Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՐՑՈՎ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ

Նոյեմբեր 24,2004 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԱՐՑՈՎ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ԱՍՈՒԼԻՍԸ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հույս ունի, որ կառավարությունը «ԱրմենՏելի» հետ այլեւս խնդիրներ չի ունենա: «ԱրմենՏելի» մեր աղբյուրի տվյալներով, ՀՀ կառավարության հետ բանակցությունների ժամանակ հենց իրենք են պնդել, որ երրորդ եւ ավելի բջջային օպերատորի մուտք չթույլատրվի: Մյուս կողմից, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում լիցենզիա ստանալը «Ղարաբաղ Տելեկոմի» համար գերխնդիր էր միջազգային կազմակերպությունների հետ ծագած խնդիրները հարթելու համար, ուստի հավանական է, որ «Ղ-Տելեկոմը» Հայաստանի բջջային կապի շուկայում ծավալվելու կամ իրական գործունեություն ծավալելու նպատակ չունի: Եվ այս առումով գուցե անիմա՞ստ է «ԱրմենՏելի» ու «Ղ-Տելեկոմի» միջեւ իրական մրցակցություն ակնկալելը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որ բանակցությունների հաջող ավարտի հետ կապված երեկ ասուլիս էր հրավիրել, հավաստիացրեց, որ երրորդ օպերատորի մուտքը թույլ չտալը եղել է ոչ միայն «ԱրմենՏելի» պնդումը, այլ նաեւ մեր փորձագետների եզրակացությունը: Կառավարության փորձագետների վերլուծությամբ. «Եթե մոտակա 2-3 տարում մտադրություն ունենք ստեղծել իրական մրցակցություն, պետք է ունենանք երկու օպերատոր: Ենթադրենք, 10 օպերատոր մուտք գործեցին Հայաստան. իհարկե, առաջին հայացքից մրցակցությունը բարձր կլինի, սակայն մյուս կողմից այն շահույթը, որ նրանք կունենան՝ հնարավորություն չի ստեղծի արագ եւ արդյունավետ ապահովել իրենց ցանցերի զարգացումը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում: Դրանով է պայմանավորված եղել ազատականացման քաղաքականությունը տարբեր երկրներում, երբ նրանք մենաշնորհից անցել են դուոպոլիայի, հետո նոր միայն որոշակի զարգացման աստիճանից սկսած ներգրավել են երրորդ, չորրորդ օպերատորին»: Ինչ վերաբերում է «Ղ-Տելեկոմի» եւ «ԱրմենՏելի» կողմից արդյունավետ մրցակցություն կապահովվի՞, թե՞ ոչ՝ «մենք «ԱրմենՏելի» լիցենզիայում ամրագրել ենք ոչ միայն «ԱրմենՏելի» պարտավորությունները, այլ նաեւ՝ որ երկու օպերատորները պետք է գտնվեն հավասար պայմաններում, եւ զարգացման պահանջները կիրառելի են երկուսի նկատմամբ: Այսպիսով, «Ղ-Տելեկոմի» համար եւս ամրագրել ենք ՀՀ ամբողջ տարածքի ծածկույթի որոշակի պարտավորություններ, որոնք ընդամենը ունեն մեկ տարվա ուշացում «ԱրմենՏելի» պարտավորություններից»: Նախարարի ներկայացմամբ, երկու ընկերություններն էլ ունեն որակյալ բջջային կապ ապահովելու նույն պարտավորությունները: Իսկ դրանք խախտելու դեպքում կարգավորող մարմինն «ունի բավարար լծակներ, որպեսզի ազդի այդ գործընթացի վրա»: Երկրորդ օպերատորի համար սահմանվել են ոչ թե գումարային պարտավորություններ, քանի որ այդպիսիք, փորձը ցույց տվեց, որ անարդյունավետ են, այլեւ տեխնիկական պահանջներ (ծածկույթ, որակ): Սակայն հետաքրքիր է, որ «Ղ-Տելեկոմի» պարտավորություններն ամրագրված չեն ոչ կառավարության որոշմամբ, ոչ էլ այդ ընկերությանը տրված լիցենզիայում: Պարզվում է, դրանք նախատեսված են «ԱրմենՏելի» լիցենզիայում: Իսկ «Ղ-Տելեկոմի» լիցենզիայում նշված է, որ վերջինս պարտավոր է կատարել նաեւ այն բոլոր պարտավորությունները, որոնք ամրագրված են «ԱրմենՏելի» լիցենզիայում: «Ղ-Տելեկոմը» փակ բաժնետիրական ընկերություն է, եւ առայժմ հայտնի չէ հիմնադիրների ամբողջական ցանկը: Այնուամենայնիվ, Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ, ասենք, մի քանի տարի հետո չի պարզվի, որ այսօրվա պետական պաշտոնյաներն են այդ ընկերության բաժնետերերը: Քանի որ անցածն անցած է, արդարադատության նախարարը բացահայտեց նաեւ արբիտրաժում մեր կառավարության դիրքերի թույլ կետերը. րոպեավճարի կիրառմանը խոչընդոտելը, «ԱրմենՏելի» միջազգային կապի ծառայությունների շրջանցումը (կառավարությունը վիճարկում էր «ԱրմենՏելի» պնդումը, թե այս ոլորտում խախտվել են իր իրավունքները): Իհարկե, մնացած դեպքերում էլ ՀՀ կառավարության դիրքերն էին ամուր, այլապես «ԱրմենՏելն» այսքան զիջումների չէր գնա, որոնք ավելի շատ են եւ որոնց արդեն անդրադարձել ենք: Եվ, ըստ պարոն Հարությունյանի, «Արբիտրաժային վարույթում անգամ լավագույն սցենարի դեպքում չէինք ստանա այն, ինչ այսօր ստացել ենք»: Մի քանի տարի տեւած գործընթացի արդեն ավարտին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուսով է, որ «ԱրմենՏելի» մասին վերջին ասուլիսներից մեկը տվեց երեկ, եթե ոչ՝ վերջինը: Այսինքն կարծում է, որ լիցենզիայում կայացած փոփոխություններից ու արդյունավետ կարգավորման մեխանիզմների ամրագրումից հետո «ԱրմենՏելը» «շահագրգռված» չի լինի նորից խախտումներ անել, եւ կառավարության ներկայացուցչի պարզաբանումների կարիքը չի լինի: Իսկ «ԱրմենՏելի» ղեկավարները չնայած արդեն վերադարձել են Հունաստանից, սակայն դեռեւս հրաժարվում են ՀՀ կառավարության հետ կնքված հաշտության համաձայնագրի մասին որեւէ մեկնաբանություն անել: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել