Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԱԿԱՆ ՎԱՐԴԵՐԻ ՓՇԵՐՆ ՈՒ ՊԵՐՃԱՆՔԸ

Նոյեմբեր 24,2004 00:00

ԱԺՄ
նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնում է Վրաստանի «վարդերի հեղափոխության» մեկամյա
դասերին Մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի ընդդիմությունն անթաքույց խանդով
հետեւում էր Վրաստանի իրադարձություններին: «Վարդերի հեղափոխությունն առաջին «ծիծեռնակն»
էր, թե ընդդիմությունը կարող է հաղթել իշխանությանը: Այդքանով էր այն ոգեւորիչ»,-
գնահատեց ԱԺՄ նախագահը: Սակայն ժամանակ անցավ, եւ ակնհայտ դարձան ժողովրդավարական
հեղափոխության որոշակի ստվերոտ կողմերը: Օրինակ՝ պարզվեց, որ ընդդիմադիր ալիքի վրա
իշխանության եկած ուժերը նույնպես հանդուրժող չեն ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ:
Եվ ըստ էության՝ Միխայիլ Սահակաշվիլին այսօր Վրաստանում ընդդիմություն չունի էլ:
«Ընդհանրապես՝ ճիշտ հեղափոխական իրավիճակը (լինի վարդերով կամ մի ուրիշ բանով) ոչ
թե այն է, երբ մի անձին գցում են ու մյուսն է գալիս, այլ այն, երբ հասարակության
մի լայն շերտ հասկանում է, որ այսպես ապրել չի լինի եւ որոշում ինչ-որ ձեւով կանոնակարգել
հարաբերությունները, դառնալ պետություն: Այդ դեպքում այն մարդը, որ կանգնած է վերեւում,
լինում է այդ կամքի կատարողը եւ սահմանափակում իր ազատության աստիճանը: Սա լավագույն
դեպքն է: Բայց մեր տարածաշրջանում հիմա բավական դժվար է նման դեպքերի հանդիպելը,-
ասաց Վազգեն Մանուկյանը:- Հիմա Սահակաշվիլին ունի երկու ճանապարհ: Կա՛մ կամաց-կամաց
կսկսի մտածել, թե ինքն աստված է եւ ինքն է ժողովրդին բերում բարօրություն եւ այլն՝
այդ դեպքում Վրաստանը նորից կդառնա ժողովրդավարական առումով չզարգացող պետություն:
Կա՛մ էլ նա իր մեջ ուժ կգտնի եւ կսահմանափակի սեփական իշխանությունը՝ օգնելով ընդդիմադիր
կուսակցություններին, փոխելով Սահմանադրությունն այնպես, որ իշխանության ճյուղերը
լինեն հավասարակշռված: Եղել են նման բացառիկ մարդիկ: Դժվարանում եմ ասել, թե արդյոք
Սահակաշվիլին այդպիսի՞ն է»: Վրաստանի նոր նախագահի գործունեության հիմնական
ուղղություններից մեկը դարձավ կոռուպցիայի դեմ պայքարը: Նա ստիպեց նախկին վարչակարգի
գործիչներին, որոնք կասկածվում էին ապօրինությունների մեջ, որոշակի գումար մուծել
պետբյուջե՝ դատական հետապնդումների հեռանկարից ազատվելու դիմաց: Արդյոք ԱԺՄ նախագահը
պայքարի նման մեթոդներն անհրաժե՞շտ է համարում Հայաստանի համար՝ «կոռուպցիոն ռիսկերի»
շուրջ տեսական զրույցների փոխարեն: Ի պատասխան Վազգեն Մանուկյանը նշեց. «Համոզված
եմ, որ եթե հայտնի կոռուպցիոներների մի մասը չպատժվի, ապա ինչ օրենքներ էլ հնարես՝
կոռուպցիան հետագայում նվազեցնելու դրանց ազդեցության համար կպահանջվի շատ ժամանակ:
Այսինքն՝ ճիշտ եմ գտնում որպես սկզբնական քայլ կոռուպիոներներին պատժելը, մանավանդ,
երբ ամբողջ ժողովրդին հայտնի են նրանց անունները: Բայց դա քաղաքական կուրս դարձնելը,
գտնում եմ՝ անիմաստ է: Քանի որ երբ սկսում ես պատժել, ուզես, թե չուզես՝ դու էլ ես
օրենք խախտում: Մենք նման բանի բախվել ենք 1990-ին, երբ եկանք իշխանության: Օրինակ,
Վանո Սիրադեղյանն էր ինձնից շատ պահանջում, թե պետք է անպայման պատժել նախկին ռեժիմի
հայտնի մի քանի կաշառակերների եւ փող աշխատողների: Իսկ ես պնդում էի, թե դա պետք
է արվի միայն օրինական եղանակով: Սակայն նյութերը չէին բավականացնում մարդկանց դատական
համակարգով պատժելու համար»: ԱԺՄ նախագահը, սակայն, նշեց, որ եթե Հայաստանում
իշխանափոխությունն իրականացվեց ոչ թե կաշառակերության դեմ պայքարի դրոշով, այլ նոր
գաղափարներ առաջ քաշելու համար՝ «Սահակաշվիլին իշխանության եկավ հենց կոռուպցիայի
դեմ պայքարի դրոշով: Եվ եթե նա այդ ուղղությամբ ստիպված չաներ մի քանի քայլ (միգուցե
ոչ լրիվ օրինական), ապա տանուլ կտար ամեն ինչ: Չեմ կարծում, թե այդ ճանապարհով կարելի
է երկիրը հանել ծանր վիճակից: 3-4 հոգու պատժելուց հետո պետք է ասես, թե սրանից հետո
սկսում ենք փոխել օրենքները, ստեղծել դատական անկախ համակարգ եւ այլն: Բայց տպավորությունս
այն է, որ Սահակաշվիլին գայթակղվել է այս ճանապարհով, քանի որ երբ գնում ես այդ ուղով՝
բոլորը վրադ վարդեր են լցնում, ասում՝ ապրե՜ս, կեցցե՜ս: Իսկ մարդը փոխվում է գովեստներից»:
«Վարդերի հեղափոխության» ամենակարեւոր արդյունքն, ըստ ԱԺՄ նախագահի, հետեւյալն է.
«Վրաստանում տեղի ունեցածն ամբողջ աշխարհը համարեց ժողովրդավարական հեղափոխություն:
Այն սկսեց ընկալվել իբրեւ տարածաշրջանի ժողովրդավարական կենտրոն, ու այս տեսակետից
Վրաստանը ստանում է բազմաթիվ առավելություններ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ֆինանսական: Այդ
պայծառ երեւույթի մոտ առավել են նսեմանում ու երկրորդական դառնում մեր անգամ առաջխաղացումները:
Այնինչ նախորդ ժամանակաշրջանում լրիվ հակառակն էր: Իմ տպավորությամբ՝ հայ ժողովուրդն
ավելի պատրաստ էր ժողովրդավարական ու զարգացած պետություն կառուցելուն, քան Վրաստանը:
Ոչ այն պատճառով, որ մենք ավելի լավն ենք՝ ուղղակի պատմականորեն էր այդպես ստացվել:
Սահակաշվիլիի նույնիսկ շատ դրական դերի դեպքում էլ Վրաստանը չի կարող լինել այն,
ինչին դեռ պատրաստ չէ»: Այնուամենայնիվ՝ ըստ Վազգեն Մանուկյանի, որքան էլ հնարավոր
լինի ասել տարբեր կարծիքներ մեկ տարի առաջ իրականացված հեղափոխության արդյունքների
մասին, «Գումարային տեսակետից Վրաստանը շահած դուրս եկավ այս պատմությունից»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել