«Իմ արվեստը ինքս եմ կառավարում» Ասում է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանը: Նոյեմբերի 19-ին, «Ա. Խաչատրյան» համերգասրահում, դաշնակահարուհին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես եկավ Ս. Պրոկոֆեւի դաշնամուրի թիվ 3 կոնցերտի կատարումով (դիրիժոր՝ Մերուժան Սիմոնյան): Մ. Աբրահամյանը 30 տարի պրոֆեսիոնալ բեմում է: Դաշնակահարուհին համակարծիք էր մեր այն դիտարկմանը, որ նախանձ, խանդ ու նման բառեր օգտագործվում են ավելի շատ մշակույթի ոլորտի մասին խոսելիս ու հաճախ էլ, իբր մեղմացուցիչ հանգամանք, օգտագործվում է «պրոֆեսիոնալ խանդ» արտահայտությունը: «Բայց եթե վերցնենք այս կամ այն աշխարհահռչակ երաժշտին, դժվար չէ նկատել, որ նրանց մոտ այդ երեւույթները բացակայում են»,- հավաստիացրեց դաշնակահարուհին: Այս եզրահանգման նա եկել է՝ շփվելով Մոսկվայի կոնսերվատորիայում իր պրոֆեսոր Յակով Ֆլիերի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի, Սերգեյ Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, դիրիժորներ Միքայել Մալունցյանի, Դավիթ Խանջյանի եւ այլոց հետ: Ըստ դաշնակահարուհու, լիովին բավարարված արվեստագետները «մի բան էլ ավելի են», այսինքն՝ չափից դուրս բարի, կամեցող: Դաշնակահարուհուն հիշեցրինք 1998 թվականը, երբ Ֆիլհարմոնիկի հետ նրա համերգից առաջ ջարդուփշուր էին արել ռոյալը: Հաստատելով մեր ասածը, Մ. Աբրահամյանը հայտնեց ավելին. «Քանիցս եղել են հեռախոսային ահաբեկող զանգեր, որպես կանոն՝ հերթական մենահամերգից առաջ: Նույնիսկ սպառնացել են առեւանգել աղջկաս»: Մեր հետաքրքրությանը, թե այդքանից հետո նա ինչպե՞ս է բեմ բարձրացել, Մ. Աբրահամյանը պատասխանեց. «Դեռ փոքրուց մայրս ինձ հոգեպես նախապատրաստել է ամեն ինչի (դաշնակահարուհին ճանաչված հոգեբան, պրոֆեսոր Էլդա Գրինի դուստրն է)»: Մեր զրուցակիցը շարունակելով արվեստագետների պրոֆեսիոնալ խանդի թեման, փաստեց, որ քանիցս ելույթներ է ունեցել ԽՍՀՄ հանրապետություններում, Հեռավոր Արեւելքում, Եվրոպայում. «Եվ բազմիցս արտերկրի սիմֆոնիկ նվագախմբերը ղեկավարել են ոչ թե գլխավոր, այլ հրավիրված դիրիժորներ, ինչը վերջին շրջանում, հուրախություն բոլորիս, հանդիպում ենք նաեւ հայաստանյան մշակութային կյանքում: Օրինակ, Հայաստանի ֆիլհարմոնիկ, Կամերային նվագախմբերի դիրիժորական վահանակների մոտ են կանգնում ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրից ժամանած դիրիժորներ»: Խոսելով այսօրվա հայկական դաշնամուրային դպրոցի մասին՝ Մ. Աբրահամյանն ասաց. «Մեր՝ դաշնամուրային դպրոցի հիմքն ամուր է: Երեւանի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի հիմնադիրները, մասնավորապես՝ պրոֆեսորներ Գեորգի Սարաջեւը, Կետի Մալխասյանը, Աննա Ամբակումյանը, Սիլվա Բունիաթյանը, Ռոբերտ Աթայանը աշխարհում հայտնի ռուսական բարձրակարգ դպրոցի ներկայացուցիչներն էին, իսկ ավանդույթները շարունակվում են եւ փոխանցվում սերնդե սերունդ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ