Երանոսում տղամարդկանց վերադարձի սեզոն է Ըստ ավանդության՝ 20-րդ դարի սկզբին գաղթողներն իջեւանել են գյուղում եւ տեսնելով այնտեղի մարդկանց ապրուստը՝ ասել են. «Երանի հոս մնայի»: Մարտունի տանող կենտրոնական մայրուղուց ոտք դնելով անբարեկարգ ու քարքարոտ ճանապարհին, միանգամից հասկացա, որ Երանոսն այդքան էլ երանելի չէ, որքան հեռվից թվում է: Բայց Երանոսը Հայաստանի այն եզակի գյուղերից է, որտեղ չնայած հանրապետության տնտեսական «աճի» ակնհայտ «ձեռքբերումների», «առաջընթացի» եւ այլ արհավիրքների, մարդիկ քիչ են դժգոհում: Դրամ վաստակելու համար տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի եւ վերադառնում աշնանը: Գյուղն ունի մոտ 6300 բնակիչ: Գյուղացիների պատմելով, չկա մի ընտանիք, որը դրսում սեզոնային աշխատող չունենա: Հիմա վերադարձի սեզոն է: Տղամարդիկ գյուղում են: Ովքեր դրսում լավ գումարներ են աշխատել, գյուղում տներ են կառուցում, մոտեցնելով այն Երեւանի մեծահարուստների տների չափանիշներին՝ եռահարկ, դիմացը առյուծի արձան՝ կողքին շարված կորյուններով, իսկ տանը կից՝ փոքրիկ մատուռ: Գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, առաջիկայում նախատեսվում է նաեւ հիվանդանոց: Հեռախոսակապ կա, սակայն այն հեռավոր աղերս իսկ չունի «ԱրմենՏելի» խոստացած թվայինի հետ: Չկա ասֆալտապատ ճանապարհ, բայց երանոսցիները գոհ են եղածով եւ հպարտանում են, որ մյուս գյուղերից ամենալավ ճանապարհն իրենցն է: Առաջնահերթ խնդիրներ են՝ ոռոգման ցանցի վերակառուցումը եւ աշխատատեղերի ստեղծումը: Ըստ գյուղապետ Գագիկ Խանսանամյանի, աշխատատեղեր ստեղծելու համար առաջիկայում նախատեսվում է բացել գորգի, ադամանդի եւ պանրի արտադրամասեր: Ոչ երանելի է թոշակառուների կյանքը. «Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավելի երջանիկ ու լավ էինք ապրում, քան հիմա»,- ասաց տիկին Անիկը, որն ապրում է թոշակառու ամուսնու հետ եւ դրսից էլ օգնող ձեռք չունի: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ներկայացրել ենք Գեղարքունիքի մեծ համայնքների ճանապարհաշինության հարցը, Երանոսինը եւս: Հույս ունենք, որ առաջիկայում այդ հարցերը կլուծվեն»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆՀ. Գ. Ազգանվանս եւ գյուղի անվան նմանությունը պատահական է: