Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԱՏԵՐԵՐԻՆ

Նոյեմբեր 23,2004 00:00

ՀՈՂԱՏԵՐԵՐԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ՝ ՎԱՃԱՌՈՒՄ Իսկ այգիները հողին են հավասարեցվում «ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո, մնալով առանց աշխատանքի ու ապրուստի միջոցի, բազալտի ժայռաբեկորներից, շինարարական թափոններից, լեշերից ու աղբից մաքրեցինք ամայի տարածքները, հող լցրինք ու ստեղծեցինք բերքատու այգիներ: Շուրջ մեկուկես տասնամյակի մեր չարչարանքի արդյունքն այս օրերին տրակտորով քանդում են, արմատախիլ անում բերքը վրան ծառերն ու թփերը»: «Սարքովի» աճուրդների հերթական զոհն այս անգամ Երեւանի Ավան համայնքի մի խումբ բնակիչներ են: Բաբաջանյան փողոցին հարող շուրջ 6000 քմ տարածքի մրցույթ-վաճառքը տեղի է ունեցել 1-2 ամիս առաջ: Այգիների անփաստաթուղթ տերերը, ինչպես սովորաբար լինում է, նախապես տեղեկացված չեն եղել: Պատճառը մեկն է ու պարզ. ՀՀ հողային օրենսգրքի դրույթներից մեկով՝ նման դեպքում հողը մշակողն ունի այն գնելու նախապատվության իրավունք: Հասկանալի է, որ հենց այդ հանգամանքն էլ խոչընդոտ է դառնում թաղապետարանների ու քաղաքապետարանի համար, որպեսզի հեշտ ու հանգիստ հողատեր դարձնեն իրենց նախընտրածին: Իսկ թե բողոքեցին՝ արդարացում կա. աճուրդից առաջ հայտարարություն է տրվում երկու օրաթերթում: «Չե՞ք կարդացել՝ չբողոքեք, հրավեր չէինք ուղարկելու»,- խնդիրը կոծկում են մրցույթի կազմակերպիչ պաշտոնյաները: Այս դեպքում, ըստ բողոքող հողատերերի, նրանցից մեկն է ժամանակին տեղեկացել, այն էլ Ավանի թաղապետարանում աշխատող աղջկա շնորհիվ: Իսկ մնացած 10-ն աճուրդի մասին լուրը ստացել է ոչ թե պաշտոնյաներից, այլ տրակտորով այգիներն ավերող նոր հողատերերից: «Տասնհինգ տարի է՝ մշակում ենք այս տարածքը, նույնքան ժամանակ էլ հողը սեփականացնելու խնդրանք-դիմումներ ենք ուղարկել թաղապետարան, քաղաքապետարան, նախագահի աշխատակազմ: Բայց տարբեր պատճառներով մերժել են»,- «Առավոտին» ասացին բողոքող քաղաքացիները՝ ներկայացնելով ստացած պատասխաններից մի քանիսը: Քաղաքի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը, օրինակ, մերժել է՝ հայտնելով, որ այդ տարածքում պետք է հիմնվի «կուլտուրայի եւ հանգստի այգի», իսկ 2004-ին՝ «տարածքի մի հատվածը գտնվում է պատմամշակութային գոտում» եւ հիշեցրել, որ հողհատկացումը կատարվում է միայն աճուրդային վաճառքով: Ըստ բնակիչների՝ մի քանի ամիս առաջ՝ հունիսին, թաղապետարանից ստացած վերջին պատասխանով էլ «այս հողերն աճուրդի ենթակա չեն»: Ինչպես պարզվում է, այդ պատասխանին զուգահեռ, թաղապետարանը համաձայնություն է տվել քաղաքապետարանի հարցմանը՝ տարածքն աճուրդի դնելու կապակցությամբ: Տարածքը վաճառվել է 400 քմ կտորներով: Երեկ այս մասին տեղեկացանք Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանից: Ինչո՞ւ են ապակողմնորոշել այգու տերերին՝ հեռու պահելով աճուրդից: Պարոն Մարգարյանի կարծիքով՝ «միեւնույն է, նրանք գնորդ չէին, ինձ էլ ինչքան դիմել են՝ ձրի են ուզել հողը»: «Մենք պատրաստ էինք մեր բնակարանները վաճառել ու գնել հողը, որ մեր քրտինքի արդյունքը չոչնչանար»,- ուշացած խոստովանում էին խմբագրություն այցելած հողատերերը: Նրանց ասելով՝ արդեն հողին են հավասարվել գրեթե բոլորի պտղատու ծառերը: 60-ամյա մի հողատեր այս օրերին գիշերում է հազվագյուտ տեսակի իր ծառերի տակ, թեպետ մի մասն արդեն ոչնչացված է: Նա նույնիսկ նկարահանել է բոլոր ծառերը, հետագայում դատարան ներկայացնելու նպատակով: Ծառերի փոխհատուցման մասին խոսք դեռ չի եղել, ընդդիմացողները ենթարկվել են ծեծի ու սպառնալիքի՝ կանխելով մյուսների «ըմբոստությունը»: Այնինչ թաղապետը մեզ ասաց, թե «մարդկայնորեն խնդրել եմ սեփականատերերին՝ փոխհատուցել ծառերի վնասը»: Ի դեպ, հողը ծառերից դատարկելուց հետո հնարավոր չի լինի ապացուցել, թե ինչ տարիքի եւ քանակի ծառ է եղել տարածքում: «Գոնե նախապես զգուշացնեին՝ մնացած բերքը հավաքեինք, տնկիները հանեինք-վաճառեինք, գիշերով տրակտորը մտցրել ու արմատախիլ են արել ողջ այգին»,- վրդովված էին մեր բողոքարկուները: Ասենք նաեւ, որ շուտով նրանց կմիանան Թումանյան թաղամասի բնակիչները, որոնց այգիները ոչնչացնելու են՝ դեպի եկեղեցի ճանապարհ կառուցելու նպատակով: Հին ճանապարհը վաճառվել է դեռեւս 2 տարի առաջ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել