Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քվեարկությունը հետաձգվեց

Նոյեմբեր 25,2004 00:00

Քվեարկությունը
հետաձգվեց ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանում որոշում է
կայացվել հետաձգել «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի մասին» բանաձեւի
նախագծի քվեարկությունը: Ըստ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի,
Ադրբեջանը քվեարկության չի դրել բանաձեւի իր նախագիծը՝ զգալով, որ այն չի ստանա ձայների
անհրաժեշտ քանակությունը: Դիվանագետի խոսքերով, եթե հարցը Գլխավոր Վեհաժողովի օրակարգում
ընդգրկելու օգտին քվեարկել էին 43 երկրներ, որոնք հիմնականում ներկայացնում էին Իսլամական
կոնֆերանս կազմակերպությունը (ԻԿԿ), ապա այս անգամ Ադրբեջանին ավելի քիչ երկրներ
էին աջակցելու: Արմեն Մարտիրոսյանը նաեւ տարակուսանք է հայտնել Ադրբեջանի նախաձեռնության
առնչությամբ: Նա հավաստիացրել է, որ հակամարտության կարգավորման հարցով զբաղվում
է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ հաշտության գործընթացի առանձին տարրերի քննարկումը ՄԱԿ-ի
Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հակաարդյունավետ է: Ա. Մարտիրոսյանը հայտարարել
է, որ Ադրբեջանը, որի բանաձեւի նախագծում խոսք է գնում մարդու իրավունքների եւ միջազգային
իրավունքի նորմերի մասին, մի երկիր է, որն ինքը կոպտորեն ոտնահարում է բոլոր այդ
արժեքները: Նա վերստին պնդել է, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում,
եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրել է սեփական տարածքում ազատ եւ անվտանգ ապրելու
իր իրավունքը: Հայաստանի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ բանաձեւի նախագծում
ընտրովի ներառվել են ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից քաղվածքներ, եւ փաստաթղթում ոչինչ
չի ասվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Ըստ «Մեդիամաքսի»,
ամերիկյան դեսպանորդ Սյուզան Մուրը, ելույթ ունենալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների անունից, նշել է, որ «խաղաղ բանակցություններում առաջընթացի կարելի
է հասնել միայն հակամարտության կողմերի միջեւ վստահության առկայության դեպքում»,
եւ կոչ է արել զերծ մնալ պառակտումից ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում: Մուրը նաեւ կոչ
է արել լրջորեն քննարկել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն ուսումնասիրելու նպատակով
բազմազգ առաքելություն ուղարկելու հարցը: ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Ալտայ
Չենգիզերնն իր հերթին նշել է, որ նման առաքելության ուղարկումը «Ադրբեջանի գրավյալ
տարածքներում տիրող իրավիճակը բոլոր տեսանկյուններից ուսումնասիրելու համար կառուցողական
ներդրում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ»: Իր ելույթում Նյու Յորքում
գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել ընդունել բանաձեւ,
որում կխոսվեր իր երկրի տարածքային ամբողջականությանը «շարունակական վճռական աջակցության»
եւ ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքի մասին:
Նա ասել է, թե «առավել մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Լաչինի շրջանում, որտեղ մինչեւ
պատերազմն ադրբեջանցիներ էին բնակվում»: Այսօր, ասել է ադրբեջանցի նախարարը, «բնակեցման
ծրագրի իրագործումից հետո, Լաչինի շրջանում 13.000 հայեր են բնակվում»: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել