Սովորական ԱՊՀ-ական ընտրություններ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է կիրակի այդ երկրում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի, մոտ 3 տոկոս առավելությամբ հաղթանակ է տարել իշխանության թեկնածու Վիկտոր Յանուկովիչը: Սակայն ընդդիմադիր Վիկտոր Յուշչենկոն եւ նրա կողմնակիցները վստահեցնում են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Հետաքրքիր է, որ երկրի արեւմտյան հատվածում, որտեղ ընդդիմադիր թեկնածուն հաղթել էր դեռ 1-ին փուլում, ընտրության մասնակցել էր ընտրողների 74-76 տոկոսը, մինչդեռ գործող վարչապետին սատարող արեւելյան հատվածում ընտրողների մասնակցությունը համարյա 94 տոկոս է արձանագրվել: Որ այստեղ իշխանությունների մատը խառն է, որ այստեղ ընտրակեղծիքներն ակնհայտ են՝ ուկրաինական ընդդիմությունը չի կասկածում: Երեկ Կիեւում տեղի ունեցած հանրահավաքում Յուշչենկոն ներկայացրել է Յանուկովիչին հաղթած թեկնածու հայտարարելու դեպքում ընդդիմության գործողությունների հնարավոր երեք սցենար: Դրանցից մեկով նախատեսվում է երկրի Գերագույն ռադայի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու ընտրությունների ժամանակ տեղ գտած կեղծիքների հարցը: Երկրորդ սցենարով նախատեսվում է բողոքի զանգվածային ակցիա կազմակերպել՝ վրանային ավան ստեղծել մայրաքաղաքի կենտրոնում, ուր կհավաքվեն տասնյակ հազարավոր մարդիկ: Յուշչենկոյի ասելով՝ իրենք հասկանում են, որ «կիեւցիների ջանքերով հնարավոր է արդարության հասնել»: Նախատեսված երրորդ սցենարի համաձայն, ընդդիմությունը պետք է աշխատանքներ տանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դատարաններում եւ դատախազությունում: Ընդդիմությունը երեկ սկսել էր գործել առաջին սցենարով եւ ուղղվել էր Գերագույն ռադայի շենքի մոտ: Հանրահավաքին մասնակցում էր շուրջ 100 հազար մարդ: Գործող վարչապետին ակնհայտորեն սատարող Ռուսաստանն, ինչպես միշտ, փորձում է սեփական աշխարհաքաղաքական շահերին համապատասխան մեկնաբանել Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: Յանուկովիչին արդեն շնորհավորել են Պուտինը եւ Գրիզլովը։ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն է հայտարարել, թե Վիկտոր Յանուկովիչի ընտրությունը օրինաչափ է: Ըստ նրա, «Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունը միշտ ռուսամետ տրամադրություններ է ունեցել, ուստի ժողովրդավարական ճանապարհով երբեք հնարավոր չէ հակառուս նախագահի ընտրություն»: Զատուլինի ասելով՝ եթե ընդդիմությունը փորձի ըմբոստանալ՝ կստանա ծոծրակին: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է: Երեկ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Կիեւի Ազատության հրապարակում հավաքված մի քանի տասնյակ հազարավոր ցուցարարները երթով շարժվել են դեպի Կիեւի քաղաքապետարան, ուր նրանց առաջ դուրս է եկել քաղաքապետ Ալեքսանդր Ամելչենկոն եւ հայտարարել, թե՝ «մայրաքաղաքի ընտրողների 75 տոկոսը ձայն է տվել Վիկտոր Յուշչենկոյին, եւ ես չեմ կարող հաշվի չնստել կիեւցիների ընտրության հետ: Ես կիեւցիների կողմն եմ»: Ռուս փորձագետները միաժամանակ կարծիք են հայտնել, թե ԿԸՀ-ի վրա ընդդիմությունը դժվար թե գրոհի. «Նրանք կփորձեն ստեղծել երկրորդ իշխանական կենտրոն՝ ի դեմս երկրի խորհրդարանի եւ փողոցում հավաքվածների: Երկրի խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կանցնի ընդդիմության կողմը»: Միաժամանակ Ուկրաինայի ՆԳ նախարարն է հայտարարել, թե վրացական սցենար, երբ ուժայիններն անցան Սահակաշվիլու կողմը, Ուկրաինայում չի կրկնվի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ