Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասը՝

Նոյեմբեր 23,2004 00:00

Կովկասը՝ մամուլում Կիրակի օրը «Թերջյան» հյուրանոցում հրավիրվել էր կլոր սեղան՝ «Հայ-ռուսական հարաբերությունների եւ Հարավային ու Հյուսիսային Կովկասի խնդիրների լուսաբանումը մամուլում» թեմայով: Ներկա քաղաքական գործիչները, ոլորտին առնչվող մարդիկ, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Նիկոլայ Սկրիպկան եւ դեսպանի խորհրդական Ալեքսանդր Զուգայնովը համոզված էին, որ հայ-ռուսական հարաբերությունների շարունակական գործընթացը պետք է դրվի ամուր հիմքերի վրա: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ այս քննարկումը կարող է սկիզբ հանդիսանալ մի գործընթացի, որը կարող է հետաքրքրել երկու ժողովուրդներին եւ գտնել այնպիսի կետեր, որ կբերի պրոֆեսիոնալ մոտեցում ինֆորմացիային: «ԶԼՄ-ներում Կովկասի խնդիրների լուսաբանման չափանիշների օբյեկտիվությունը եւ ամբողջականությունը» թեմայով իր զեկույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համոզված էր, որ օբյեկտիվության բանալին գնահատականների վերլուծական ամբողջականության եւ բազմակարծության մեջ է: «Առավոտի» համար նա մանրամասնեց. «Մեր լրագրությունը չպետք է կրկնօրինակի արեւմտյանին: Այն ավելի շուտ պիտի փորձի լինել ընկալող, քանի որ մեզ մոտ կայացած չեն ո՛չ քաղաքական ինստիտուտը, ո՛չ էլ արդյունավետ գործող կուսակցական համակարգը: Մեր պրոբլեմները գալիս են նրանից, որ մեզանում կա հոգեւոր, գաղափարական, քաղաքական ճգնաժամ՝ որպես հետխորհրդային պետություն եւ չունենք ապագայի պատկեր: Մենք չենք հաղթահարել անցումային շրջանը: Եվ թող չխաբի մեզ գործող ապիկար վարչակազմը»: «Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում» թեմայով էր ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի զեկույցը: «Մենք ունենք կարեւոր գործնական խնդիր՝ կազմակերպել դրական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, ձեւավորել ժողովրդի իմիջ եւ կերպար»,- ասաց Ա. Սարգսյանը: Իսկ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ պրն Սարգսյանը տարօրինակ համարեց, որ ռուսական կենտրոնական թերթերն ու հեռուստատեսությունը կամ չեն անդրադառնում Հայաստանին եւ ղարաբաղյան խնդրին, կամ հաղորդում են ոչ կարեւոր ինֆորմացիա: «Առհասարակ, Ռուսաստանում բացակայում է ինֆորմացիոն քաղաքականությունը Հայաստանի վերաբերյալ, ինչը չես ասի Վրաստանի կամ Ադրբեջանի մասին, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում Ի. Ալիեւը ստեղծել է ինստիտուտ, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրով,- տեղեկացրեց Ա. Սարգսյանը:- Չնայած Ռուսաստանը չի ուզում տեսնել այն խնդիրնեը, որ կան Ղարաբաղում, մենք պետք է անենք քայլեր, որոնք կբեւեռեն անհրաժեշտ ուշադրություն մեր պրոբլեմներին: Պետք է ԱԺ-ի միջոցով փոխել իրավիճակը, քանի դեռ ուշ չէ»: ԱՊՀ-ի հայկական սփյուռքի խնդիրներին եւ հայկական ինֆորմացիոն քաղաքականությանն էր վերաբերում Հայկ Բաբուխանյանի ելույթը: Իսկ «Առավոտին» նա ասաց, որ կան լրատվամիջոցներ, որոնք ուռճացնում են հայ-ռուսական հարաբերությունների բացասական կողմերը: «Մեր քաղաքականությունը պետք է հավասարաչափ բարիդրացիական լինի բոլոր հարեւանների նկատմամբ: Հայաստանի նման փոքր երկիրը ցանկալի է, որ միայն բարեկամներ ունենա: Իսկ կովկասյան իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցները պետք է ազնիվ լինեն, ինչը հաճախ չենք հանդիպում եւ դա մեզ մտահոգում է»,- ասաց Հ. Բաբուխանյանը: Գիտաժողովի վերջում աշխույժ քննարկում ծավալվեց, ընդունվեցին ներկաների առաջարկները եւ կազմվեց ամփոփագիր: Գործարար Տարոն Սահակյանը հայ-ռուսական հարաբերություններում կարեւոր համարեց համակարգված աշխատանքը. «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի կենտրոն, որտեղ լինեն ե՛ւ մասնագետներ, ե՛ւ ժուռնալիստներ, ե՛ւ մտավոր կարողություն եւ փորձ ունեցող մարդիկ, որոնք կապահովեն այդ համակարգի կենսունակությունը եւ կբերեն ճիշտ համագործակցության»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել