Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Նոյեմբեր 25,2004 00:00

Ըստ
Գայանե Մարկոսյանի, վերջին ընտրությունները ուկրաինացիներին կանգնեցրել են միանգամից
մի քանի այլընտրանքի առաջ: Ուկրաինական ընտրություններին ԵԽ կողմից («Ընտրությունների
մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանցի» շրջանակներում) դիտորդական առաքելությամբ
մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց
առաքելությունն իրականացրել են Դնեպրոպետրովսկի մարզում: Ըստ «Քաղաքացիական նախաձեռնությունների
ազատ ամբիոն» հ/կ ղեկավար Գայանե Մարկոսյանի, որն այդ պատվիրակության անդամ էր, Ուկրաինայի
արեւելյան մասում գտնվող Դնեպրոպետրովսկի ընտրազանգվածը հակված էր դեպի Վիկտոր Յանուկովիչը,
ինչը պայմանավորված էր այդ տարածքի ռուսամետ կողմնորոշմամբ. «Ռուսամետությունն ակնհայտ
էր: Անգամ կենցաղային լեզուն գլխավորապես ռուսերենն է, եւ անցնում էին ուկրաիներենի
միայն պաշտոնական իրավիճակներում»: Ու թեեւ Դնեպրոպետրովսկում, ինչպես ողջ Արեւելյան
Ուկրաինայում, ընտրություններում հաղթեց Վ. Յանուկովիչը, սակայն, ինչպես ասաց տիկին
Մարկոսյանը՝ «ընտրությունների արդյունքների ընդհանուր հարաբերակցությունը նման չէր
Դոնբասյան ավազանի արդյունքներին, որտեղ Յանուկովիչի ձայները 97% էին: Դնեպրոպետրովսկի
մարզում հիմնականում գրանցվեց 1:2 հարաբերակցությունը՝ հօգուտ Յանուկովիչի»: Մեր
զրուցակիցը չբացառեց, որ օտարերկրյա դիտորդների առկայությունն էլ է դեր խաղացել զանգվածային
խախտումները բացառելու համար: Գ. Մարկոսյանը նշեց, որ ողջ Ուկրաինայում ակնհայտ
էր վարչական ռեսուրսի շռայլ օգտագործումը: Ու թեեւ Դնեպրոպետրովսկում «չկային բացահայտ,
կոպիտ, բռի խախտումներ», սակայն ասել, որ ամեն ինչ մաքուր եւ թափանցիկ էր՝ չի կարելի.
«Անգամ ԸՕ որոշ դրույթներ խախտումների համար պարարտ հող էին ստեղծում: Օրինակ՝ շարժական
քվեատուփերի առկայությունը, որը հնարավորություն էր տալիս աչքից հեռու անել ցանկացածը:
Մանավանդ, որ դրանցից օգտվողները տարեցներն ու հաշմանդամներն էին: Ի դեպ, Յուշչենկոյի
կողմնակիցները վիճակագրություն էին ներկայացրել, ըստ որի՝ ազատազրկման վայրերում
եւ հոգեբուժարաններում Յանուկովիչը ստացել էր ձայների 97-98%-ը»: Մեր հարցին, թե
հայաստանցի դիտորդները հնարավորություն ունեցա՞ն լինել նաեւ Արեւմտյան Ուկրաինայում,
համեմատել իրավիճակը եւ ականատես լինել հետընտրական թոհուբոհին, տիկին Մարկոսյանը
պատասխանեց. «Ցավոք, մենք այդ հնարավորությունը չունեցանք, եւ Կիեւում կատարվածին
անձամբ ականատես չեմ եղել, բայց պիտի անպայման նշեմ, որ ի տարբերություն Հայաստանի`
ժողովրդավարության վիճակն այդ երկրում ավելի բարվոք էր այն առումով, որ կար անկախ
հեռուստաալիք՝ «5-րդ ալիքը», որն ուղիղ եթերում ցուցադրում է Կիեւում կատարվողը,
մասնավորապես՝ ընդդիմության ցույցերը, եւ ողջ Ուկրաինայում կարելի է դա տեսնել: Մինչ
ընտրությունները եղել էին «5-րդ ալիքը» փակելու փորձեր, սակայն չէր ստացվել»: Մեր
զրուցակիցը նկատեց նաեւ, որ ի տարբերություն իշխանական թեկնածուի՝ Յանուկովիչի, ում
քարոզչությունը կազմակերպված էր պրոֆեսիոնալ ձեւով, Յուշչենկոյի PR-ը չարդարացրեց
իրեն. «Իշխանության թեկնածուն, կիրառելով ողջ վարչական ռեսուրսը, օգտագործում էր
արդեն փորձված քարոզչական տեխնոլոգիաները, որոնք շատ ազդեցիկ էին հատկապես 50-ից
բարձր մարդկանց համար, քանի որ կարոտախտային լարերին էին խփում: Ազդում էր նաեւ երիտասարդների
վրա, քանզի անընդհատ շահարկվում էր Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հարցը: Բացի
այդ, երկու կողմերն էլ օգտագործում էին հակաքարոզչությունը: Յանուկովիչի թիմը հայտարարում
էր, թե Յուշչենկոյին ձայն տալով՝ Ուկրաինան կվաճառվի օտարերկրացիներին, եւ անգամ
օրինակ էին բերում Յուշչենկոյի կնոջ՝ օտարերկրյա քաղաքացի լինելու փաստը: Իսկ Յուշչենկոյի
կողմնակիցների կոչն էր՝ «Ազատենք երկիրը բանդիտներից», որովհետեւ Յանուկովիչի քրեական
անցյալը բոլորին հայտնի էր՝ նա երկու դատվածություն ունի: Բայց չէին հայտարարում,
որ իրենց ձայն տալը չի նշանակում Ուկրաինայի վաճառքը որեւէ երկրի: Սակայն դա կարող
էր ազդել, որովհետեւ ժողովրդի մեջ ՌԴ-ի ստրկությունից ազատվելու միտումը շատ ակնհայտ
էր»: Ըստ Գայանե Մարկոսյանի, բացի այդ՝ զուտ անձերի միջեւ դրված այլընտրանքից,
ուկրաինացիները կանգնած էին եւս մի ընտրության առջեւ. «Դեռ Պետրոս1-ինի ժամանակներից
Ուկրաինան երկփեղկված է արեւմտամետների եւ սլավոնամետների միջեւ: Հետաքրքիրն այն
է, որ այսօր Ուկրաինայում արեւմտամետությունն ու ազգային գաղափարախոսութունը նույնացվում
են եւ հակադրվում «միասնական սլավոնական գաղափարի» եւ խորհրդային մենթալիտետի խառնուրդին»:
Եվ եթե Ուկրաինայի արեւելյան մասը համարում է, որ ռուսների հետ միասնական սլավոնական
ժողովուրդ է ու դատապարտված է միշտ լինել ռուսների հետ, ապա արեւմտյան մասը վստահ
է, որ ժամանակն է դուրս գալ ռուսական ստրկությունից եւ դառնալ իսկական եվրոպական
ինքնիշխան երկիր: «Ինչու եմ ասում, որ Յուշչենկոյի քարոզչությունը զիջում էր. նրանք
բացարձակ չէին նկարագրում այն ռեալ հնարավորությունները, այն վերելքը, որ իրական
ժողովրդավարությունը կարող է բերել այդ երկրին: Բայց եթե արվեր լավ քարոզչություն,
հնարավոր է պատկերն այլ լիներ, որովհետեւ ժողովուրդն ընտրություններին պատրաստ էր:
Եթե հայերս ընտրություններին թերահավատորեն ենք նայում, եւ դա լուրջ վտանգ է մեր
ժողովրդավարության համար, ապա իրենք շատ ավելի լուրջ էին վերաբերվում ընտրություններին,
ավելի քաղաքացիական դիրքորոշում ունեին»,- նկատեց Գ. Մարկոսյանը: Մեր հաջորդ
հարցին, թե ի՞նչ կկատարվի Ուկրաինայում՝ վրացակա՞ն տարբերակը կգործի, թե՞ հայկական,
նա պատասխանեց. «Կարծում եմ, որ Ուկրաինայում կատարվող իրադարձություններն ավելի
լուրջ եւ բարձր մակարդակի վրա են, քան վրացականը: Ժողովուրդը ընդհանուր առմամբ հակված
է ընտրել առաջընթացի ճանապարհը, իսկ այս պահին առաջընթացի գաղափարը միանշանակորեն
մարմնավորում է Յուշչենկոն: Ոչ թե Յուշչենկոյի անձը, այլ այն գաղափարները, որոնց
նա դավանում է»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել