Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՂԱՏԵՐԵՐԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ,
ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ՝ ՎԱՃԱՌՈՒՄ

Նոյեմբեր 23,2004 00:00

Իսկ այգիները հողին
են հավասարեցվում «ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո, մնալով առանց աշխատանքի ու ապրուստի
միջոցի, բազալտի ժայռաբեկորներից, շինարարական թափոններից, լեշերից ու աղբից մաքրեցինք
ամայի տարածքները, հող լցրինք ու ստեղծեցինք բերքատու այգիներ: Շուրջ մեկուկես տասնամյակի
մեր չարչարանքի արդյունքն այս օրերին տրակտորով քանդում են, արմատախիլ անում բերքը
վրան ծառերն ու թփերը»: «Սարքովի» աճուրդների հերթական զոհն այս անգամ Երեւանի Ավան
համայնքի մի խումբ բնակիչներ են: Բաբաջանյան փողոցին հարող շուրջ 6000 քմ տարածքի
մրցույթ-վաճառքը տեղի է ունեցել 1-2 ամիս առաջ: Այգիների անփաստաթուղթ տերերը, ինչպես
սովորաբար լինում է, նախապես տեղեկացված չեն եղել: Պատճառը մեկն է ու պարզ. ՀՀ հողային
օրենսգրքի դրույթներից մեկով՝ նման դեպքում հողը մշակողն ունի այն գնելու նախապատվության
իրավունք: Հասկանալի է, որ հենց այդ հանգամանքն էլ խոչընդոտ է դառնում թաղապետարանների
ու քաղաքապետարանի համար, որպեսզի հեշտ ու հանգիստ հողատեր դարձնեն իրենց նախընտրածին:
Իսկ թե բողոքեցին՝ արդարացում կա. աճուրդից առաջ հայտարարություն է տրվում երկու
օրաթերթում: «Չե՞ք կարդացել՝ չբողոքեք, հրավեր չէինք ուղարկելու»,- խնդիրը կոծկում
են մրցույթի կազմակերպիչ պաշտոնյաները: Այս դեպքում, ըստ բողոքող հողատերերի,
նրանցից մեկն է ժամանակին տեղեկացել, այն էլ Ավանի թաղապետարանում աշխատող աղջկա
շնորհիվ: Իսկ մնացած 10-ն աճուրդի մասին լուրը ստացել է ոչ թե պաշտոնյաներից, այլ
տրակտորով այգիներն ավերող նոր հողատերերից: «Տասնհինգ տարի է՝ մշակում ենք այս տարածքը,
նույնքան ժամանակ էլ հողը սեփականացնելու խնդրանք-դիմումներ ենք ուղարկել թաղապետարան,
քաղաքապետարան, նախագահի աշխատակազմ: Բայց տարբեր պատճառներով մերժել են»,- «Առավոտին»
ասացին բողոքող քաղաքացիները՝ ներկայացնելով ստացած պատասխաններից մի քանիսը: Քաղաքի
ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը, օրինակ, մերժել է՝ հայտնելով,
որ այդ տարածքում պետք է հիմնվի «կուլտուրայի եւ հանգստի այգի», իսկ 2004-ին՝ «տարածքի
մի հատվածը գտնվում է պատմամշակութային գոտում» եւ հիշեցրել, որ հողհատկացումը կատարվում
է միայն աճուրդային վաճառքով: Ըստ բնակիչների՝ մի քանի ամիս առաջ՝ հունիսին, թաղապետարանից
ստացած վերջին պատասխանով էլ «այս հողերն աճուրդի ենթակա չեն»: Ինչպես պարզվում է,
այդ պատասխանին զուգահեռ, թաղապետարանը համաձայնություն է տվել քաղաքապետարանի հարցմանը՝
տարածքն աճուրդի դնելու կապակցությամբ: Տարածքը վաճառվել է 400 քմ կտորներով: Երեկ
այս մասին տեղեկացանք Ավանի թաղապետ Հարություն Մարգարյանից: Ինչո՞ւ են ապակողմնորոշել
այգու տերերին՝ հեռու պահելով աճուրդից: Պարոն Մարգարյանի կարծիքով՝ «միեւնույն է,
նրանք գնորդ չէին, ինձ էլ ինչքան դիմել են՝ ձրի են ուզել հողը»: «Մենք պատրաստ
էինք մեր բնակարանները վաճառել ու գնել հողը, որ մեր քրտինքի արդյունքը չոչնչանար»,-
ուշացած խոստովանում էին խմբագրություն այցելած հողատերերը: Նրանց ասելով՝ արդեն
հողին են հավասարվել գրեթե բոլորի պտղատու ծառերը: 60-ամյա մի հողատեր այս օրերին
գիշերում է հազվագյուտ տեսակի իր ծառերի տակ, թեպետ մի մասն արդեն ոչնչացված է: Նա
նույնիսկ նկարահանել է բոլոր ծառերը, հետագայում դատարան ներկայացնելու նպատակով:
Ծառերի փոխհատուցման մասին խոսք դեռ չի եղել, ընդդիմացողները ենթարկվել են ծեծի ու
սպառնալիքի՝ կանխելով մյուսների «ըմբոստությունը»: Այնինչ թաղապետը մեզ ասաց, թե
«մարդկայնորեն խնդրել եմ սեփականատերերին՝ փոխհատուցել ծառերի վնասը»: Ի դեպ,
հողը ծառերից դատարկելուց հետո հնարավոր չի լինի ապացուցել, թե ինչ տարիքի եւ քանակի
ծառ է եղել տարածքում: «Գոնե նախապես զգուշացնեին՝ մնացած բերքը հավաքեինք, տնկիները
հանեինք-վաճառեինք, գիշերով տրակտորը մտցրել ու արմատախիլ են արել ողջ այգին»,- վրդովված
էին մեր բողոքարկուները: Ասենք նաեւ, որ շուտով նրանց կմիանան Թումանյան թաղամասի
բնակիչները, որոնց այգիները ոչնչացնելու են՝ դեպի եկեղեցի ճանապարհ կառուցելու նպատակով:
Հին ճանապարհը վաճառվել է դեռեւս 2 տարի առաջ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել