Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 25,2004 00:00

Երեկ
Գրականության եւ արվեստի թանգարանում «ՌԵԱԼԼ օգնություն» բարեգործական հ/կ-ն կազմակերպել
էր հուշ-ցերեկույթ եւ ցուցահանդես՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 135-ամյակին: Ցուցահանդեսին
ներկայացված էին բարերար Ալեքսանդր Մանթաշովի՝ Կոմիտասին նվիրած ռոյալը, լուսանկարներ,
ձեռագիր նոտաներ եւ այլն: Թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը նշեց, որ ցուցադրված
նմուշները այստեղ պահվող Կոմիտասի արխիվի 0,002 տոկոսն են կազմում: Հ. Բախչինյանն
ասաց, որ թանգարանում աչքի լույսի պես պահպանվում են Կոմիտասի բազմահազար լուսանկարները,
ձեռագրերը, աֆիշներն ու ծրագրերը, ինչպես նաեւ երաժշտական գործիքները: Թանգարանի
երաժշտական ֆոնդի բաժնի վարիչ Մարինե Մուշեղյանը փաստեց, որ Էջմիածնում երգահանը
երաժշտական գործիքների հսկայական հավաքածու է ունեցել, սակայն ոչ բոլորն են թանգարանին
հասել: Ցերեկույթին հնչեցին Կոմիտասի գործերը, այդ թվում՝ Հ. Բախչինյանը կոնսերվատորիայի
դասախոս, դաշնակահար Կարեն Անանյանին առաջարկեց նվագել երգահանի ռոյալով: Վերջինս
էլ կատարեց իր մշակած Կոմիտասի «Պար» եւ «Էլեգիա» ստեղծագործությունները: Մարինե
Մուշեղյանն էլ համառոտ ներկայացրեց Կոմիտասի արխիվը: Նա նշեց, որ երգահանի նյութերի
մեծ մասը Փարիզից է տեղափոխվել եւ մինչ օրս Կոմիտասի հանճարը գնահատող հայաստանցի
եւ սփյուռքահայ մարդիկ շարունակում են թանգարանին նվիրել բազմաթիվ լուսանկարներ,
ձեռագիր նոտաների պատառիկներ եւ այլն: Տարիների ընթացքում, ցուրտ ու մութ ժամանակաշրջանում
երգահանի հատկապես մատիտագիր նյութերը մաշվել են: Սակայն հետագայում բարերարների
շնորհիվ նորոգվել են Մատենադարանում: Մ. Մուշեղյանն ասաց. «Մենք առաջ թույլատրում
էինք, որ երաժշտասերները ուսումնասիրեն, թերթեն Կոմիտասի անձնական նյութերը: Սակայն
այժմ միայն պատճեններն ենք տրամադրում»: Նա ավելացրեց, որ կոմիտասասեր այցելուները
չեն դժգոհում նույնիսկ ամենաանորակ պատճենների տրամադրման դեպքում: Նշենք,
որ «ՌԵԱԼԼ օգնություն» հ/կ-ն այս միջոցառման շրջանակներում հրատարակել է Կոմիտասի
բանաստեղծությունները: Հ. Բախչինյանը շեշտեց, որ Կոմիտասին նվիրված յուրաքանչյուր
միջոցառում մեծ արձագանք է ունեցել թանգարանում: Ըստ նրա, թանգարանը պատրաստվում
է տպագրել Կոմիտասի ամբողջ երաժշտագիտական ժառանգությունը՝ մեկ գրքով: Վերջերս նրանք
տպագրել են Կոմիտասի նամականին, որի նյութերի 80%-ը անտիպ էին: Ի դեպ, այս գիրքը
շուտով կվերահրատարակվի: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել