Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ

Նոյեմբեր 24,2004 00:00

ՊԵՏՔ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Երբ որեւէ հեղինակավոր միջազգային մրցույթում բարձրացվում է Հայաստանի դրոշը, եւ առավել եւս՝ հնչում է Հայաստանի հիմնը, դա մեր երկրի համար ավելի կարեւոր է, քան ցանկացած հայանպաստ ելույթ Ստրասբուրգում եւ նույնիսկ՝ ՄԱԿ-ում: Դիվանագիտական նրբություններին տիրապետում են տասնյակ, լավագույն դեպքում՝ հարյուրավոր մարդիկ, իսկ սպորտային հաջողությանը հաղորդակից են դառնում միլիոնները: Այդ գիտակցությունն առայժմ չի արմատավորվել մեր պետական բոլոր այրերի գիտակցության մեջ: Հաշվի առնելով, որ վերջերս փոխվել է ՀԱՕԿ նախագահը, բերեմ մի դրական եւ մի բացասական օրինակ: Որտե՞ղ էր Իշխան Զաքարյանը Աթենքի օլիմպիադայի ժամանակ: ՀՀ նախագահի կողքին: Չնայած ենթադրվում է, որ պետք է լիներ սպորտսմենների կողքին: Երկրի ղեկավարի աչքին էին ուզում երեւալ նաեւ մնացած սպորտային ղեկավարները, ֆեդերացիաների նախագահները: Արդյունքները հայտնի են: Դրական օրինակ է վերջերս ցույց տվել շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը (տվյալ դեպքում մի կողմ թողնենք նրա պետական եւ քաղաքական գործունեությունը): Իսպանիայում կայացած շախմատի թիմային առաջնության ժամանակ նա անընդհատ շախմատիստների կողքին էր: Մեր հավաքականի անդամներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է, որ իրենց ամբողջ ազատ ժամանակը հայ շախմատիստները անց էին կացնում ֆեդերացիայի նախագահի հետ եւ զգում էին պետության, պաշտոնյայի իրական աջակցությունը: Բնականաբար, Սերժ Սարգսյանը չէր հուշում մեր մարզիկներին, թե որ պաշտպանությունն է պետք կիրառել՝ սիցիլիական պարտիա՞ն, թե՞ թագուհու գամբիտը: Բայց շախմատում, ինչպեսեւ մնացած սպորտաձեւերում, կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը: Պարզ ասած՝ «դուխը»: Հայաստանցիներն Իսպանիայում գրավեցին երրորդ տեղը: Այդ գիտակցությունը կա ամենազարգացած երկրներում: Հայտնի է, որ երբ 1976 թվականին աշխարհի չեմպիոնի կոչման համար Ռեյկյավիկում մրցում էին Բոբբի Ֆիշերը եւ Բորիս Սպասկին, ամերիկացի շախմատիստին ամեն օր զանգում էր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ճիշտ է, հետագայում պարզվեց, որ Ֆիշերը ԱՄՆ-ի շատ ավելի մեծ թշնամի է, քան Սպասկին: Բայց այն ժամանակ իր երկրի թիկունքը զգալը անշուշտ Ֆիշերին օգնեց հաղթել: Մեր մարզիկներն էլ, վստահ եմ, հաջողություններ կունենան, եթե ստանան պետության եւ պետական պաշտոնյաների աջակցությունը՝ ոչ թե ձեւական, խոսքային մակարդակով, այլ գործնական եւ անկեղծ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել