Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ

Նոյեմբեր 20,2004 00:00

ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը համեմատում է ամերիկյան եւ հայաստանյան ընտրությունները: – Տիկին Խաչատրյան, դուք ԱՄՆ-ում էիք, երբ այդ երկրում նախագահական ընտրությունների նախընտրական փուլն էր: Մեր ընտրությունները շա՞տ են տարբերվում ամերիկյանից: – Համեմատություններ չանելով, պարզապես իմ տպավորությունները ներկայացնեմ, թող զուգահեռներն ընթերցողն անի: Նախ, այս ընտրությունները շատ կարեւոր էին ամերիկացիների համար: Նախ՝ նշանակալից դեր խաղաց 2001-ի սեպտեմբերի 11-ը, որը շատ մեծ հետք է թողել ամերիկացիների հոգեբանության վրա: Չեմ ուզում ասել, որ նրանք սարսափած վիճակում էին, բայց՝ շատ տագնապած էին: Եվ գուցե հենց սա էլ կանխորոշեց ընտրությունների արդյունքը: Ամերիկացիները գտնում էին, որ իրենց պետք է վճռական գործողությունների ընդունակ նախագահ: Այս կապակցությամբ ուզում եմ հիշել ամերիկյան քաղաքագետներից մեկի գնահատականը: Վերջինիս հետ հանդիպման ժամանակ հարցրի՝ ո՞րն է Բուշի եւ Քերիի տարբերությունը: Պրոֆեսորի պատասխանը բավականին հետաքրքիր էր. «Բուշի ամենաուժեղ կողմն այն է, որ նա վճռական է, թեպետ հաճախ սխալ որոշումներ է կայացնում, բայց՝ իրականացնում է դրանք: Իսկ Քերիի ամենաուժեղ կողմն այն է, որ նա Բուշը չէ»: ԱՄՆ-ում երիտասարդության համակրանքը Քերիի կողմն էր, բայց նույնիսկ նրանք էին նշում, որ թեպետ համակրում են Քերիին, ըստ երեւույթին կհաղթի Բուշը, որովհետեւ այս պահին ԱՄՆ-ին հարկավոր է վճռական նախագահ: Այդ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորվում էր նաեւ նախորդ ընտրությունների որոշ կասկածելիությամբ: Ամերիկացիների համար անընդունելի էր, որ աշխարհը մատի փաթաթան էր դարձրել 2000-ի ընտրությունների կասկածելի լինելը: Այստեղ ես պետք է ասեմ, որ նույնիսկ այդպիսի ավանդույթներ ունեցող եւ այդպիսի հզոր պետության համար չափազանց կարեւոր էր լեգիտիմության խնդիրը: Ուրեմն Հայաստանի համար այդ խնդիրը որքան ավելի կարեւոր է, եւ բոլոր մնացյալ խնդիրներն ածանցյալ են այդ հարցից: – Իսկ շարքային ամերիկացիները մեզ պես կասկածներ եւ անհանգստություն ունեի՞ն, որ ընտրությունների արդյունքները կարող են պետական մակարդակով կեղծվել: – Ամերիկացիները շատ բաց են, պարզ են: Իրենք իրենց պրոբլեմների մասին բաց խոսում են եւ չեն ամաչում դրանից: Միգուցե նրանից է, որ վստահ են, թե կարող են հաղթահարել այդ խնդիրները: Մեր դեպքում, երբ խոսում ես սխալների եւ թերությունների մասին, իսկույն ընդդիմությանը դավաճանի պիտակ են փորձում կպցնել՝ իբր կեղտոտ սպիտակեղենը հանում են դուրս: Իսկ ամերիկացիները ազատ նշում էին բոլոր թերությունները, ասում էին, որ կեղծիքներ եւ ընտրակաշառք իրենց մոտ էլ են լինում: Օրինակ բերեցին, թե ընտրակաշառք տալու եւ վերցնելու պահին բռնված մարդիկ ինչպես են պատժվել: Ի դեպ, խախտումների համար բավականին խիստ պատիժներ են կիրառվում Միացյալ Նահանգներում, ինչը չես ասի մեր մասին: Օրինակ, մի կին ընտրակաշառք էր վերցրել եւ փորձել էր քվեարկել ուրիշի անվան տակ: Այդ կնոջը տուգանեցին 5 հազար դոլարով: Իրենց մոտ այս կեղծիքները եզակի եւ անհատական բնույթի են, ոչ թե մերի պես՝ պետական մակարդակով կազմակերպված: – Իսկ մրցակիցների հարաբերությունները նմա՞ն են մեր մրցակիցների հարաբերություններին: – Խիստ տարբեր էր նաեւ դա: Համեմատության համար ասեմ, որ քարոզարշավը շատ բուռն էր: Բոլոր այն բացասական տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են մեզ մոտ, այնտեղ էլ կան: Պարզապես մեզ մոտ դա շատ ավելի գռեհիկ եւ կոպիտ ձեւերով է դրսեւորվում: ԱՄՆ-ում, օրինակ, բավականին ճիշտ էր կազմակերպված հեռուստաբանավեճը, ամենեւին ոչ այնպես, ինչպես մեզանում: Իրենց մոտ բանավեճն անցկացվում է երեք փուլով: Մինչ դեբատների սկիզբը՝ թեկնածուների նախընտրական շտաբները պայմանավորվում են, համաձայնեցվում են հարցերը, մոտ 40 էջանոց փաստաթուղթ է ստորագրվում բոլոր մանրամասներով, ընդհուպ որոշվում է, թե ով է վարելու բանավեճը: Յուրաքանչյուր բանավեճ տեղի է ունենում կոնկրետ հարցի շրջանակներում: Թեկնածուներն իրենց կոռեկտ են պահում: Եվ հետո, գուցե մանրուք թվա, բայց, ըստ իս, խիստ կարեւոր է. ընտրություններից հետո Բուշը իրեն ճիշտ պահեց եւ չհռչակեց հաղթող, քանի դեռ Քերին իրեն չէր շնորհավորել: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել