Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կա 13 ապօրինի հանքավայր

Նոյեմբեր 24,2004 00:00

Հայաստանում կա 13 ապօրինի հանքավայր Անցած 9 ամիսների ընթացքում բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնք հրապարակման արժանի են: Սոդքի հանքավայրում վերահաշվարկի արդյունքում արձանագրվել են 865,2 կգ ոսկու, 3,3 տոննա արծաթի, 0,86 տոննա սելենի եւ 7,18 տոննա թելուրի թաքնված ծավալներ: Նույն իրավիճակն է նաեւ Մեղրաձորի ոսկու հանքավայրում՝ շուրջ 1434 տոննա ոսկու, 2,78 տոննա արծաթի եւ 3,38տ թելուրի թաքնված ծավալ: Իր ունեցած բնական պաշարը «թեթեւացրել» է նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն, որտեղ արձանագրվել է 64 մլն խմ ջրի ծավալի պակաս ցույց տալու փաստ: Տեսչությունը իրեն հայտնի ընտրության սկզբունքով ստուգել է Հրազդան գետի կիրճում՝ Կիեւյան եւ Հաղթանակ կամուրջների միջեւ ընկած 8 հասարակական սննդի օբյեկտներ եւ բոլորին էլ անխտիր ենթարկել վարչական տույժի: Ապօրինի փայտանյութի վերաբերյալ կազմվել է 16 ակտ՝ 4199700 դրամի փոխհատուցման պահանջով: Հետաքրքիր է, որ Խոսրովի պետական արգելոցում խախտումների համար վարչական տուգանքի է ենթարկվել ընդամենը 1 պաշտոնատար անձ, մեկն էլ՝ «Սեւան» ազգային պարկում: Թեպետ պաշտոնյաների ազգանունները հայտնի չեն, սակայն մի բան հստակ է. երկու պաշտոնյաներն էլ շտապել են վերականգնել բնությանը հասցված վնասը, առաջինը՝ 115200, երկրորդը՝ 694928 դրամ: Անտառների վերահսկողության բաժինը Դիլիջանի ազգային պարկում բացահայտել է 591 ապօրինի հատված ծառ, ինչպես նաեւ «ապօրինի արածող անասունների», հողազավթման եւ խոտհնձի դեպքեր: Ընդերքի «գծով» տեսուչները հայտնաբերել են 13 անօրինական շահագործվող հանքավայր: Շահագործողները ենթարկվել են վարչական տույժի՝ 3 մլն 670 հազար դրամի չափով: Գրեթե նույնքան տուգանքի էլ արժանացել են մթնոլորտն աղտոտող 30 տնտեսվարող սուբյեկտների ղեկավարները: Ըստ մեզ տրամադրված տվյալների, Հրազդան եւ Գետառ գետերի աղտոտվածության աստիճանը բազմաթիվ անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը, չնայած Երեւանի քաղաքապետարանը զօր ու գիշեր խոսում է Հրազդանի ափին տեղակայված օբյեկտների խիստ հսկողության մասին: Բնապահպանության տեսչությունը ձկնագողերի հետ «մենամարտում» առգրավել է 1471 հատ սիգ եւ կարաս տեսակի թարմ ձուկ՝ Երեւանի շուկաներում եւ Կոտայքի մարզ կատարած ստուգայցերի ընթացքում: Ի դեպ, վաղվանից բնապահպանության նախարարի հրամանով Սեւանա լճում սկսվում է ձկնորսության ձմեռային մեծ արգելքը՝ մինչեւ դեկտեմբերի 25-ը: Ինչ վերաբերում է Սեւանի ջրին, ապա այս տարվա ընթացքում Ջրտնտպետկոմը հասցրել է սպառել վերջին 3 տարիների համեմատ գրանցված ամենաբարձր՝ 149 մլն խմ ջրի ծավալը եւ նույնիսկ հանդգնել է ներկայացնել լրացուցիչ ջրի պահանջարկ, որը մերժվել է: Ավելին, բնապահպանության նախարարությունը առաջարկ է ներկայացրել շահագրգիռ նախարարություններին՝ Սեւանա լճից ջրի 1 խմ-ն 5 անգամ թանկացնելու վերաբերյալ: Ըստ այդմ, 1 խմ ջուրը կարժենա ընդամենը 1 դրամ: Ջրտնտպետկոմը խիստ պասիվ է տույժ ու տուգանք վճարելու հարցում. ընդհանուր առմամբ վաստակած 4046 հազար դրամ տուգանքից մինչ օրս պետությանը փոխհատուցել է ընդամենը 1 մլն-ն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել