«Ծառերի ետեւից անտառը չեն տեսնում» ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը քննադատում է խորհրդարանական դիվանագիտությունը Ուկրաինական իրադարձությունները բավականին ակտիվ քննարկվում են խորհրդարանական կուլիսներում: Պատգամավորները փորձում են ընդհանրություններ եւ տարբերություններ տեսնել Հայաստանում եւ Վրաստանում կատարվածի եւ չկատարվածի հետ, նաեւ հասկանալ, թե մինչեւ ուր կարող են հասնել ուկրաինական ուժերը: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, այսօր ԱՊՀ տարածքում ընտրությունները վարկաբեկելու եւ տարածաշրջանի իշխանությունները ոչ լեգիտիմ ներկայացնելու միտում է զգացվում: Մյուս կողմից էլ, ըստ Վահան Հովհաննիսյանի, տարածաշրջանի երկրներում չեն կարողանում ընտրություններ անցկացնել. «Այս իրավիճակը բավականին վտանգավոր է: Տեսեք, փոքրիկ մոդել է Աբխազիան, որում ընտրությունը հասարակությանը կանգնեցրեց հասարակական բախումների եզրին, ինչը այսօր տեղի է ունենում նաեւ Ուկրաինայում, եւ 60 միլիոնանոց երկրի պայմաններում սա ավելի վտանգավոր է: Բոլոր ժողովրդական համարվող երկրները այդ վիճակին հասել են աստիճաններ անցնելով: Աստիճաններից մեկը եղել է կրթական ցենզը ընտրողների համար, գույքային ցենզը: Մարդիկ հասկանում էին, որ եթե դու ամեն մի աղքատի թույլ ես տալիս ազատորեն ընտրելու, նա անպայման իր ձայնը կծախի: Բայց սոցիալական վիճակի բարելավման հետ այդ ցենզերը վերացան: Մեզ փորձում են դատել այն նույն չափանիշներով, որով կդատեին զարգացած երկրներին: Արդյունքում էլ առաջանում են այդ բախումները: Ի դեպ, այս առումով բավականին դրական ֆոն է ստեղծում Ղարաբաղը, որի ընտրություններում երբեք նման բաներ չեն լինում: Ղարաբաղում իսկապես «կարուսել» չեն անում, խարդախությունները չեն հասնում կրիտիկական աստիճանի; Եվ, չգիտես ինչու, մեր դիվանագիտությունը այս ամենը երբեք չի օգտագործում»: Ի դեպ, դիվանագիտության մասին: Արդյո՞ք ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահը այն կարծիքին չէ, որ հայկական դիվանագիտությունը իրար ետեւից պարտություններ է կրում հենց Ղարաբաղի հարցում: Վահան Հովհաննիսյանին ավելի շատ մտահոգում է ոչ թե այն, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ում կամ դեռ կարող է տեղի ունենալ, այլ ավելի մտահոգիչ է ԵԽԽՎ ղարաբաղյան հարցով զեկուցող Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը, որը այլեւս հանձնաժողովի զեկույց է եւ ներկայացվելու է լիագումար նիստում. «Փաստորեն, այդ հանձնաժողովի հայ մասնակիցն էլ դարձավ այդ բանաձեւի մասնակիցը, որովհետեւ առաջարկել է իր փոփոխությունները, որոնց մի մասն էլ ընդունվել է: Կարծում եմ, որ տեխնոլոգիայի առումով սա ճիշտ չէր: Մենք ընդհանրապես չպիտի մասնակցեինք մի զեկույցի քննարկման, որը ի սկզբանե զգուշացնում էինք, որ վատն է լինելու: Մենք ասում էինք, որ Թերի Դեւիսինը վատն է, ասում էինք, որ դա բրիտանական նավթային շահեր են, մեզ ասում էին, որ չի կարելի նրանց նեղացնել: Ասում էին՝ իրավական հիմքեր չունի, տեսանք, որ ստացավ այդ հիմքերը: Դեւիսի զեկույցի համեմատ շատ ավելի վատ բովանդակություն ունի Աթկինսոնի զեկույցը: Սա նշանակում է, որ ԵԽ թեմատիկայով աշխատող պատգամավորների փշի-փշի անելու քաղաքականությունը իր արդյունքը չունեցավ: Մեզ համար հենց սկզբից հստակ էր, որ եթե Աթկինսոնը իր զեկույցը պատրաստում է՝ բացարձակապես տրամադիր չլինելով այցելել Արցախ, Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, այլեւս մենք այդ զեկույցի քննարկմանը մասնակից չպիտի լինեինք: Սա իմ խորին համոզմունքն է: Իսկ հիմա շատ ավելի դժվար է լինելու»: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ առկա է միտում՝ ուղղել բառը, ուղղել ստորակետը, ինչ-որ պարբերություն, այնինչ ամբողջ փաստաթղթի տրամաբանությունը փախչում է. «Ռուսերեն դա նշանակում է՝ ծառերի ետեւից չտեսնել անտառը: Առանձին մի բան շտկում ենք՝ չտեսնելով, որ ամբողջ փաստաթուղթը մեզ համար ոչ նպաստավոր է: Այս ֆոնի վրա այն, ինչ տեղի է ունենում ՄԱԿ-ում, անդուր է, բայց մյուս կողմից մենք՝ ինքներս, ես՝ անձամբ տարբեր ատյաններում պահանջել եմ, որ տարբեր դիտորդական առաքելություններ ուղարկեն Արցախ եւ շրջակա տարածքներ: Որովհետեւ մեզ մերկապարանոց մեղադրում են այդ տարածքներում տեռորիստական խմբերի աճեցման մեջ, ասում են, որ իբր այնտեղ ռադիոակտիվ թափոններ ենք թաղում, որ հուշարձաններ ենք քանդում, որ իբր թմրանյութ ենք աճեցնում եւ այլն: Այս ամենի դեմ ճիշտ չէ ուղղակի կանգնել եւ ասել, թե սուտ են: Մենք խնդրում ենք, որ գան եւ տեղում տեսնեն»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ