Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Նոյեմբեր 24,2004 00:00

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱ Իսկ ավելի ճշգրիտ՝ դեպի հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության «Համաձայնություն» կենտրոնը երեկ քննարկում էր հայ-թուրքական հարաբերությունների եւ սահմանի բացման խնդիրը: Թեմայի շուրջ խոսելով քաղաքագետ Հրաչ Գալստյանը՝ կարծիք հայտնեց, թե այդ ուղղությամբ ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը որեւէ ռացիոնալ հատիկ չի պարունակում. «Հայկական կողմը պնդում է, որ Թուրքիան նախ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները վերացնելու ուղղությամբ քայլեր անի՝ առանց որոնց դիվանագիտական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող: Թուրքական կողմն իր հերթին որպես դիվանագիտական հարաբերությունների նախապայման դիտում է ԼՂ հակամարտության լուծումը»: Քաղաքագետի դիտարկմամբ, հիշյալ փաստարկներն ու դրանց իրականացման ճանապարհները համարժեք չեն, որովհետեւ Ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման հարցը պետք է լուծվի Հայաստան-Թուրքիա երկխոսության արդյունքում, ինչն անհնար է Թուրքիայի հետ փոխհարաբերություններ չունենալու պարագայում: Մյուս կողմից՝ եթե Թուրքիան հարաբերություններ ունենա Հայաստանի հետ, թերեւս ավելի շուտ կարող է հասնել իր կողմից մատնանշված հիմնախնդրի լուծմանը: Այս թեմայով զեկուցող Վահագն Խաչատրյանն ավելի շատ անդրադարձավ հայ-թուրքական սահմանի բացման հիմնախնդրին տնտեսական տեսանկյունից: Իսկ դա, զեկուցողի մատուցմամբ, միանշանակորեն խոսում է հօգուտ սահմանի բացման: Ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ արտահայտվողները որպես հիմնական փաստարկ բերում են ՀՀ տնտեսության անպատրաստ լինելը Թուրքիայի հետ մրցակցությանը: Վ. Խաչատրյանի ասելով՝ սահմանի բացման հետ կապված այս մտավախությունները հիմքից զուրկ են, որովհետեւ այդ դեպքում շուկայում մրցակցելու ենք ոչ թե թուրքական ապրանքների, այլ ընդհանրապես այդ ճանապարհով ներկրվող ապրանքների հետ, ինչն, ի վերջո, մրցակցություն է, որը նաեւ խթան կարող է լինել հայրենական արտադրողների համար՝ ավելի օպտիմալ գործունեություն ծավալելու համար: Նրա մատուցմամբ, անգամ հայ-թուրքական սահմանի փակ լինելու պարագայում ՀՀ եւ Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերություններն առկա են, եւ եթե Իրանի հետ սահմանի բաց լինելու պարագայում 2000-ին Իրանի եւ ՀՀ-ի միջեւ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 30 մլն դոլար, ապա Թուրքիայի հետ 50 մլն դոլար: Բայց դա կատարվում է ի շահ երրորդ երկրների, որոնց ճանապարհներով Թուրքիայից ապրանքներ են ներմուծվում: Մյուս կողմից, տնտեսական զարգացման համար ՀՀ ներքին ռեսուրսն էլ բավականին սահմանափակ է: «Մինչեւ 2004-ը ՀՀ համախառն ներքին սպառումը միշտ գերազանցել է համախառն ներքին արդյունքին՝ մինչեւ 117-120 տոկոս: Այսինքն՝ մենք պատրաստ ենք սպառել ավելին, քան կա: 2005-ին մեր համախառն ներքին սպառման ռեսուրսներն ավարտվում են: Այս պայմաններում միջազգային փորձը երկու ճանապարհ է հուշում՝ կամ Հայաստանը պետք է ինտեգրվի միջազգային տնտեսական կառույցներին, կամ այլ ճանապարհներ գտնի՝ որոշելով իր տնտեսության առաջնահերթությունը, ինչպես արեցին Կորեան, Սինգապուրը: Դա բնորոշ է ասիական տիպի պետություններին եւ արդյունավետ է միայն որոշակի ժամանակահատված համար: Իսկ Հայաստանի պարագայում նման ռեսուրսներ չկան՝ ոչ ֆինանսական, ոչ նյութական, ոչ տրանսպորտային: Մեր միակ ռեսուրսն ինտեգրվելն է միջազգային կառույցներին, որին մենք համաձայնել ենք, բայց դա էլ որոշակի պայմանների կատարման հետ է կապված՝ ժողովրդավարության կայացում, մարդու իրավունքների պաշտպանություն եւ ապամոնոպոլիզացիա, կոռուպցիայի վերացում, որոնց առնչությամբ մեծ վերապահումներ ունեմ»,- նկատեց Վ. Խաչատրյանը: Նրա մատուցմամբ, միակ ճանապարհը, որ տակավին չի օգտագործվում Թուրքիայի հետ սահմանի բացումն է եւ տնտեսական համագործակցությունը: Իսկ մենք կարո՞ղ ենք գրավիչ լինել Թուրքիայի համար: Ըստ Վ. Խաչատրյանի՝ այո, որովհետեւ ունենք համապատասխան տնտեսական ենթակառուցվածքներ՝ երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներ: Միայն երկաթուղու գործարկման դեպքում, դեռ 1997-ի վերլուծությունների համաձայն, ՀՀ-ն կարող է ստանալ տարեկան 5 մլն դոլարի մաքուր շահույթ: Իսկ այսօր մենք ունենք 3,2 մլն ազգաբնակչություն, 3,8 մլրդ դոլարի ներքին համախառն արդյունք եւ մեկ շնչին ընկնող առավելագույնը 1200 դոլար, երբ ամենահամեստ հաշվարկներով ոչ ամենաաղքատ երկրների շարքին դասվելու համար անհրաժեշտ է ունենալ մեկ շնչին ընկնող մինչեւ 3000 դոլար համախառն արդյունք: «Ահա այս համատեքստում պետք է քննարկել՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարո՞ղ է մեզ վնասել, թե՞ ոչ: Համոզված եմ՝ ոչ: Շուկան ունի իր կանոնները, եւ, եթե հիշում եք, նման մտավախություն ժամանակին կար նաեւ Իրանի հետ սահմանի բացման ժամանակ: Բայց կարճ ժամանակահատվածում իրանական ապրանքներն իրենց տեղը զիջեցին ռուսական, եվրոպական ապրանքներին՝ եւ որակով, եւ գնով եւ այլն: Համոզված եմ, որ նույնը կլինի նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում»,- վստահեցրեց զեկուցողը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել