Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճանաչում եմ, բայց չեմ ճանաչում

Նոյեմբեր 24,2004 00:00

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների
1-ին ատյանի դատարանում լսվեց երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն
Սաղաթելյանի հայցն ընդդեմ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ): Հիշեցնենք՝
Ա. Սաղաթելյանը դիմել է ՀՀ ԲՈՀ՝ իր ՌԴ ԲՈՀ-ի կողմից ստացած դոկտորական վկայականի
համարժեքության ճանաչման եւ հաստատման խնդրանքով, ինչը մերժվել է: Եվ հիմա Ա. Սաղաթելյանը
դիմել է դատարան՝ ԲՈՀ-ի՝ մերժման մասին որոշումն անվավեր ճանաչելու հայցով: Մերժման
որոշումը ԲՈՀ-ը կայացրել է իր ստեղծած մասնագիտական խորհրդի ուսումնասիրությունների
արդյունքում: Միջանկյալ նշենք, որ հայցվոր կողմի հարցին, թե ինչ նորմատիվ ակտի հիման
վրա է խորհուրդը Ա. Սաղաթելյանի հարցը մտցրել նիստ, մնաց անպատասխան: ԲՈՀ-ի իրավաբան
Կարինե Մուրադյանը, իբրեւ մերժման հիմնավորում, փաստարկեց այն, որ ատենախոսության
մեջ բերված գծագրերը գրագողություն են երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Բեզիրգանովի աշխատություններից, չկա որեւէ հղում: Միչդեռ, հայցվոր կողմը
ատենախոսության մեջ մատնանշեց արված հղումները՝ միաժամանակ ընդունելով, որ հղումը
պատշաճ ձեւով չի արված (այսինքն՝ ոչ թե տողատակում է նշված, այլ տեքստի մեջ): Դատարանում
ԲՈՀ-ի ներկայացուցիչն ընդունեց իր սխալն այն մասին, որ Բեզիրգանովը չի մասնակցել
ատենախոսության ուսումնասիրություններին: Մինչ այդ ԲՈՀ-ը պնդում էր, թե Բեզիրգանովը
ներկա է եղել ուսումնասիրություններին եւ հայտնել է իր բացասական կարծիքը, ապա հակառակը
վկայող փաստաթուղթ ներկայացրեց հայցվոր կողմը: ԲՈՀ-ը հասել է նրան, որ թե՛
Բեզիրգանովը, թե՛ հանրապետության երկրաբանահանքաբանական գիտությունների երրորդ եւ
վերջին մասնագետը՝ դոկտոր Ս. Գրիգորյանը, ոչ դրական կարծիք են ներկայացրել ատենախոսության
վերաբերյալ: Ընդ որում, նույն Գրիգորյանը 1999-ին նույն ատենախոսության վերաբերյալ
ճիշտ հակառակ կարծիք է հայտնել (մենք ունենք կարծիքների բնագրերը): «Այս պահին Գրիգորյանի
180 աստիճանով շրջվելը խոսում է զուտ ամբիցիաների մասին»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը:
Սակայն դատարանում վիճարկվող խնդրի հետ այդ ամբողջ պատմությունն անմիջական
կապ չունի: ԲՈՀ-ն ասում է, որ ինքը ճանաչում է ՌԴ վկայագիրը, սակայն չի ճանաչում
վկայականի համարժեքությունը: Հայցվոր կողմն այս առիթով նշեց. «Ըստ ԲՈՀ-ի տրամաբանության,
ստացվում է այսպես՝ ես ճանաչում եմ ձեր դիպլոմը, բայց չեմ ճանաչում ձեր կրթությունը:
Այդ դեպքում անիմաստ է դառնում ՌԴ-ի հետ կնքած մեր համաձայնագիրը: Ինչո՞ւ ենք համաձայնագիր
կնքել, եթե պետք է տարբեր մոտեցումներ լինեն»: Խոսքը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների
միջեւ կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի
փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի մասին է, որի 11-րդ հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում
եւ ՌԴ-ում տրվող գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի դիպլոմների,
դոցենտի եւ պրոֆեսորի ատեստատների կատարվում են ՀՀ օրենսդրությամբ եւ ՌԴ օրենսդրությամբ
սահմանված ընդհանուր կարգի հիման վրա»: ՌԴ-ի կարգի համաձայն, Հայաստանում պաշտպանած
թեկնածուն մեխանիկորեն թեկնածու է դառնում նաեւ ՌԴ-ում: Սակայն, ի տարբերություն
ՌԴ-ի, մեր ԲՈՀ-ը մինչեւ այժմ օրենքով սահմանված կարգ չունի, եւ գործընթացներն իրականացնելիս
հիշյալ դիպլոմների, ատեստատների համապատասխանեցման փոխարեն աշխատանքների վերաորակավորման
գործընթացներ է նախաձեռնում: Հենց դա էլ նշանակում է, որ ՌԴ-ում պաշտպանած ատենախոսությունը
Հայաստանում նորից պետք է պաշտպանվի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել