Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 24,2004 00:00

ՊԵՏՔ
Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Երբ որեւէ հեղինակավոր միջազգային
մրցույթում բարձրացվում է Հայաստանի դրոշը, եւ առավել եւս՝ հնչում է Հայաստանի հիմնը,
դա մեր երկրի համար ավելի կարեւոր է, քան ցանկացած հայանպաստ ելույթ Ստրասբուրգում
եւ նույնիսկ՝ ՄԱԿ-ում: Դիվանագիտական նրբություններին տիրապետում են տասնյակ, լավագույն
դեպքում՝ հարյուրավոր մարդիկ, իսկ սպորտային հաջողությանը հաղորդակից են դառնում
միլիոնները: Այդ գիտակցությունն առայժմ չի արմատավորվել մեր պետական բոլոր այրերի
գիտակցության մեջ: Հաշվի առնելով, որ վերջերս փոխվել է ՀԱՕԿ նախագահը, բերեմ մի դրական
եւ մի բացասական օրինակ: Որտե՞ղ էր Իշխան Զաքարյանը Աթենքի օլիմպիադայի ժամանակ:
ՀՀ նախագահի կողքին: Չնայած ենթադրվում է, որ պետք է լիներ սպորտսմենների կողքին:
Երկրի ղեկավարի աչքին էին ուզում երեւալ նաեւ մնացած սպորտային ղեկավարները, ֆեդերացիաների
նախագահները: Արդյունքները հայտնի են: Դրական օրինակ է վերջերս ցույց տվել
շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը (տվյալ դեպքում մի կողմ թողնենք նրա
պետական եւ քաղաքական գործունեությունը): Իսպանիայում կայացած շախմատի թիմային առաջնության
ժամանակ նա անընդհատ շախմատիստների կողքին էր: Մեր հավաքականի անդամներից մեկը, որը
չցանկացավ ներկայանալ, պատմում է, որ իրենց ամբողջ ազատ ժամանակը հայ շախմատիստները
անց էին կացնում ֆեդերացիայի նախագահի հետ եւ զգում էին պետության, պաշտոնյայի իրական
աջակցությունը: Բնականաբար, Սերժ Սարգսյանը չէր հուշում մեր մարզիկներին, թե որ պաշտպանությունն
է պետք կիրառել՝ սիցիլիական պարտիա՞ն, թե՞ թագուհու գամբիտը: Բայց շախմատում, ինչպեսեւ
մնացած սպորտաձեւերում, կարեւոր է հոգեբանական պատրաստվածությունը: Պարզ ասած՝ «դուխը»:
Հայաստանցիներն Իսպանիայում գրավեցին երրորդ տեղը: Այդ գիտակցությունը կա
ամենազարգացած երկրներում: Հայտնի է, որ երբ 1976 թվականին աշխարհի չեմպիոնի կոչման
համար Ռեյկյավիկում մրցում էին Բոբբի Ֆիշերը եւ Բորիս Սպասկին, ամերիկացի շախմատիստին
ամեն օր զանգում էր ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Ճիշտ է, հետագայում
պարզվեց, որ Ֆիշերը ԱՄՆ-ի շատ ավելի մեծ թշնամի է, քան Սպասկին: Բայց այն ժամանակ
իր երկրի թիկունքը զգալը անշուշտ Ֆիշերին օգնեց հաղթել: Մեր մարզիկներն էլ,
վստահ եմ, հաջողություններ կունենան, եթե ստանան պետության եւ պետական պաշտոնյաների
աջակցությունը՝ ոչ թե ձեւական, խոսքային մակարդակով, այլ գործնական եւ անկեղծ: ԱՐԱՄ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել