Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Նոյեմբեր 24,2004 00:00

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է Արձանագրում են լրագրողական հ/կ-ները Երեկ եւ Երեւանի մամուլի ակումբն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, եւ Մամուլի ազգային ակումբը, եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, եւ «Հանրապետություն» էլեկտրոնային շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սուրեն Սուրենյանցը, եւ Լոս Անջելեսի «Ժամանակ» օրաթերթը, եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դատապարտել են նախօրեին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան հրկիզելու փաստը: Վերջինս դեռ կատարված դեպքի օրը հայտարարել էր, թե «կոնկրետ այս դեպքը պետական կոնկրետ օղակի հետ կապ չունի», եւ հանցագործության կազմակերպման մեջ մեղադրել էր «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը հերքեց իր առնչությունը կատարվածին: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթի անձնակազմի նկատմամբ Գ. Ծառուկյանի կողմից ուժի գործադրման եւ բռնի հաշվեհարդարի դեպք արդեն եղել է. 1999-ի դեկտեմբերին նա իր թիկնապահների հետ ներխուժել էր թերթի խմբագրություն եւ ծեծի ենթարկել թերթի աշխատակիցներին: Այն ժամանակ գործարարն ու թերթի գլխավոր խմբագիրը հաշտություն էին կնքել, եւ կատարվածը իրավական հարթությունում քննարկման առարկա չէր դարձել: Ն. Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե սա վերջին շրջանում իր նկատմամբ եղած ճնշման փորձերից միակը չէ. «Դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին իմ եւ իմ ընտանիքի հետ կապված միջադեպ է եղել, որի մասին այն ժամանակ ես լրատվություն չեմ տարածել: Այն ժամանակ կեղծ ահազանգ էր եղել իմ կնոջ առեւանգման մասին: Անհայտ անձը զանգահարել էր խմբագրություն եւ ասել, որ կինս առեւանգված է եւ պատանդի կարգավիճակում գտնվում է իրենց մոտ: Իհարկե, մի քանի ժամվա ընթացքում այդ տեղեկությունը հերքվեց, բայց բոլոր դեպքերում ես ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը դիմում եմ ներկայացրել այդ եւ խմբագրության աշխատակիցների եւ անձամբ իմ հասցեին եղած սպառնալիքների առնչությամբ՝ ԱԱԾ-ից խնդրել եւ պահանջել եմ ապահովել իմ եւ իմ ընտանիքի, թերթի աշխատակիցների անվտանգությունը: Ժամանակին այդ փաստի առնչությամբ քննություն է տարվել, եւ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը հավաստիացրել էր, թե այդ հարցերը ծառայության ուշադրության կենտրոնում են եւ քննությունը շարունակվում է»: Միաժամանակ, Ն. Փաշինյանը նաեւ հիշեցրեց դեռ մեկ տարի առաջ իր հնչեցրած ահազանգը, ըստ որի՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ նույն ԱԱԾ եւ ոստիկանության համակարգը հետապնդումներ են իրականացնում: Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրենց համատեղ հայտարարությունում, վկայակոչելով դեպքի օրը ՀՀ ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը՝ «ըստ փորձագետների նախնական եզրակացության, հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի մարտկոցի լարերի անսարքությունը», արձանագրել են, որ ոստիկանության կողմից արտակարգ արագ արձագանքն ու նման եզրակացությունը ենթադրել են տալիս, որ հետաքննությունը տարվելու է հենց այս ուղղությամբ ու չեն հետազոտվելու Ն. Փաշինյանի առաջ քաշած եւ այլ վարկածները: «Լրագրողական հանրությունը եւ ողջ հասարակությունը հիմքեր ունեն թերահավատությամբ վերաբերվելու ոստիկանության հաղորդագրությանը ոչ միայն այն պատճառով, որ ավտոմեքենաների «ինքնահրկիզման» դեպքերը բացառիկ են, այլեւ՝ որ լրագրողների դեմ բռնությունների դեպքերի ճնշող մեծամասնությունը մնում է չբացահայտված»,- ասված է հայտարարությունում, որի եզրահանգումն այն է, թե՝ «անպատժելիության այն մթնոլորտը, որն առավել խորացել է վերջին ամիսների ընթացքում, հանգեցնում է նորանոր բռնությունների, եւ մինչեւ երկրի իշխանությունները գործով չապացուցեն, որ ընդունակ են կանխելու բնակչության ու մասնավորապես լրագրողների՝ իբրեւ հասարակական պարտք կատարող անձանց դեմ բռնությունները, այս եւ այլ դեպքերի բացահայտման վստահություն մենք չենք կարող ունենալ»: Երեւանի մամուլի ակումբը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պահանջել են նաեւ «լուրջ եւ օբյեկտիվ քննություն ու կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել արդեն համընդհանուր չարիքի վերածվող ահաբեկչությունների ալիքը սանձելու ուղղությամբ»: ՀՀ օմբուդսմեն Լ. Ալավերդյանն իր հերթին արձանագրել է, որ «լրագրողների հետ հարաբերությունները բռնությամբ պարզելու միտումը անթույլատրելի է եւ ստվեր է գցում Հայաստանի՝ որպես ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվող եւ մարդու հիմնական ազատություններից մեկը՝ խոսքի ազատությունը հարգող երկրի միջազգային հեղինակության վրա»: Կատարվածը դատապարտել է նաեւ ԱՄՆ «Հանուն ժողովրդավար Հայաստանի» հանձնախումբը՝ նկատելով, որ «կատարվածը շարունակությունն է Հայաստանում սկսված իշխանական բռնազավթման: Հայաստանում վերջնականապես փորձ է արվում լռեցնել ժողովրդի ձայնը: Հայաստանի իշխանություններին եւ նրանց սպասարկու արբանյակ-օլիգարխներին զգուշացնում ենք, որ հայրենիքի ապագայով ապրող եւ նրա վաղվա բարօրությամբ մտահոգ աշխարհասփյուռ հայերս ժողովրդավարությունը նկատում ենք Հայաստանի զարգացման միակ հնարավոր ելքն ու ուղին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել