Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝

Նոյեմբեր 24,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻԱՅՆԱԿ ԵԽ-ՈՒՄ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ ասուլիսում հայտնեց, որ Դեյվիդ Աթկինսոնի ներկայացրած բանաձեւի նախագծի քվեարկության ժամանակ ադրբեջանցի, թուրք պատվիրակներին ու նրանց մշտապես անվերապահորեն պաշտպանող ֆրանսիացի Դանիել Գուլեին այս անգամ միացել էին Շվեդիայի եւ Իտալիայի պատվիրակները, Էստոնիայի, Շվեյցարիայի եւ Ռումինիայի պատվիրակությունների ղեկավարները: «Այս մարդկանց մի մասը եկավ հենց մեր հարցի քվեարկության ժամանակ եւ քվեարկությունից հետո հեռացավ,- ասաց պրն Թորոսյանը:- Սրան եթե գումարում ես այն կարճ խոսակցությունները, որոնք եղան այս պատգամավորներից մի մասի հետ՝ ցույց են տալիս մի բան. մարդիկ եկել էին հստակ առաջադրանքով՝ քվեարկել այն փոփոխությունների օգտին, որոնք կառաջարկեն ադրբեջանցիները ու թուրքերը, եւ դեմ քվեարկել այն առաջարկներին, որոնք կլինեն Հայաստանի կողմից»: Ընդ որում՝ նշեց, թե մեր առաջարկներին դեմ քվեարկողներից ոմանք պաշտպանել են Հայաստանին մեր 3 զեկույցների առնչությամբ. «Սա եւս ակնհայտորեն ցույց է տալիս, որ իրենք այս անգամ քվեարկում էին ոչ թե որպես զուտ ԵԽԽՎ պատգամավորներ, այլ ներկայացնում էին իրենց երկրում ձեւավորված կարծիքը»: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ իսկ ի՞նչ աշխատանք էր տարել մեր ԱԳՆ-ն, որ լինեին հօգուտ Հայաստանի քվեարկողներ, պրն Թորոսյանն ասաց, թե իր մի առաջարկին, որ վերաբերում էր՝ «օտար տարածքի գրավումը ԵԽ անդամ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է» ձեւակերպմանը՝ միայն ինքն է քվեարկել կողմ: Իսկ Թորոսյանի մեկ այլ առաջարկի կողմ են քվեարկել ինքն ու Դեյվիդ Աթկինսոնը: «Չկար որեւէ մեկը, որ անվերապահորեն պաշտպաներ մեզ կամ դեմ լիներ Ադրբեջանի առաջարկներին»: Ըստ նրա՝ եթե Ադրբեջանն ունի բարեկամ երկիր՝ հանձին Թուրքիայի եւ նրա միջնորդությամբ էլի մի քանի երկրների՝ «Նման երկիր ԵԽԽՎ-ում գոյություն չունի Հայաստանի համար»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել