ԸՆԹԱՆՈՒՄ Է ՍՈՒՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ Մայրաքաղաքի Շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային մրցաշարը: Երեկ կայացավ հինգերորդ տուրը: Իսկ նախորդ օրը՝ 4-րդ տուրում, մինչ այդ առաջատարի դերն ստանձնած Հրանտ Մելքումյանը սեւերով պարտություն կրելով երկրորդ տեղում ընթացող ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյից՝ առաջին հորիզոնականը զիջեց հենց նրան ու անմիջապես նահանջեց 10-րդ հորիզոնական: Իսկ Ալեքսանդրը 4 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Նրան կես միավորով զիջում էին միանգամից ութ շախմատիստներ՝ վրաստանցիներ Իզորիան եւ Շանավան, ուկրաինացի Իվանչուկը, հայաստանցիներ Արման Փաշիկյանն ու Աշոտ Անաստասյանը, ռուսաստանցիներ Գելլերը եւ Եվդոկիմովը, լիտվացի Ասոսկասը: Առաջատարների մեջ, որոնք երեկվա մրցապայքարից առաջ երեք միավորով բաժանում էին 10-29-րդ տեղերը, բացի Մելքումյանից, պայքարը շարունակում էին Գեւորգ Հարությունյանը, Կարեն Ասրյանը, Բենիամին Գալստյանը, Տիգրան Նալբանդյանը, մեր ամենատիտղոսավոր շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վարդան Դանիելյանը: Մյուսները գրեթե հավասարաչափ դասավորվել են մրցաշարային աղյուսակի միջին եւ ստորին հորիզոնականներում: Հարկ է նշել, որ երրորդ տասնյակ մտած մեր շախմատիստները հիմնականում իրենց մրցաշարային վիճակը բարելավել են հենց չորրորդ տուրում: Երեկ կայացած հինգերորդ տուրում, ինչպես պահանջում է մրցակարգը, միմյանց հետ հանդիպում էին մոտավոր նույն արդյունքները ցույց տված շախմատիստները: Վերը նշվածներից Փաշիկյանը սեւերով խաղում էր Իզորիայի, Էլինա Դանիելյանը՝ Սմիռնովի, Ասրյանը՝ Լոմինեիշվիլու, Մելքումյանը՝ Ֆրոլյանովի հետ: Անաստասյան-Շանավա, Գալստյան-Մակարով, Նալբանդյան-Մագալաշվիլի, Նալբանդյան-Մչեդլիշվիլի պարտիաներում հայաստանցիները խաղում էին սպիտակ խաղաքարերով: Ըստ առաջնությունում ցույց տված ցուցանիշների, երեկ խաղատախտակների առջեւ միմյանց հետ հարաբերություններ պետք է որոշեին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Վ. Դանիելյանի մրցակիցը Սարգսյանն էր, Մինասյանինը՝ Պետրոսյանը, Խաչատրյանինը՝ Եղիազարյանը: Ռ. Հովհաննիսյանը սեւերով խաղում էր Վրաստանը ներկայացնող Դավիթ Արութինյանի հետ: Վերջին ժամ Երեկ, ուշ երեկոյան, մրցաշարի լրատվական կենտրոնի ղեկավար Նունե Վարդանյանը մեզ հաղորդեց հինգերորդ տուրում առաջատարների պայքարի արդյունքները: Իվանչուկ-Արեշչենկո՝ 1:0, Իզորիա-Փաշիկյան՝ 1:0, Անաստասյան-Շանավա՝ 1/2, Սմիռնով-Էլինա Դանիելյան՝ 1:0, Լոմինեիշվիլի-Ասրյան՝ 0:1, Գալստյան-Մակարով՝ 1/2, Հարությունյան-Մչեդլիշվիլի՝ 1/2, Նալբանդյան-Մագալաշվիլի՝ 1/2, Ֆրոլյանով-Մելքումյան՝ 1:0, Արութինյան (Վրաստան)-Հովհաննիսյան՝ 1:0, Վ. Դանիելյան-Սարգսյան՝ 0:1, Մինասյան-Տ. Պետրոսյան՝ 1:0, Խաչատրյան-Եղիազարյան՝ 1/2: Այսպիսով, հինգ տուրից հետո հաստատվեց առաջատարների եռյակ: 1-3-րդ տեղերը 4,5-ական միավորով բաժանում են Իվանչուկը, Իզորիան եւ Եվդոկիմովը: Աշոտ Անաստասյանը եւ Կարեն Ասրյանը 4,0-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղերը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ