Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի

Նոյեմբեր 23,2004 00:00

Հայաստանցի ուսանողները՝ արցախցի դպրոցականներին Օրերս ՀՀ չորս բուհերի (Հայաստանի պետական ճարտարագիտական, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սլավոնական եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների) 50 ուսանողներ «Կրթությունը՝ ազգի ուժ» ծրագրի շրջանակներում այցելեցին Արցախ: Ուսանողները 11000-ից ավելի դասագրքեր եւ գեղարվեստական գրքեր հանձնեցին Շուշիի եւ Մարտունու շրջանի դպրոցներին: Կոնսերվատորիայի ուսանողներն էլ համերգներով հանդես եկան Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի միջնակարգ դպրոցում, Ստեփանակերտի մշակույթի տանը եւ զորամասում: Դասագրքի կարիք ունեին Արցախի բոլոր դպրոցները, սակայն ամենից շատ այն անհրաժեշտ էր Վազգենաշենի միջնակարգ դպրոցին: Դպրոցի պատմության ուսուցչուհի Մարուշ Մաթեւոսյանից տեղեկացանք, որ դպրոցին ի սկզբանե դասագրքեր չեն տրամադրվել. «Մենք դրանք հայթայթել ենք կողքի գյուղերի դպրոցներից: Սակայն եղածը չի բավականացնում: Օրինակ, ես 6 ութերորդցիների «Իրավունք» եմ դասավանդում՝ 2 դասագրքով»: Գյուղը վերաբնակեցված է եւ այսօր այստեղ շուրջ 70 ընտանիք է ապրում, որոնք ՀՀ մարզերից են, ինչպես նաեւ Ադրբեջանից գաղթած փախստականներ: Նորեկների մեծ մասը սոցիալապես անապահովներ են եւ այստեղ են տեղափոխվել «մի կտոր հաց ստեղծելու» նպատակով: Ժողովրդի սոցիալական վիճակն ակնհայտ էր հենց սկզբից. հյուրերին դիմավորող երեխաներից շատերը, չնայած ցրտին, բարակ, հնամաշ շորեր եւ ռետինե երկարաճիտք կոշիկներ էին հագել: Վազգենաշենում բազմազավակությամբ ոչ ոքի չես զարմացնի, քանի որ ընտանիքների մեծ մասը 5-ից ավելի երեխա ունի: Ի դեպ, Վազգենաշենի ականազերծման աշխատանքները դեռ չեն ավարտվել եւ ամենուր թափթփված է զանազան ռազմամթերք: Գյուղապետ Անդրանիկ Բաբայանն ասաց, որ հաճախ դրանք երեխաներն են հայտնաբերում եւ մի քանի անգամ նկատել են, որ նրանք չհասկանալով՝ խաղում են դրանց հետ: Վազգենաշենի դպրոցը վերակառուցվել է 2002-ին: Թեեւ դպրոցը եռահարկ է, սակայն օգտագործվում է միայն 3-րդ հարկը, իսկ մյուսները ավերված էին: Դպրոցում այժմ 75 երեխա է սովորում, գրեթե բոլոր դասարաններում 8-9 աշակերտ կա, միայն 5-րդում եւ 9-րդում՝ ընդամենը 4-ն են: Դպրոցի տնօրեն Մհեր Պողոսյանը հպարտորեն նշեց, որ անցյալ տարվա 4 շրջանավարտից 3-ը Արցախի պետական համալսարան է ընդունվել: Դպրոցում մարզական գույք ընդհանրապես չկար: Նույնիսկ մարզադահլիճ չունեին: Մ. Մաթեւոսյանն ասաց, որ Ղարաբաղի երիտասարդական միության նվիրած գնդակների, շաշկիների եւ շախմատների օգնությամբ են անցկացնում ֆիզկուլտուրայի դասերը: Դպրոցում պակասում էին նաեւ գրատախտակները: 9 դասարանից 7-ում դրանք նոր էին, իսկ մյուս երկուսում դրանց վրա գրելն անհնար էր: Մհեր Պողոսյանը նշեց, որ դպրոցի 1-ին եւ 2-րդ դասարանները «կոմպլեկտավորված» են, այսինքն՝ միասին են դաս պարապում: Եվ միայն մայրենի լեզվի համար առանձին խմբակներ են գործում: Դպրոցներում մանկավարժների պակասը լրացնում էին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել