Լրահոս
Օրվա լրահոսը

Ի

Նոյեմբեր 25,2004 00:00

Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ՀԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Ինձ հաճույք պատճառեց Բեռլինում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե՝ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի ԼՂ հակամարտության լուծմանը»,- օրերս հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը՝ միաժամանակ կասկած հայտնելով ՀՀ նախագահի արած հայտարարության անկեղծությանը: Միաժամանակ Դ. Շահնազարյանն ասաց, թե մինչեւ 93 թվականը, երբ ԼՂ-ում պատերազմական գործողություններ էին ընթանում, հայ-թուրքական սահմանը բաց էր եւ Հայաստանն այդ ճանապարհով հացահատիկ էր ներմուծում, որը խիստ անհրաժեշտ էր Հայաստանի համար: Ավելին, նրա մատուցմամբ, 92-ի նոյեմբերին երկկողմ փաստաթուղթ էր մշակված հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու եւ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, բայց այն ժամանակվա ընդդիմությունն այդ առնչությամբ մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկ ավելի ուշ այդ ծրագիրը ի չիք դարձավ ԼՂ անվտանգությունն ապահովելու նպատակով Քելբաջարն ու այլ հայտնի տարածքները հայկական ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո: Անցյալին վերաբերող եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող էլի մի հին նորություն հրապարակեց ժամանակին Հեռուստառադիոպետկոմի ղեկավար, իսկ հետո նախագահի խորհրդական Սամվել Գեւորգյանը: Նրա ասելով՝ 1992-ի դեկտեմբերին, երբ Հայաստանում հացահատիկի պաշարը սպառվել էր, իսկ ՀՀ իշխանությունները սպասում էին Թուրքիայով հացահատիկի նոր մասնաբաժին ստանալուն, հայտնի էր դարձել, որ Ղարս-Գյումրի երկաթգծի 50-60 մետրանոց մի հատված հայկական կողմից քանդված է: «Թե ո՞ր ավանդական կուսակցությունն էր դա արել՝ ես չգիտեմ, բայց այդ ակցիայի արդյունքում ՀՀ-ն կարող էր սովի մատնվել»,- ավելի քան թափանցիկ ակնարկ արեց Ս. Գեւորգյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել