Լրահոս
Օրվա լրահոսը

Գ.

Նոյեմբեր 23,2004 00:00

Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՀԱՕԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ Երեկ կայացած ՀԱՕԿ-ի հատուկ նիստի աշխատանքներին ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: 2001-2004 թթ. գործունեության մասին հաշվետվությունով հանդես եկավ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը: Անցած չորս տարիների ընթացքում ՀԱՕԿ-ը հաջողությամբ ինտեգրվել է ՄՕԿ-ի եւ միջազգային մարզական կազմակերպությունների գրեթե բոլոր ծրագրերին, ինքն էլ հանդես է եկել նախաձեռնություններով: Ծավալված գործունեության արդյունքում մոտ 3-4 անգամ ավելացել են ՀԱՕԿ-ի՝ ինչպես ՄՕԿ-ից ստացվող, այնպես էլ հովանավորների հատկացրած ֆինանսական միջոցները: Մարզաձեւերի ֆեդերացիաները, մարզչական խորհուրդները 2001 թ. կազմել եւ ՀԱՕԿ են ներկայացրել քառամյա աշխատանքների ծրագրերը, որոնք հաստատվել են ՀԱՕԿ-ի հատուկ նստաշրջանում: Ազգային օլիմպիական կոմիտեի խնդիրն էր՝ հնարավորինս աջակցել, օգնել դրանց իրականացմանը: Սակայն կան բազմաթիվ ֆեդերացիաներ, որոնք գոյություն ունեն միայն թղթի վրա: Շատերն էլ մշտապես սպասողական վիճակի մեջ են, թե ի՞նչ կտա պետությունը կամ օլիմպիական կոմիտեն: Այնինչ գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում յուրաքանչյուր մարզաձեւի թիվ մեկ պատասխանատուն տվյալ մարզաձեւի ֆեդերացիան է: Նույնիսկ՝ օլիմպիական խաղերի ժամանակ: Օլիմպիական կոմիտեն ընդամենը կազմակերպչի դերում է: «Ես գտնում եմ, որ օրենսդրական դաշտում ինչ-որ տեղ լրացման անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք հստակ կարգավորել ֆեդերացիա-ԱՕԿ-պետական կառույց հարաբերությունները, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ խնդիրներ ունի կատարելու այս օղակներից յուրաքանչյուրը: Օրինակ, այս տարի ֆեդերացիաները խնդիրներ են ներկայացրել, որոնք ծախսային առումով կազմում են մոտ 2 միլիարդ դրամ, իսկ պետական բյուջեն ի վիճակի է կատարել դրա 25 տոկոսը»,- ասաց նա: Խոսելով օլիմպիական խաղերին մասնակցության մասին՝ Իշխան Զաքարյանը նշեց, որ արդյունքները միանշանակ գոհացուցիչ չեն: Պատճառները նա բաժանեց երկու մասի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Խորհրդային պետության փլուզումից հետո սպորտը բավականին երկար ժամանակ գտնվում էր վակուումում, եւ մարզչական կադրերի, մասնագիտական, մեթոդական լուրջ մոտեցումների առումով հնարավոր չէր լրացնել առաջացած բացը: Դա միշտ զգացվել է: Երկրորդ, պետությունը անցել է պատերազմական ծանր շրջան իր բոլոր դրսեւորումներով: Դրա հետեւանքով խաթարվել է բնականոն գործունեությունը հատկապես տարածաշրջաններում: Հանրապետության 40 քաղաքներից ու քաղաքատիպ ավաններից այսօր մեծ սպորտին, մասնավորապես՝ Աթենքի խաղերին մեր հավաքականներին թեկնածու տվել են ընդամենը հինգը՝ Երեւանը, Գյումրին, Վանաձորը, Էջմիածինը եւ Հրազդանը: Նա կրկին անգամ ընդգծեց, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում մարզադպրոցները տարվա մեջ շուրջ հինգ ամիս չեն գործում՝ ջուր, ջեռուցում չլինելու պատճառով, որ 1980 թվականից հետո Հայաստան մարզագույք չի մտել: Սրանք հանգամանքներ են, առանց որոնց առկայության մեծ ասպարեզներում, առավել եւս՝ օլիմպիական խաղերում, անպայման մեդալներ պահանջել, ըստ էության, հնարավոր չէ: Դրա համար էլ վերջին երկու-երեք տարիներին կառավարության հետ միասին իրականացվում է գույքային ծրագիր: Հիմա առաջացել է մեկ այլ կարեւոր խնդիր՝ կապված ՄԴ-ների ջեռուցման, տանիքների նորոգման եւ ընդհանրապես՝ ամենատարրական հարցերի հետ: Ի. Զաքարյանի խոսքերով՝ ցանկացած մեդալի 50 տոկոսն է մարզչի եւ մարզիկի աշխատանքի արդյունք: Մյուս կեսը մարզական բժշկությանն է եւ հոգեբանությանը: Երկու խնդիր, որոնցում «մենք ուղղակի քարե դարում ենք»: Սուբյեկտիվ պատճառներից ՀԱՕԿ-ի նախագահը որպես առաջնային նշեց այն, որ հավաքականներից շատերում մրցակցություն չեղավ, որպեսզի մարզիկն իրեն անփոխարինելի չհամարի: Շատ դեպքերում լավ չեն աշխատել մարզչական խորհուրդները: ՀԱՕԿ-ի նախագահը նկատի առնելով, որ օլիմպիական խաղերում ձախողվելու շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել, ինչ-որ տեղ ձեռնպահ մնաց վերջնական եզրահանգումներ անելուց՝ դա թողնելով ապագա օլիմպիական կոմիտեին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ օրերս կառավարությունում քննարկվել է սպորտում տիրող իրավիճակը եւ որոշակի խնդիրներ պարզվել են: Առաջինը ֆեդերացիաների աշխատանքն է, որոնց գործունեության արդյունքներով պետք է գնահատականներ տրվեն, թե ինչ ակնկալիքներ պետք է ունենայինք: «Ցանկությունները մի կողմ թողնենք: Իրողությունը ցավալի է,- ասաց նա:- Ակնկալիքները 100 տոկոսով չկատարվեցին: Ես բազմիցս հանդիպել եմ ֆեդերացիաների ղեկավարների, հավաքականների մարզիչների հետ: Բոլորից հավաստիացումներ էինք ստանում, որ ամեն ինչ լավ է, որ եթե ինչ ասում ենք, դրա կեսն էլ բերենք, էլի շատ լավ կլինի: Մենք փորձում ենք պարզել, թե պետությունը, կառավարությունը ի՞նչ մասնակցություն է ունեցել ու ի՞նչ չի արել: Մենք ուզում ենք նախ մեր բաժինը պարզել, հետո անդրադառնալ ֆեդերացիաներին, որպեսզի հաջորդ օլիմպիադայում այսպիսի իրավիճակի մեջ չընկնենք: Առաջին հերթին պետությունը մարզական բժշկության եւ հոգեբանության բնագավառում մատը մատին չի տվել: Այդ բացը կփորձենք լրացնել մինչեւ 2008 թվականը: Երկրորդ՝ ամենակարեւոր խնդիրը բազաներն են, նորմալ պայմաններ ստեղծելը: Մեր նպատակն է երեք տարվա ընթացքում բոլոր շրջկենտրոններում վերականգնել այն մարզադպրոցները, որոնք պետք է բազա ստեղծեն հետագայում մեր մարզիկների բանակը լրացնելու համար: Սրանք պետության գործերն են, եւ պետությունը կփորձի դրանք կատարել: Բայց այն խնդիրները, որ պետք է կատարեն ֆեդերացիաները, օլիմպիական կոմիտեն, պետությունը դրանք չի լուծում, ընդամենը աջակցում է: Ֆեդերացիաները տնտեսվարող սուբյեկտ են եւ պետք է զբաղվեն բիզնեսով, ինչպես ընդունված է աշխարհում: Ամենուր ֆեդերացիաներն իրենք են ստեղծում իրենց դպրոցները, աճեցնում իրենց կադրերը: Մենք առայժմ կշարունակենք աջակցությունը մանկական սպորտին, ֆիզկուլտուրային՝ մինչեւ ֆեդերացիաները կարողանան իրենց տեղը գտնել մարզական բիզնեսի դաշտում»: Վերջում կազմակերպվեց ՀԱՕԿ-ի նոր նախագահի ընտրություն: Միաձայն ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ եւ գլխավոր հովանավոր Գագիկ Ծառուկյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Գ. Ծառուկյանը նշեց, որ ինքը առաջնային համարում է կադրերի ճիշտ ընտրությունը: Նա խոստացավ առաջիկայում այցելել հանրապետության մարզեր, տեղում ծանոթանալ ոլորտի մարդկանց, բազաների վիճակին, զբաղվել նախ պայմաններ ստեղծելով ու հետո անպայման պահանջել արդյունավետ աշխատանք: Ու որպես ժամկետ հայտարարեց 2007 թվականը: Եթե մինչ այդ հայաստանցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կայուն մեդալներ չնվաճեն, Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ կարելի է նաեւ դրսից մարզիկներ հրավիրել, որպեսզի Հայաստանի դրոշը մշտապես բարձրացվի՝ ի նշան հաղթանակների: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել