Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուկրաինան փոթորկված է

Նոյեմբեր 24,2004 00:00

Ուկրաինան փոթորկված է Իսկ միջազգային դիտորդները «սարսափած»՝ կեղծիքներից Երեկ վաղ առավոտից Ուկրաինայի տարբեր շրջաններից ցուցարարներով բեռնված բազմաթիվ ավտոբուսներ էին ժամանում մայրաքաղաք Կիեւ՝ միանալու քաղաքի կենտրոնական հրապարակում բանակած բազմահազարանոց ցույցին: Ընդդիմության առաջնորդ եւ նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցները խոստացել են «միլիոնանոց» հանրահավաք անցկացնել, որի ճնշման տակ «կեղծիքներով ընտրված Յանուկովիչն» ու նրա թիմը տեղի կտան եւ անձնատուր կլինեն «ժողովրդավարության հուժկու ալիքի առջեւ»: Ընդգծումները մեջբերված են ընդդիմադիր գործիչների ելույթներից: Երեկ ողջ օրվա ընթացքում Ուկրաինայի խորհրդարանում՝ Ռադայում, քննարկվում էր երկրում ստեղծված իրավիճակը: Կիեւում լուրեր են պտտվում, որ Ռուսաստանից ՆԳ հատուկ նշանակության ջոկատներ են ժամանել: Այսպիսով, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ուկրաինական ընդդիմությունն ի վերջո հաղթանակ կտանի Կուչմայի վարչակազմի նկատմամբ: Նախ, ուկրաինական ընդդիմադիր շարժումը, ինքնին, բավականաչափ հզոր եւ կազմակերպված է: Ապա՝ այսպես կոչված, «շագանակների հեղափոխության» հաղթանակի համար առկա է աննախադեպ նպաստավոր միջազգային քաղաքական ֆոն: Այսպես: ԱՄՆ-ն խոստացել է վերանայել Ուկրաինայի հետ իր հարաբերություններն ու պատժամիջոցներ գործադրել այդ երկրի նկատմամբ, եթե «ուկրաինական կառավարությունը չհետաքննի ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծումներն ու չպատժի մեղավորներին»: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրլեյը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել «վերջ տալ կեղծիքներին, հավատարիմ մնալ մարդու իրավունքների պահպանման եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին եւ անել ամեն ինչ՝ ուկրաինական ժողովրդի կամաարտահայտության իրական արդյունքներն ապահովելու համար»: Ուկրաինայում անցկացված ընտրությունների ընթացքին անձամբ հետեւած ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ռիչարդ Լուգարը հայտարարել է. «Ընտրակեղծիքների եւ չարաշահումների ագրեսիվ ծրագիրն իրագործվեց կամ իշխանությունների ղեկավարությամբ, կամ համագործակցությամբ: Իսկ քարոզարշավը բնութագրվում էր քաղաքական մասշտաբային ահաբեկումներով եւ անարդարությամբ»: Իր ձեւակերպումների մեջ առավել խիստ է Եվրախորհրդարանի արձագանքը: Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Եվրախորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը «սարսափով է արձագանքել» միջազգային դիտորդներից ստացված տեղեկություններին: Եվրամիությունը միանշանակորեն հայտարարել է, որ Ուկրաինայում անցկացված ընտրությունները «չեն համապատասխանում միջազգային չափանիշներին» եւ ներկայումս ԵՄ-ում նախագահող Հոլանդիայի ԱԳ նախարար Բեռնարդ Բոտի շուրթերով՝ իշխանություններին կոչ է արել «վերանայել ընտրությունների արդյունքները»: Վերադառնալով այս կազմակերպության օրենսդիր մարմնի՝ Եվրախորհրդարանի արձագանքին, նշենք, որ ԵԽ-ն խոստացել է կոշտ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ, եթե «կեղծիքների մասին հաղորդումները վերջնականապես ապացուցվեն»: Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ «խոր մտահոգություն» է արտահայտել նաեւ Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը: «Ժողովրդի կամքը պետք է արտացոլվի առանց կեղծումների»,- հայտարարել է նա: ԵԱՀԿ դիտորդական խմբի տարածած փաստաթղթում, մասնավորապես, նշվում է. «Ընտրությունների երկրորդ փուլում եւս շարունակվեցին ներկայիս վարչապետի օգտին իշխանական ռեսուրսների գործադրմամբ կատարված չարաշահումները»: ԵԱՀԿ հատուկ կոորդինատոր Բրյուս Ջորջը հայտարարել է, որ այս գնահատականը լիովին կիսում են ԵԽԽՎ-ի եւ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի իրենց դիտորդ-գործընկերները: Թերեւս կարիք չկա նշելու, որ Ուկրաինայում անցկացված ընտրությունները «կայացած եւ օրինականության սահմաններում» են գնահատել ԱՊՀ երկրներից ժամանած դիտորդները՝ ռուսական դիտորդական խմբի «քավորությամբ»: Իսկ Վ. Պուտինը չի զլացել հենց Բրազիլիայից, որտեղ գտնվում է պաշտոնական այցով, շնորհավորանքներ հղել Վիկտոր Յանուկովիչին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել