Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ» ՄԱԿ-ՈՒՄ

Նոյեմբեր 23,2004 00:00

«ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ» ՄԱԿ-ՈՒՄ Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքննարկվի, այսպես կոչված, «Ադրբեջանի գրավյալ տարածքների մասին» հարցը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ է մտել Ադրբեջանի գործուն ջանքերի շնորհիվ: Հարցն օրակարգ մտցնելուն կողմ էր քվեարկել 42 երկիր: Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում որեւէ կերպ չի կարողացել խանգարել հարցն օրակարգ մտցնելու գործընթացին, քանի որ ադրբեջանական կողմը բավականին ակտիվ է նախապատրաստվել: Ըստ էության սա կարելի է համարել հայկական դիվանագիտության հերթական պարտությունը եւ կարելի է արձանագրել, որ հայերը կրկին մենակ մնացին միջազգային հարթակում: Ավելի ճիշտ, ոչ թե մենակ, այլ Գամբիայի հետ միասին, քանի որ միայն այս երկիրն է դեմ քվեարկել: Հայկական կողմի փաստարկը՝ հարցը չքննարկելու մասին, եղել է հետեւյալը. «Այն պահին, երբ ընթանում են բանակցություններ երկու երկրների նախագահների միջեւ, Ադրբեջանը փորձում է զուգահեռ գործընթաց սկսել, որը կարող է խանգարել խաղաղ կարգավորման հեռանկարը»: Իսկ Ադրբեջանի նամակում ասվում է, որ հարցի քննարկումը պետք է շտապեցնել. «Ադրբեջանի գրավյալ տարածքներում այժմ իրականացվում են ապօրինի գործողություններ, որոնք արտահայտվում են, մասնավորապես, նրանում, որ արհեստականորեն վերաբնակեցվում են այդ տարածքները` ժողովրդագրական իրավիճակն այնտեղ փոփոխելու համար: Հաշվի առնելով այդ գործողությունների հեռահար նպատակները, որոնք վտանգավոր են հակամարտության զարգացման համար եւ կործանարար կարող են լինել խաղաղ բանակցային գործընթացի համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է քննի այդ հարցը, որպեսզի միջոցներ կիրառի օկուպացիային եւ ապօրինի գործողություններին վերջ տալու համար»: Այսօր հայկական դիվանագիտության համար պետք է որ դժվար օր լինի, քանի որ ակնհայտորեն գործերն այսուհետ ավելի վատ են լինելու Արցախի հիմնահարցի լուծման ճանապարհին: 1991-92 թթ., երբ խնդիրը քննարկվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, դարձյալ դժվար էր: ՄԱԿ-ում շատ ավելի դժվար է հարցերը լուծել, որովհետեւ բոլոր բանակցությունները վարվում էին փակ դռների ետեւում, եւ հետո՝ սա Ադրբեջանին հնարավորություն էր տալիս տարբեր կազմակերպությունների միմյանց դեմ օգտագործելով՝ որոշ բանի հասնել: Այս ամենին ժամանակին փոխարինեց Մինսկի խմբի ֆորմատը: Հայաստանի վերջին վեց տարիների արտաքին քաղաքականությունը ապացուցեց, որ Հայաստանը որեւէ լուծման պատրաստ չէ եւ ընդամենը ուզում է հարցը ձգձգել՝ կամ էշը կսատկի, կամ՝ իշատերը սկզբունքից ելնելով: Ադրբեջանը, հակառակը, այլ ելք չտեսնելով՝ հիմա էլ փորձում է գործընթացում ներգրավել ՄԱԿ-ին: Ըստ էության, ադրբեջանական կողմը բավականին հետեւողական է գտնվել այս բոլոր տարիներին եւ հասել է նրան, որ Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ձեւավորվել է որոշակի տերմինաբանություն, որը, որքան էլ ոմանք պնդեն, թե իրավական ուժ չունի, միեւնույն է՝ խիստ վտանգավոր է: Այժմ աշխարհում քչերն են Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը կոչում հենց այս անունով, նույնիսկ մեզանում խոսում են Ադրբեջան-Հայաստան հակամարտության մասին: Եվ սա տեղի է ունեցել ադրբեջանական ջանքերի շնորհիվ: Այս ամենը Ադրբեջանի համար դառնում է հիմք՝ ապագայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու համար: ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանին խնդրեցինք մեկնաբանել, թե ի՞նչ վտանգներ եւ անակնկալներ կարող են մեզ համար պարունակել ՄԱԿ-ում այսօր ընթացող քննարկումները: Մեր զրուցակցի կանխատեսմամբ, ՄԱԿ-ը կկազմի բանաձեւ, որում կներառվի կոչ՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որով կառաջարկվի փաստերի հավաքման առաքելություն ուղարկվել տարածաշրջան՝ տեղում պարզելու համար իրավիճակը: Այս մասին, եթե հիշում եք, խոսել են նաեւ Հոլանդիայի ներկայացուցիչները, որոնք պնդում էին, որ փաստերի հավաքագրմամբ պետք է ԵԱՀԿ-ն զբաղվի: Եթե փաստերի հավաքագրման առաքելությունը որոշի, որ տարածքները պետք է կոչել Հայաստանի կողմից գրավված, ապա հաջորդ քայլը պետք է լինի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Այս գործընթացը հօգուտ մեզ, ըստ Ալեքսանդր Արզումանյանի, չի կարող շրջվել: Դա պետք է լիներ վեց տարի առաջ. «Այսօր Հայաստանի դիվանագիտությունը ոչինչ չի կարող անել: Մաքսիմում պահանջելու է, որ բանաձեւը դրվի քվեարկության եւ ոչ թե ընդունվի փոխհամաձայնությամբ»: Ըստ պրն Արզումանյանի, եվրոպական երկրներն այս դեպքում ձեռնպահ կլինեն, մի շարք երկրներ ընդհանրապես չեն մասնակցի քվեարկությանը, միանշանակ կողմ կլինեն Իսլամական կոնֆերանսի երկրները, կոլեկտիվ անվտանգության անդամ շատ երկրներ: Մինսկի խումբը պարզապես կարող է ֆիքսել, որ ինքն է զբաղվում այդ խնդրով, եւ քանի դեռ որոշում չկա՝ ճիշտ չէ հարցն այլ ատյաններում լսելը: «Նույնիսկ եթե սա լինի, ոչինչ ավելին չի տալու մեզ, քան այն, ինչ արդեն կա»,- եզրակացրեց պրն Արզումանյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել