Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեարկությունը

Նոյեմբեր 25,2004 00:00

Քվեարկությունը հետաձգվեց ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանում որոշում է կայացվել հետաձգել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի մասին» բանաձեւի նախագծի քվեարկությունը: Ըստ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի, Ադրբեջանը քվեարկության չի դրել բանաձեւի իր նախագիծը՝ զգալով, որ այն չի ստանա ձայների անհրաժեշտ քանակությունը: Դիվանագետի խոսքերով, եթե հարցը Գլխավոր Վեհաժողովի օրակարգում ընդգրկելու օգտին քվեարկել էին 43 երկրներ, որոնք հիմնականում ներկայացնում էին Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), ապա այս անգամ Ադրբեջանին ավելի քիչ երկրներ էին աջակցելու: Արմեն Մարտիրոսյանը նաեւ տարակուսանք է հայտնել Ադրբեջանի նախաձեռնության առնչությամբ: Նա հավաստիացրել է, որ հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ հաշտության գործընթացի առանձին տարրերի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հակաարդյունավետ է: Ա. Մարտիրոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը, որի բանաձեւի նախագծում խոսք է գնում մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի նորմերի մասին, մի երկիր է, որն ինքը կոպտորեն ոտնահարում է բոլոր այդ արժեքները: Նա վերստին պնդել է, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է սեփական տարածքում ազատ եւ անվտանգ ապրելու իր իրավունքը: Հայաստանի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ բանաձեւի նախագծում ընտրովի ներառվել են ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից քաղվածքներ, եւ փաստաթղթում ոչինչ չի ասվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկյան դեսպանորդ Սյուզան Մուրը, ելույթ ունենալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից, նշել է, որ «խաղաղ բանակցություններում առաջընթացի կարելի է հասնել միայն հակամարտության կողմերի միջեւ վստահության առկայության դեպքում», եւ կոչ է արել զերծ մնալ պառակտումից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում: Մուրը նաեւ կոչ է արել լրջորեն քննարկել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն ուսումնասիրելու նպատակով բազմազգ առաքելություն ուղարկելու հարցը: ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ալտայ Չենգիզերնն իր հերթին նշել է, որ նման առաքելության ուղարկումը «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակը բոլոր տեսանկյուններից ուսումնասիրելու համար կառուցողական ներդրում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ»: Իր ելույթում Նյու Յորքում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել ընդունել բանաձեւ, որում կխոսվեր իր երկրի տարածքային ամբողջականությանը «շարունակական վճռական աջակցության» եւ ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքի մասին: Նա ասել է, թե «առավել մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Լաչինի շրջանում, որտեղ մինչեւ պատերազմն ադրբեջանցիներ էին բնակվում»: Այսօր, ասել է ադրբեջանցի նախարարը, «բնակեցման ծրագրի իրագործումից հետո, Լաչինի շրջանում 13.000 հայեր են բնակվում»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել