Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՔՎՈՐՈՒՄԻ ԵՎ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

Նոյեմբեր 23,2004 00:00

ՀԿԿ
36-րդ համագումարը, ըստ էության, տապալվեց «Լինելով կուսակցության բարձրագույն
մարմնի՝ համագումարի պատգամավորներ, մենք պահանջում ենք, որ համագումարը լսի մեր
խոսքը եւ կազմակերպի համապատասխան քննարկում՝ կուսակցության ներսում բուն դրած դավաճանական
երեւույթների շուրջ: Հարցը վերաբերում է ոչ այնքան մեզ, որքան կուսակցության ճակատագրին»,-
շաբաթ օրը նախատեսված ՀԿԿ 36-րդ համագումարին այս պահանջով էին ներկայացել միայն
հոգով կոմունիստներ Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը, Սանատրուկ Սահակյանը եւ Պավել
Գրիգորյանը: Պահանջը, իհարկե, լսող չեղավ եւ կոմունիստական այլախոհները իրենց համակիրներով
ստիպված էին մնալ Մելիք-Ադամյան փողոցում՝ «Ամոթ՝ ծախվածներին», «Թովմասյան, հեռացիր»,
«Թովմասյանը՝ կուսակցության գերեզմանափոր», «Թովմասյան դավաճան» պաստառներով եւ «ամոթ-ամոթ»
վանկարկումներով: Հասարակական կարգը պահպանող ոստիկանները փակել էին շենքի մուտքի
դռները եւ «օձն իր պորտով, հավքն իր թեւով», նույնիսկ մանդատով կամ հրավիրատոմսով
չէր կարող դահլիճ սողոսկել: «Դուռն իրենք են փակել, բանալին մեզ մոտ չէ, չենք կարող
ներս թողնել»՝ ի պատասխան լրագրողների ներս մտնելու խնդրանքի, այսպես էին արձագանքում
ոստիկանները: Որեւէ կերպ չհաջողվեց ճշտել «իրենքի» ինքնությունը: Հետո երկկողմանի
բանակցությունների արդյունքում լրագրողներին, այնուամենայնիվ, ներս թողեցին, սակայն
բախտի ծաղրով «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ «Այբ-ֆե» թերթերի լրագրողները հայտնվեցին
ամբոխի ետնամասում եւ պատիվ չունեցան ներկա գտնվելու համագումարի բացման արարողությանը:
Մեկ ժամ ուշացումով համագումարը սկսվեց: Պատվիրակների ընդհանուր թիվը 370-ն էր, ըստ
կուսակցության կանոնադրության՝ քվորումը պետք է ապահովեին պատվիրակների 23-ը, սակայն
հասարակական կարգի պաշտպանների օգնությամբ, այնուամենայնիվ, ներս մտնելուց հետո հաշվեցինք,
որ դահլիճում՝ լրագրողներն ու օպերատորներն էլ հետը, ընդամենը 124 մարդ կար: Զեկուցման
կեսից ՀԿԿ առաջին քարտուղարը գիտակցությունը կորցրեց եւ վայր ընկավ: Ժամանած շտապօգնության
խումբը, առաջին օգնություն ցույց տալուց հետո, ընկեր Թովմասյանին իրենց իսկ մեքենայով
տեղափոխեցին տուն: Հաջորդ օրը երեկոյան «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ընկեր Թովմասյանն
ասաց, որ իրեն արդեն լավ է զգում եւ հավանաբար այսօր արդեն դուրս կգա աշխատանքի ու
պարզաբանումներ կտա: Համագումարն իր աշխատանքը շարունակեց առանց առաջին քարտուղարի:
Ընդ որում, դահլիճում ներկաների մեծ մասն, ըստ դուրսը մնացած այլախոհ Նորիկ Պետրոսյանի,
ոչ կոմունիստներ էին, ոչ էլ պատվիրակներ՝ «պատահական մարդիկ էին»: Դահլիճում, սակայն,
եղան բոցաշունչ ելույթներ, միաձայն ընտրվեց կուսակցության ղեկավար կազմը՝ Ռ. Թովմասյանի
գլխավորությամբ: Ընդդիմադիրները, բնականաբար, համաձայն չեն այդ որոշման հետ.
«Այդ համագումարը համագումար չէ, մենք համագումար կհրավիրենք, իրենց էլ կհրավիրենք՝
կտեսնեք համագումարը ինչպես է լինում: Այ էդ համագումարը ինչ որոշի՝ այդպես էլ կանենք»,-
«Առավոտին» փոխանցեց Խորեն Սարգսյանը: Ի դեպ, բարիկադների հակառակ կողմում հայտնվեցին
անգամ ՀԿԿ ներկայիս ղեկավարության կողմնակիցները, որոնցից շատերը տեղում կողմնորոշվեցին՝
համալրելով ընդդիմության շարքերը. «Ես կոմունիստ եմ, ոչ մեկի կողմից էլ չեմ, երախտիքի
խոսք ունեմ այս կուսակցությանը ասելու: Ամոթ իրենց, որ ամբիցիաներից էսպիսի բաներ
են ստեղծում: Ավելի խայտառակում են առանց այդ էլ խայտառակ եղած կուսակցությունը:
Թող իրենց խոսքն ասեն, համագումարն էլ որոշի ճիշտն ու սխալը»,- այսպես էին արտահայտվում
վերնախավի տարաձայնություններից անտեղյակ շարքայինները: Չհաջողվեց ներս մտնել նույնիսկ
Լիբանանից ժամանած հրավիրյալին: Իսկ անդրդվելի թովմասյանականները, որոնք նույնպես
դուրսն էին մնացել, մի ցուցակ կազմեցին, որտեղ գրանցվում էին եւ փաստում, որ իրենք
կողմ են ներսում ընդունվելիք ցանկացած որոշման: Իրադարձությունները, բնականաբար,
զարգանում էին ծեծկռտուքով, փոխադարձ վիրավորանքներով: Ընդ որում, ծեծկռտուքը հրահրում
էին 6-7 սափրագլուխ երիտասարդներ, 25-30 տարեկան: Նրանք հատուկ հետապնդում էին ընդդիմադիր
կանանց եւ լեզվակռվի բռնվում, ինչ-որ պահի խոսակցությանը նաեւ տղամարդիկ էին խառնվում,
ինչին հետեւում էին քաշքշոցն ու հայհոյանքները: Ոստիկանները սահմանափակվում էին միայն
երիտասարդների հետ բարոյախրատական զրույցներ անցկացնելով: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել