Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՎՄԱՍՅԱՆԻ Ի՞ՆՉՆ Է ԻՇԽԱՆԱՄԵՏ

Նոյեմբեր 25,2004 00:00

Կոմունիստական
երկու թեւերը վիճում են կայացած (կամ չկայացած) համագումարի մասին Երեկ ՀԿԿ
երկրորդ քարտուղար Ֆրունզե Խառատյանից փորձեցինք պարզաբանումներ ստանալ կուսակցության
համագումարի ընթացքում տեղի ունեցած եւ դրան հետեւած իրադարձությունների վերաբերյալ:
«Առավոտի»՝ «Արդյո՞ք այդ զարգացումներն ապացույցը չէին նրա, որ Խ. Սարգսյանը, Ն.
Պետրոսյանը եւ Ս. Սահակյանը անտեղի չէին մեղադրում կուսակցության ղեկավարությանը»
հարցին ընկեր Խառատյանը հակադարձեց. «Եթե գտնում եք, որ ճիշտ են, ուրեմն նրանց ասածին
հետեւեք ու այդպես էլ գրեք: Ինչո՞ւ եք այդպիսի հարց տալիս: Դա բացարձակ հերյուրանք
է, իրականության հետ որեւէ ընդհանրություն չունի»: Առաջարկեցինք ներկայացնել իրականությունը:
Այն, ըստ Ֆ. Խառատյանի, հետեւյալն է. «Նրանք (նկատի ունի վերոնշյալ երեք ընկերներին-
Ն.Գ.) ներս չեն թողնվել, որովհետեւ որեւէ մեկը ժամանակավոր վկայական չունի: Պլենումը
դադարեցրել էր համագումարի պատգամավոր լինելու նրանց լիազորությունը»: Հիշեցնենք,
որ այլախոհ կոմունիստները անօրինական են որակում նաեւ պլենումը: «Առավոտի» դիտարկմանը,
որ նույնիսկ ժամանակավոր վկայական ունեցողներին չհաջողվեց ներս մտնել, մեր զրուցակիցն
արձագանքեց. «Որովհետեւ նրանց հետ իրենք էլ էին ուզում խցկվել ներս: Նույնիսկ մեր
լիբանանցի հյուրը չկարողացավ ներս գալ, Լյուդվիգ Ղարիբջանյանը, Դոնարա Հարությունյանը,
թվով 126 մարդ մնացին դրսում»: Ինչ վերաբերում է լրագրողներին. «Լրագրողները ներսում
լիքն էին (թե ինչ կերպ էր նրանց հաջողվել ներս մտնել՝ Ֆ. Խառատյանը չանդրադարձավ-
Ն. Գ.): Ընդ որում, Թովմասյանը, որ գիտակցությունը կորցրեց, այդ լրագրողը փոխանակ
մի բանով օգներ, կանգնել նկարում էր: Պատգամավորներն են դժվարությամբ ներս մտել,
դուք լրագրողի դժվարությամբ ներս մտնելուց եք դժգոհում»: Ընկեր Խառատյանը
հաստատեց, որ ներսի մարդիկ՝ լրագրողների հետ միասին, 124-ն են եղել: Իսկ թե ինչպե՞ս
է քվորում ապահովվել՝ «Դրսում եղած մարդիկ ստորագրություններ են հավաքել, որ մենք
ներս չենք կարողանում մտնել եւ համաձայն ենք ընդունված որոշումների հետ: Համագումարը
կայացել է եւ արժանի հակահարված հասցրել այս բոլոր խաժամուժներին, որոնց նպատակը
խանգարելը եւ համագումարի տապալումն էր: Թովմասյանի ի՞նչն է իշխանամետ: Կամ իրենց
պահվածքը ընդդիմադի՞ր էր: Դա խռովարարի, բունտարարի կեցվածք է: Իսկ ընդդիմության
հետ մեր ընդհանրությունը միայն իշխանափոխության հարցում է: Մեր հեռանկարներն ու նպատակները
որեւէ ընդհանրություն չունեն ՀԺԿ-ի կամ «Հանրապետություն» կուսակցության ծրագրերի
հետ: Իսկ այս՝ իրենց կոմունիստ հորջորջողների նպատակը կուսակցությունը Գեղամյանի
կուսակցությանը կամ «Արդարություն» դաշինքին ծառայեցնելն է: Նախագահական ընտրությունների
ժամանակ նրանց որոշմամբ ՀԿԿ-ն Գեղամյանի թեկնածությունը պաշտպանեց: Արդյունքում մեր
ընտրազանգվածը խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գեղամյանի կողմն անցավ: Դա
է նրանց տվածը»: Երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել նաեւ այլախոհ կոմունիստները,
որոնք տեղեկացրին, որ առաջիկայում իրենք կոմկուսի համագումար կհրավիրեն. դա 30 շրջկոմների
քարտուղարների նախաձեռնությունն է: Գեղամյանին պաշտպանելու մասով Նորիկ Պետրոսյանն
իր մոտեցումն ունի. «Կոմայգու սրճարանում Խառատյանը Գեղամյանին շնորհավորեց, որ կոմկուսն
իր թեկնածությունն էր պաշտպանում, ու շուրթերից համբուրեց այնպես, ինչպես 15 տարեկան
տղան՝ 12 տարեկան աղջկան»: Հայտարարվեց նաեւ, որ պարզվել է «թովմասյանական սափրագլուխների»
ինքնությունը՝ «Մյասնիկյանի շրջկոմի առաջին քարտուղար Հենրիկ Սահակյանի եղբոր տղաներն
ու նրանց ընկերներն են»: Ըստ այլախոհ կոմունիստների, գոյություն չունեցող կոմերիտմիության
քարտուղար Երջանիկ Ղազարյանը, որը համագումարում ընտրվեց բյուրոյի անդամ, դռների
մոտ կանգնած՝ չէր թողնում մարդիկ ներս մտնեին»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել