Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երանոսում տղամարդկանց վերադարձի սեզոն է

Նոյեմբեր 23,2004 00:00

Ըստ
ավանդության՝ 20-րդ դարի սկզբին գաղթողներն իջեւանել են գյուղում եւ տեսնելով այնտեղի
մարդկանց ապրուստը՝ ասել են. «Երանի հոս մնայի»: Մարտունի տանող կենտրոնական
մայրուղուց ոտք դնելով անբարեկարգ ու քարքարոտ ճանապարհին, միանգամից հասկացա, որ
Երանոսն այդքան էլ երանելի չէ, որքան հեռվից թվում է: Բայց Երանոսը Հայաստանի այն
եզակի գյուղերից է, որտեղ չնայած հանրապետության տնտեսական «աճի» ակնհայտ «ձեռքբերումների»,
«առաջընթացի» եւ այլ արհավիրքների, մարդիկ քիչ են դժգոհում: Դրամ վաստակելու համար
տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի եւ վերադառնում աշնանը: Գյուղն ունի մոտ
6300 բնակիչ: Գյուղացիների պատմելով, չկա մի ընտանիք, որը դրսում սեզոնային աշխատող
չունենա: Հիմա վերադարձի սեզոն է: Տղամարդիկ գյուղում են: Ովքեր դրսում լավ գումարներ
են աշխատել, գյուղում տներ են կառուցում, մոտեցնելով այն Երեւանի մեծահարուստների
տների չափանիշներին՝ եռահարկ, դիմացը առյուծի արձան՝ կողքին շարված կորյուններով,
իսկ տանը կից՝ փոքրիկ մատուռ: Գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մանկապարտեզ,
բուժկետ, առաջիկայում նախատեսվում է նաեւ հիվանդանոց: Հեռախոսակապ կա, սակայն այն
հեռավոր աղերս իսկ չունի «ԱրմենՏելի» խոստացած թվայինի հետ: Չկա ասֆալտապատ ճանապարհ,
բայց երանոսցիները գոհ են եղածով եւ հպարտանում են, որ մյուս գյուղերից ամենալավ
ճանապարհն իրենցն է: Առաջնահերթ խնդիրներ են՝ ոռոգման ցանցի վերակառուցումը եւ աշխատատեղերի
ստեղծումը: Ըստ գյուղապետ Գագիկ Խանսանամյանի, աշխատատեղեր ստեղծելու համար առաջիկայում
նախատեսվում է բացել գորգի, ադամանդի եւ պանրի արտադրամասեր: Ոչ երանելի է
թոշակառուների կյանքը. «Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավելի երջանիկ ու լավ
էինք ապրում, քան հիմա»,- ասաց տիկին Անիկը, որն ապրում է թոշակառու ամուսնու հետ
եւ դրսից էլ օգնող ձեռք չունի: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը նշեց,
որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ներկայացրել ենք Գեղարքունիքի մեծ համայնքների
ճանապարհաշինության հարցը, Երանոսինը եւս: Հույս ունենք, որ առաջիկայում այդ հարցերը
կլուծվեն»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆՀ. Գ.
Ազգանվանս եւ գյուղի անվան նմանությունը պատահական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել