Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ

Նոյեմբեր 25,2004 00:00

ԵՐԿԱՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ ԱՄՆ-ից, ուր հրավիրված էր մասնակցելու ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի կենտրոնի բացման արարողությանը: Ու թեեւ խոստովանեց, թե շատ հոգնած է, այդուհանդերձ, պատասխանեց լրագրողների հարցերին: – Դուք ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հանդիպե՞լ եք: Այստեղ դրա մասին շատ է խոսվում: – Այո: Ոտքի վրա մի քանի բառ ենք փոխանակել: – Ուրիշ ի՞նչ հանդիպումներ եք ունեցել: – Նույն ձեւի հանդիպումներ եղել են Քլինթոնի, Քարտերի, ավագ Բուշի հետ: Կային նաեւ ուրիշներ: – Մասնակցելո՞ւ եք ՀՀՇ համագումարին: – Ես միշտ էլ մասնակցել եմ: – Իսկ ելույթ ունենալո՞ւ եք: – Ոչ: – Դուք մտադի՞ր եք հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրել ձեր թեկնածությունը: – Հեռակա իրողությունների մասին այսօր կարծիք հայտնել չեմ կարող: – Դուք գիրք էիք գրել խաչակրաց արշավանքի մասին: Ավարտե՞լ եք: – Մեկն ավարտել եմ, հաջորդն եմ գրում: – Իսկ ԱՊՀ երկրների ձեր գործընկերներից ովքե՞ր կային այնտեղ: – Ոչ ոք չկար: – Ի՞նչ կցանկանայիք Ուկրաինայի ժողովրդին: Ժողովրդավարությո՞ւն երեւի: – Գերագույն արժեքը ազատությունն է, ժողովրդավարությունը միջոց է: – Ո՞ւմ կուզեիք, որ լիներ Ուկրաինայի նախագահը: -Իհարկե, ես կուզեի, որ Յուշչենկոն հաղթեր: Այդտեղ գաղտնիք չկա: Ինձ թվում է՝ բոլորն են դա ուզում: – Տարիներ առաջ ասել էիք, թե կգա ժամանակը, որ ժողովուրդը կզգա ձեր անհրաժեշտությունն ու ինքը ետ կկանչի մեծ քաղաքականություն: – Ես այդպիսի բան չեմ ասել: – Մոտավորապես այդպես էր: – Ոչ էլ մոտավորապես: Ուզո՞ւմ եք ասեմ՝ ինչպես եմ ասել: Ինձ հարց են տվել, թե հաջորդ ժամկետում դնելո՞ւ եք ձեր թեկնածությունը, իսկ հաջորդ՝ նշանակում էր 2001-ին: Ես ասել եմ՝ ոչ, Սահմանադրությունն արգելում է: Կտրուկ պատասխանել եմ՝ ոչ: Մնացածն արդեն մոռացել եք: Ես ժպտացել, կատակել էի՝ եթե ազգովի չխնդրեք: Այդ նրբերանգը բոլորն արդեն մոռացել են: Հիմա դա աղավաղվել՝ դարձել է լեգենդ: – Այսօր ձեր հայտնի հոդվածը՝ «Պատերազմ, թե խաղաղություն», շատ է վերատպվում, եւ դրա վերաբերյալ շատ լուրջ վերլուծություններ են արվում: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդ հոդվածն այսօր այդքան արդիական դարձել: – Ուրախ եմ, որ սկսել են լուրջ վերաբերվել այդ հոդվածին: – Կարծում եք այսօ՞ր զգացին դա: – Իմ կարծիքով՝ այն, ինչ ասված է այդ հոդվածում, ոչ միայն չի կորցրել իր այժմեականությունը, այլեւ՝ այսօր ավելի ցցուն է դառնում, որովհետեւ Ղարաբաղի հարցում ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ, խոր ցավով եմ ասում, ես տեսնում եմ տխուր հետեւանքներ: Այսինքն՝ այդ հարցի լուծումը ավելի խորանում եւ ավելի բարդանում է մեզ համար: – Պատերազմի վերսկսման հնարավորություն տեսնո՞ւմ եք: – Չեմ բացառում: – Իսկ հնարավո՞ր է այդ խնդրի կարգավորման խնդրում վերադառնալ այն կետին, որտեղից դուք կիսատ թողեցիք: Թե՞ հետդարձ չկա: – Կարծում եմ՝ չկա: Չկա այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997 թ.-ին: Մենք դա այլեւս չենք ստանալու: – Նույնիսկ ձեր՝ քաղաքականություն վերադառնալու պարագայո՞ւմ: – Աստված էլ գա՝ դա հնարավոր չէ: – Իսկ, ըստ ձեզ, հիմա ի՞նչ է հնարավոր անել լավագույն դեպքում: – Դա արդեն իմ պարտականությունը չէ: Դա ներկա իշխանության պարտականությունն է: Ես տեսություն չեմ ընդունում: Քաղաքականությունը կոնկրետ գործ է, գործնական խնդիր, որը պետք է լուծել: – Ձեր կարծիքով՝ ժամանակը չէ՞, որ ՀՀՇ-ն վերադառնա քաղաքականություն: – Գիտեք, արհեստականորեն ոչ վերադառնում, ոչ էլ հեռանում են: – Այո, բայց ՀՀՇ-ն այսօր պասիվ է: – Այդ պասիվությունն ունի իր լուրջ պատճառները: Ըստ իս, դա այն է, որ այդ մարդիկ զգում են, որ դեռեւս իրենց խոսելու, ակտիվ լինելու ժամանակը չէ: – Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այսքան տարի անց էլ ներկայիս իշխանություններն ուրիշ թշնամիներ չունեն, բացի՝ ՀՀՇ-ից: -Ես չգիտեմ: Ես նրանց թշնամի չեմ համարում, եթե նրանք համարում են՝ հարցրեք իրենց: – Իսկ դուք նոր քաղաքական ուժ չե՞ք ուզում ձեւավորել: – Հանուն ինչի՞: – Հանուն իշխանության գալու: – Ինձ համար իշխանության գալը նպատակ չէ: Եթե գործ լինի եւ ես համարեմ, որ անհրաժեշտ է իմ մասնակցությունը, ես տեղումս չեմ նստի: – Ձեր կարծիքով՝ այսօր դուք անելիք չունե՞ք: – Անելիքների մասին պատկերացումները տարբեր են լինում: – Պարոն նախագահ, շատերը Սամվել Բաբայանի ազատ արձակումը պայմանավորում են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասություններով, նաեւ ասում են, որ նա լինելու է ձեր համախոհը նոր ընդդիմություն կազմավորելու խնդրում: – Առաջին անգամ եմ լսում: – Չե՞ք հանդիպել Ս. Բաբայանին: – Ոչ: – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀՇ այսօրվա գործունեությունը: – Հրաշալի: Հրաշալի այն առումով, որ տղաները 6 տարի քաջաբար դիմացան ձեր բոլոր սրերին, թրերին ու փշերին եւ պահպանեցին կառույցները ու հարկ եղած դեպքում իրենք իրենց խոսքը կասեն: – Հայաստանը կորցրե՞լ է մի այնպիսի բան, որը վերադարձնել հնարավոր չէ: – Այո, շատ բան է կորցրել: Առաջին հերթին մարդ է կորցրել: Նկատի ունեմ արտագաղթը: Դա կարող է անդառնալի պրոցես լինել: Երկրորդը՝ մենք կորցրել ենք ժամանակ տնտեսական զարգացման համար՝ ետ մնալով մեր հարեւաններից: Սրանք անդառնալի բաներ են: – Իսկ «Հոկտեմբերի 27»-ը որքանո՞վ խանգարեց Հայաստանի առաջընթացին: – Դա ես չէ, որ պետք է բացատրեմ: Դա այնքան ակնհայտ է, որ բոլորս պետք է հասկանանք: – Հիմա չե՞ք վերադառնալու քաղաքականություն: Խոստացել էիք, մարդիկ պահանջում են: – Դրանք աբստրակտ խոսակցություններ են: – Բայց մարդիկ նամակներ են գրում: – 10 նամակը ոչինչ չի փոխում, 100 նամակը դեռ ոչինչ չի նշանակում: Երբ որ 2 միլիոն նամակ կլինի, այդ ժամանակ ես կասեմ, կպատասխանեմ: – Այսինքն՝ պետք է շա՞տ հավաքվեն: – Շատն ու քիչը հարաբերական է: – Եթե հանրահավաք անե՞նք: – Ինչքա՞ն մարդ լինի: – Ասենք՝ 50 հազար: – Վատ չի: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել