Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր, ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ է

Նոյեմբեր 23,2004 00:00

ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր, ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄ է Մեր իրականություն է մուտք գործում մեր մտածողությանն ի սկզբանե խորթ համարված մի նոր երեւույթ՝ հակասեմիտիզմը: Ինչ ասես մենք եղել ենք՝ թափառական ու պանդուխտ, որտեղ հաց՝ այնտեղ կաց նշանաբանով, ծառայամիտ, օտարի բանակը Հայաստան առաջնորդող, պարսկամետ, բյուզանդամետ, ռուսամետ, բայց հակասեմիտ երբեք չենք եղել։ Հականերից՝ հակաթուրք ենք, արդեն երկու հարյուր տարի, բայց սա արդեն ազգային նկարագիր է, ինքնագիտակցություն եւ հայրենասիրության չափի միավոր, ինչքան շատ ես հակաթուրք, այնքան հայրենասեր ես։ Սակայն մեր այս հակաթուրքությունը այլեւս անվտանգ է ու թուրքերին չի էլ խանգարում։ Երեւույթի սկզբնապատճառը մոռացվել եւ սեւեռուն գաղափարի վերածվելով՝ դադարել է Թուրքիայի ու թուրքերի հետ առնչություն ունենալուց։ Ցանկացած հակա-ություն ինքնին բացասական երեւույթ է։ Բայց ինչքան էլ բացասական լինի, միեւնույն է, մարդուն հատուկ են արատավոր, վտանգավոր ու արկածախնդիր գաղափարները։ Դրանք հիմնականում ունենում են իրենց բացատրություններն ու պատճառաբանությունները։ Օրինակ, մեր հակաթրքությունը պատճառաբանվում է մեր պատմությամբ։ Մենք մեր դժբախտությունների եւ անհաջողությունների պատճառը մեր մեջ փնտրելու փոխարեն փնտրել եւ հաջողությամբ գտել ենք թուրքերի մեջ եւ արդյունքում՝ հակաթուրք ենք, բայց հակասեմիտիզմը որեւէ հասկանալի բացատրություն չունի։ Սկսած միջնադարից մինչեւ Հիտլեր ու մեր օրեր, այդպես էլ որեւէ հակասեմիտ որեւէ հասկանալի բացատրություն չի տվել հակասեմիտիզմին, այդ պատճառով էլ այն դիտարկվում է որպես հոգեկան հիվանդություն։ Թվում էր՝ այս մի արատը մեր կողքով անցել ու մեզ չի դիպել, բայց արի ու տես, որ այսօր՝ 21-րդ դարում, երբ մարդկությունը համամարդկային խնդիրներ է լուծում, հայկական հեռուստացույցի էկրանից ամիսներ շարունակ հրեա ժողովրդի հասցեին հերյուրանքներ ու հայհոյանքներ են հնչում, աղավաղվում են պատմական դեպքերն ու դեմքերը, պիտակավորվում է մի ամբողջ ժողովուրդ։ Երիտթուրքերին ու Թալեաթին վերագրվում է հրեական ծագում եւ այստեղից հետեւություն, հրեաներն են իրականացրել հայկական եղեռնը եւ մեր իրական թշնամին ու թիրախը հրեաներն են։ Հայտնվում են ինչ-որ «խելոք» մտավորականներ, որոնք դեմքին խելացի արտահայտություն տված, գնում ու մասնակցում են այս կարգի բանավեճերի։ Գրքեր են հրատարակվում, ուր հերքվում է հոլոքոստը, հայտարարվում է, որ այն 20-րդ դարի մեծագույն բլեֆն է, եւ սա՝ եղեռն տեսած ու եղեռն ապրած ժողովրդի հայրենիքում։ Առաջին հայացքից այս ամենը թվում է անլուրջ եւ ուշադրության ոչ արժանի, ինչպես 20172րդ դարի 20-ական թվականներին թվում էին գարեջրատներում աղմկող գերմանացի ֆաշիստները, բայց թե ինչ ստացվեց դրանից՝ լավ հայտնի է։ Եվ, հանկարծ, այս ֆոնի վրա, խանգարված մի հրեա երիտասարդ Երուսաղեմում հարձակվում է հայ հոգեւորականի վրա ու թքում խաչին։ Արարքը լկտի է եւ դատապարտելի։ Բայց ավելի լավ նվեր հայ հակասեմիտները երազել անգամ չէին կարող։ Նրանք սկսում են պահանջել, որ մի ամբողջ ժողովուրդ, ազգովի, մի հանցագործի պատճառով ներողություն խնդրի հայերից, փոխանակ պահանջեն օրենքի ողջ խստությամբ պատժել նրան։ Պահանջում են նաեւ Հայաստանի հրեա համայնքից ներողություն խնդրել։ Իսկ ինչքան տեղին կլինի, եթե վրացիները պահանջեն Թբիլիսիի հայ համայնքից ներողություն խնդրել վրացիներից Հայաստանում մի քանի նացիոնալիստների հակավրացական տրամադրությունների համար կամ Թուրքիայի հայ համայնքից նույնը պահանջեն թուրքերը։ Փառք Աստծո, մենք աշխարհի շատ ժողովուրդների մեջ համայնք ունենք, այդ թվում՝ հրեաների հայրենիքում՝ Իսրայելում։ Իսկ ինչ իրավունքով եւ ով է մեր հայրենակից հրեաներից պահանջում ինչ-որ սրիկայի կամ հանցագործի կատարած արարքի համար ներողություն հայցել, ինչի համար նրանք պետք է ներողություն խնդրեն, արդյոք այն բանի համա՞ր, որ մեր երկրում ապրելով մեզ հետ կիսել են մեզ բաժին ընկած ճակատագիրը՝ ե՛ւ խորհրդային բռնությունը, ե՛ւ 88-ի զարթոնքը, ե՛ւ անկախության հպարտությունը, ե՛ւ պատերազմի դժվարությունները, ե՛ւ ցուրտ ու մութ ձմեռները, ե՛ւ այսօրվա գորշությունը, որտեղից էլ գուցե ծնվում են չպատճառաբանված չարությունն ու ատելությունը, որի հետեւանքով ջրի երես են բարձրանում տիղմը եւ ողջ նստվածքը՝ աղավաղելով մեզ ու մեր կյանքը։ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել