՒՄ Արյունալի «ռազբորկային» ոստիկանությունը չի միջամտել Երեքշաբթի Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի՝ Գավառի դատարանում սկսվեց Գարիկ Մանուկյանի, Ալիկ Պետրոսյանի եւ Սեւակ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջիններս մեղադրվում են Նորատուս գյուղի 70-ամյա բնակչուհի Քնարիկ Գրիգորյանի բնակարանը հրկիզելու, Գրիգորյանների ընտանիքի անդամներից մի քանիսին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Այս գործով անցնում էր 5 տուժող՝ Ք. Գրիգորյանը, Սիրվարդ, Մուրադ, Մանուշակ Անտոնյանները եւ Նովլեթ Խաչատրյանը: Ամբաստանյալներին պաշտպանում էր Հայաստանի փաստաբանների միության փաստաբան Ռուբեն Սահակյանը: Մինչ այդ՝ նախաքննության փուլում պաշտպանությունն իրականացրել էր փաստաբան Ռուբեն Բալաբանյանը: Տուժողների ներկայացուցիչն էր մեկ այլ Ռուբեն՝ Փաստաբանների միջազգային միության փաստաբան Ռուբեն Ռշտունին: Մեղադրանքը պաշտպանում էր գլխավոր դատախազությունից՝ Կորյուն Փիլոյանը: Մինչ անդրանիկ դատական նիստը սկսելը, նախագահողը՝ Սերգեյ Չիչոյանը, հրապարակեց տուժողի դիմումը՝ ուղղված վճռաբեկ դատարանին, որը բացարկ էր հայտնել առաջին ատյանի դատարանին եւ խնդրել էր նիստը տեղափոխել Երեւան՝ առաջին ատյանի ցանկացած դատարան: Սակայն դատարանում տուժողը չպնդեց իր այս բացարկը: Նկատենք, որ ամբաստանյալներից փոքր-ինչ ագրեսիվ էր իրեն պահում Գարիկ Մանուկյանը, որը հայտարարեց, թե չի պատասխանի փաստաբան Ռշտունու հարցերին: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա պահանջում էր Գավառի հիվանդանոցից Նովլեթ Խաչատրյանի անունով լրացված թիվ 149 հիվանդության նկարագիրը, եւ միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությունից չի երեւում, թե Նովլեթին հասցված դանակի 5 հարվածներից որ մեկն է թափանցող: Դատաքննության բոլոր մասնակիցները այս միջնորդությանը չառարկեցին, ասելով. «Թող պահանջա»: Փաստաբան Սահակյանը միջնորդեց նաեւ դատարան հրավիրել ոստիկանության՝ Գավառի այն աշխատակիցներին, որոնք առնչվել են սույն դեպքի հետ, ինչպես նաեւ Նորատուսի գյուղապետ Անդրանիկ Հակոբյանին: Երեկ ցուցմունք տվեց Քնարիկ Գրիգորյանը: Նա հայտնեց, որ իր որդին՝ «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վրեժ Գրիգորյանը (որն, ի դեպ, առայսօր գտնվում է հետախուզման մեջ) 2003-ի մարտի 10-ին տուն վերադառնալիս հանդիպում է ամբաստանյալ Գ. Մանուկյանի եղբորը՝ Գարունին: Որդու մեքենայում այդ պահին գտնվել է Վրեժի տեղակալը՝ Ստեփան Ստեփանյանը: Գարունը դանակը ձեռքին փորձում է հարձակվել Վրեժի վրա եւ փոխադարձ վեճի ժամանակ դանակը դիպչում է Գարունին: Վկա Գրիգորյանը նկարագրեց, թե ինչպես է Վրեժը հուզված վիճակում տուն եկել եւ մի քանի ժամ հետո իմանում են, որ Գարունը հիվանդանոց է տեղափոխվել եւ մահացել է: Այնուհետեւ երեք ամբաստանյալները, ըստ Ք. Գրիգորյանի՝ տասնյակի հասնող անձանց հետ, ավտոմատներով հայտնվում են իրենց բնակարանում, բենզինի տարաներով, հրդեհում են ողջ տունը, ավտոտնակները, խանութը, դանակի 5 հարված հասցնում Նովլեթին: Հարձակման հետեւանքով առաջացած սթրեսից ընդհատվում է հարսի՝ Մ. Անտոնյանի հղիությունը: Ք. Գրիգորյանը հայտնեց, որ ինքը զանգել է դատախազ Արմեն Մարգարյանին, խնդրել, որ իրենց ընտանիքը եւ տունը վերցնեն պաշտպանության տակ: Ի վերջո, կրկնակի զանգերի արդյունքում 20-30 ոստիկան է եկել Գրիգորյանների տուն եւ խուզարկություն կատարել: Բոլոր հանցագործությունները տեղի էին ունենում ոստիկանապետի, գյուղապետի, ոստիկանության աշխատողների ներկայությամբ, որոնք ոչինչ չեն ձեռնարկել: Արդյունքում՝ նրանք Գրիգորյաններին պատճառել են 98 մլն 980 հազար դրամի նյութական վնաս: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆՀ. Գ. Գավառի դատարանում առայժմ չեն հանվել ամբաստանյալների համար նախատեսված վանդակաճաղերը: