Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԵԱՆԵՐԸ ԿԴԻՄԵ՞Ն ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 23,2004 00:00

ՀՐԵԱՆԵՐԸ
ԿԴԻՄԵ՞Ն ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից փորձեցինք պարզել, թե ինչ է պատասխանել Հայաստանի
հրեական համայնքի՝ նաեւ իրեն հասցեագրված նամակին, որում անհանգստություն էր հայտնված
ԱԼՄ-ով իրականացվող հակահրեական քարոզչության վերաբերյալ: «Տիգրան Կարապետյանի նմանօրինակ
գործողությունները կրում են խիստ նպատակաուղղված եւ դիտավորյալ բնույթ: Այսօր  նորահայտ
հեռուստատեսային այդ «ֆյուրերիկի» շուրջ գոյանում է մի կոալիցիա, որոնք, ոգեւորված
այդ հեռուստաընկերության հակահրեական հայտարարությունների անպատժելիությունից, բացահայտ
հայտարարում են  Հայաստանում հրեական ջարդեր կազմակերպելու մասին»,- նշել էին հրեական
համայնքի ներկայացուցիչները եւ պահանջել պատասխանատվության ենթարկել ԱԼՄ ղեկավարին:
Գրիգոր Ամալյանն ի պատասխան նշեց, որ թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի
մասին» օրենքի 24 հոդվածով իրոք արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել
ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու համար,
սակայն դրանք նաեւ քրեորեն պատժելի արարքներ են. «Եվ այս դեպքում ՀՌԱՀ-ը, ստանձնելով
դատավորի դեր եւ տալով գնահատական, ուղղակիորեն կառաջացնի հետեւանքներ, որոնք նախատեսում
են պատիժներ հեռուստատեսային գործունեությունից դուրս: Այս իմաստով՝ գերադասելի եմ
համարում եւ առաջարկել եմ, որ հրեական համայնքը սահմանված կարգով դիմի դատախազություն»:
Նշենք, որ ինքը՝ ԱԼՄ ղեկավարն այս դիմումի առնչությամբ արդեն իսկ հայտարարել
է մամուլում, թե հրեա ժողովրդին վերաբերվում է նորմալ. «Բայց ինձ համար տարօրինակ
է, երբ չունենալով որեւէ փաստ, թե ես հրեա ժողովրդի դեմ որեւէ վատ բան եմ ասել, հրեական
համայնքը նման նամակ է հղել։ Միակ բանը, որ ասել եմ, այն է, երբ Հմայակի քայլը բնութագրել
եմ որպես «ջհուդական», ինչը ոչ մի կապ չունի հրեա ժողովրդի հետ»: Տիգրան Կարապետյանը
նաեւ կարծիք է հայտնել, թե համայնքը մտորելու դեպքում կհասկանա, թե նման աղմուկ բարձրացնելը
հենց իրենց ձեռնտու չէ. «Եթե ձգտեն իմ հանդեպ ինչ-ինչ գործողություններ, հալածանքներ
սկսել, համարժեք պատասխան կստանան»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել