Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես

Նոյեմբեր 24,2004 00:00

Ինչպես վերանորոգել Երեւանի ռոյալները Շահան Արծրունին առաջարկում է իր լուծումները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ պետկոնսերվատորիայի հրավերով Հայաստանում է սփյուռքահայ ճանաչված դաշնակահար Շահան Արծրունին: Ծնունդով Թուրքիայից, 1964-ից ամերիկաբնակ դաշնակահարը, իր խոսքերով՝ պատրաստել էր նախադեպը չունեցող համերգ՝ 3 բաժնից: Առաջինում դաշնակահարը հանդես էր գալու մենանվագով, երկրորդում՝ կամերային ծրագրով՝ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի ու ջութակահար Արտաշես Մկրտչյանի հետ, իսկ երրորդ բաժնում նրան ընկերակցելու էր ֆիլհարմոնիկ նվագախումբը: Սակայն Երեւանում համերգը չի կայանալու, քանի որ «Ա. Խաչատրյան» համերգասրահի ռոյալները, Շ. Արծրունու խոսքերով, անսարք են. «Միակ բարվոք ռոյալը Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում տեղադրված Bechstein-ն է: Երեւանում կա 4 Steinway ռոյալ, որոնցից եւ ոչ մեկը պիտանի չէ համերգներով հանդես գալու համար»: Այս առիթով երաժիշտը իր մտահոգությունն է հայտնել պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանին: Հարցը երկար քննարկելուց հետո դիմել են Steinway ֆիրմային: Վերջինս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շ. Արծրունին իրենց ֆիրման ներկայացնող արվեստագետ է (իսկ դա նշանակում է, որ ամբողջ աշխարհում դաշնակահարը նվագում է միայն այդ ֆիրմայի գործիքով՝ գովազդելով այն), եւ Հայաստանի համար զեղչեր կատարելով՝ 4 ռոյալների նորոգման համար պահանջել են 75-100 հազար ԱՄՆ դոլար: «Առավոտի» հետաքրքրությանը, թե որտեղի՞ց պետք է գտնվի այդ գումարը, Շ. Արծրունին պատասխանեց. «Արդեն մտքումս կազմել եմ հանձնախումբ, որի անդամներն ունեն կապեր մեծահարուստների հետ եւ Ամերիկա հասնելուց անմիջապես հետո, Նյու Ջերսի նահանգում Վահե եւ Շաքե Նահապետյանների առանձնատանը կկազմակերպենք ընդունելություն: Նախատեսել եմ ընթրիքից հետո հանդես գալ համերգով, որի շահույթը կտրամադրեմ ռոյալների վերանորոգմանը»: Դաշնակահարը համոզված է, որ 50-60 հրավիրվածների դեպքում կհավաքվի մոտ 20 հազար դոլար. «Եթե մտահղացումս իրականանա, փաստորեն 4 նման միջոցառում անցկացնելուց հետո կարող ենք վերանորոգել Երեւանի ռոյալները»: Նախատեսվում է վերանորոգման աշխատանքները սկսել 2005-ի գարնանը: Դաշնակահարը, բացի անձնական բարեգործությունից (1992-ից նա 30-ից ավելի հայաստանաբնակ տարեց եւ հաշմանդամ երաժիշտների տարին մեկ անգամ ֆինանսական օժանդակություն է ցույց տալիս, համակարգիչներ է նվիրել կոնսերվատորիային), Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ հոգացել է Ա. Խաչատրյանի, Ե. Չարենցի տուն-թանգարանների մասնակի վերանորոգման հարցերը եւ այլն: Իր գլխավոր նպատակը Շ. Արծրունին համարում է հայկական երաժշտության տարածումը ոչ միայն Սփյուռքում, այլեւ Հայաստանում: «Այս գործի սկիզբը դրեցի 1970թ.: Պետք է ասեմ, որ Հայաստանն էլ պետք է ճանաչի սփյուռքահայ կոմպոզիտորներին: Գերնպատակս հայ երաժշտությունը աշխարհին ծանոթացնելն է»,- նշեց դաշնակահարը: Ըստ նրա, Սփյուռքում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միության, Առաքելական եկեղեցու ու նման կառույցների օժանդակությամբ տարվում են աշխատանքներ: Հայաստանում պետք է իր գործունեությունը ակտիվացնի մշակույթի նախարարությունը. «Գոնե մենք կազմակերպչական գործերով չզբաղվենք»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ. Գ. Ամռանը մշակույթի նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում «պրոֆեսիոնալ ռոյալ չկա»: Մեր հետաքրքրությանը, թե ինչ է ձեռնարկել կամ ձեռնարկում նախարարությունը «պրոֆեսիոնալ ռոյալներ» ձեռք բերելու ուղղությամբ, նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց. «Պետության կողմից ռոյալների գնման կամ վերանորոգման համար ֆինանսական հատկացումներ չեն նախատեսված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել