Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ

Նոյեմբեր 24,2004 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ՎԱՐԴԵՐԻ ՓՇԵՐՆ ՈՒ ՊԵՐՃԱՆՔԸ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնում է Վրաստանի «վարդերի հեղափոխության» մեկամյա դասերին Մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի ընդդիմությունն անթաքույց խանդով հետեւում էր Վրաստանի իրադարձություններին: «Վարդերի հեղափոխությունն առաջին «ծիծեռնակն» էր, թե ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությանը: Այդքանով էր այն ոգեւորիչ»,- գնահատեց ԱԺՄ նախագահը: Սակայն ժամանակ անցավ, եւ ակնհայտ դարձան ժողովրդավարական հեղափոխության որոշակի ստվերոտ կողմերը: Օրինակ՝ պարզվեց, որ ընդդիմադիր ալիքի վրա իշխանության եկած ուժերը նույնպես հանդուրժող չեն ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ: Եվ ըստ էության՝ Միխայիլ Սահակաշվիլին այսօր Վրաստանում ընդդիմություն չունի էլ: «Ընդհանրապես՝ ճիշտ հեղափոխական իրավիճակը (լինի վարդերով կամ մի ուրիշ բանով) ոչ թե այն է, երբ մի անձին գցում են ու մյուսն է գալիս, այլ այն, երբ հասարակության մի լայն շերտ հասկանում է, որ այսպես ապրել չի լինի եւ որոշում ինչ-որ ձեւով կանոնակարգել հարաբերությունները, դառնալ պետություն: Այդ դեպքում այն մարդը, որ կանգնած է վերեւում, լինում է այդ կամքի կատարողը եւ սահմանափակում իր ազատության աստիճանը: Սա լավագույն դեպքն է: Բայց մեր տարածաշրջանում հիմա բավական դժվար է նման դեպքերի հանդիպելը,- ասաց Վազգեն Մանուկյանը:- Հիմա Սահակաշվիլին ունի երկու ճանապարհ: Կա՛մ կամաց-կամաց կսկսի մտածել, թե ինքն աստված է եւ ինքն է ժողովրդին բերում բարօրություն եւ այլն՝ այդ դեպքում Վրաստանը նորից կդառնա ժողովրդավարական առումով չզարգացող պետություն: Կա՛մ էլ նա իր մեջ ուժ կգտնի եւ կսահմանափակի սեփական իշխանությունը՝ օգնելով ընդդիմադիր կուսակցություններին, փոխելով Սահմանադրությունն այնպես, որ իշխանության ճյուղերը լինեն հավասարակշռված: Եղել են նման բացառիկ մարդիկ: Դժվարանում եմ ասել, թե արդյոք Սահակաշվիլին այդպիսի՞ն է»: Վրաստանի նոր նախագահի գործունեության հիմնական ուղղություններից մեկը դարձավ կոռուպցիայի դեմ պայքարը: Նա ստիպեց նախկին վարչակարգի գործիչներին, որոնք կասկածվում էին ապօրինությունների մեջ, որոշակի գումար մուծել պետբյուջե՝ դատական հետապնդումների հեռանկարից ազատվելու դիմաց: Արդյոք ԱԺՄ նախագահը պայքարի նման մեթոդներն անհրաժե՞շտ է համարում Հայաստանի համար՝ «կոռուպցիոն ռիսկերի» շուրջ տեսական զրույցների փոխարեն: Ի պատասխան Վազգեն Մանուկյանը նշեց. «Համոզված եմ, որ եթե հայտնի կոռուպցիոներների մի մասը չպատժվի, ապա ինչ օրենքներ էլ հնարես՝ կոռուպցիան հետագայում նվազեցնելու դրանց ազդեցության համար կպահանջվի շատ ժամանակ: Այսինքն՝ ճիշտ եմ գտնում որպես սկզբնական քայլ կոռուպիոներներին պատժելը, մանավանդ, երբ ամբողջ ժողովրդին հայտնի են նրանց անունները: Բայց դա քաղաքական կուրս դարձնելը, գտնում եմ՝ անիմաստ է: Քանի որ երբ սկսում ես պատժել, ուզես, թե չուզես՝ դու էլ ես օրենք խախտում: Մենք նման բանի բախվել ենք 1990-ին, երբ եկանք իշխանության: Օրինակ, Վանո Սիրադեղյանն էր ինձնից շատ պահանջում, թե պետք է անպայման պատժել նախկին ռեժիմի հայտնի մի քանի կաշառակերների եւ փող աշխատողների: Իսկ ես պնդում էի, թե դա պետք է արվի միայն օրինական եղանակով: Սակայն նյութերը չէին բավականացնում մարդկանց դատական համակարգով պատժելու համար»: ԱԺՄ նախագահը, սակայն, նշեց, որ եթե Հայաստանում իշխանափոխությունն իրականացվեց ոչ թե կաշառակերության դեմ պայքարի դրոշով, այլ նոր գաղափարներ առաջ քաշելու համար՝ «Սահակաշվիլին իշխանության եկավ հենց կոռուպցիայի դեմ պայքարի դրոշով: Եվ եթե նա այդ ուղղությամբ ստիպված չաներ մի քանի քայլ (միգուցե ոչ լրիվ օրինական), ապա տանուլ կտար ամեն ինչ: Չեմ կարծում, թե այդ ճանապարհով կարելի է երկիրը հանել ծանր վիճակից: 3-4 հոգու պատժելուց հետո պետք է ասես, թե սրանից հետո սկսում ենք փոխել օրենքները, ստեղծել դատական անկախ համակարգ եւ այլն: Բայց տպավորությունս այն է, որ Սահակաշվիլին գայթակղվել է այս ճանապարհով, քանի որ երբ գնում ես այդ ուղով՝ բոլորը վրադ վարդեր են լցնում, ասում՝ ապրե՜ս, կեցցե՜ս: Իսկ մարդը փոխվում է գովեստներից»: «Վարդերի հեղափոխության» ամենակարեւոր արդյունքն, ըստ ԱԺՄ նախագահի, հետեւյալն է. «Վրաստանում տեղի ունեցածն ամբողջ աշխարհը համարեց ժողովրդավարական հեղափոխություն: Այն սկսեց ընկալվել իբրեւ տարածաշրջանի ժողովրդավարական կենտրոն, ու այս տեսակետից Վրաստանը ստանում է բազմաթիվ առավելություններ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ֆինանսական: Այդ պայծառ երեւույթի մոտ առավել են նսեմանում ու երկրորդական դառնում մեր անգամ առաջխաղացումները: Այնինչ նախորդ ժամանակաշրջանում լրիվ հակառակն էր: Իմ տպավորությամբ՝ հայ ժողովուրդն ավելի պատրաստ էր ժողովրդավարական ու զարգացած պետություն կառուցելուն, քան Վրաստանը: Ոչ այն պատճառով, որ մենք ավելի լավն ենք՝ ուղղակի պատմականորեն էր այդպես ստացվել: Սահակաշվիլիի նույնիսկ շատ դրական դերի դեպքում էլ Վրաստանը չի կարող լինել այն, ինչին դեռ պատրաստ չէ»: Այնուամենայնիվ՝ ըստ Վազգեն Մանուկյանի, որքան էլ հնարավոր լինի ասել տարբեր կարծիքներ մեկ տարի առաջ իրականացված հեղափոխության արդյունքների մասին, «Գումարային տեսակետից Վրաստանը շահած դուրս եկավ այս պատմությունից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել