Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝

Նոյեմբեր 24,2004 00:00

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ Երեկ ՀՀ դատավորների միության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին ժամանակներս նկատվող «դատական իշխանության անկախությունը վտանգող երեւույթների հետ»: Անդրադառնալով նոյեմբերի 1-ի ՀՀ գլխավոր դատախազության օպերատիվ խորհրդակցությանը, որտեղ քննարկվել է «2003թ. եւ 2004թ. անցած ժամանակահատվածում անշարժ գույքի իրացման եւ օտարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած վճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը», ԴՄԽ-ն նկատում է. «Փաստաթղթի հեղինակներն իրենց իրավունք են վերապահել ստուգելու դատարանների վճիռների օրինականությունն ու հիմնավորվածությունը, առանձին գործերով կայացված դատական ակտերը որակել են որպես անօրինական կամ ապօրինի: Ընդ որում, նշված եզրահանգումները կատարելիս «փաստաթղթի» հեղինակները չեն նշել, թե Սահմանադրության կամ օրենքի ո՛ր նորմով է սահմանված նման ուսումնասիրություններ կատարելու եւ նման հրապարակային եզրահանգումներ անելու իրենց իրավունքը»: Դատավորների միության խորհուրդը հիշեցնում է, որ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս օրենքի խախտման փաստի առկայությունը կարող է արձանագրել միայն այդ դատավորի կայացրած դատական ակտը վերանայող վերադաս դատական ատյանը, իսկ դատական ակտի բեկանումը՝ վերադաս դատական ատյանը»: Իսկ դատարանի վճիռների «ապօրինության» կամ «անօրինականության» վերաբերյալ որեւէ պետական մարմնի, այդ թվում՝ դատախազության կողմից արված հայտարարությունը խորհուրդը դիտում է նրա բնականոն գործունեությանն ուղղված սպառնալիք եւ հեղինակազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել