Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական

Նոյեմբեր 20,2004 00:00

Հերթական կեղծ ահազանգը Երեկ առավոտյան, ժամը 10:15-10:30-ի սահմաններում Երեւանի Չեխովի թիվ 55 դպրոց (տնօրենի ընդունարան) ահազանգ է եղել, որ իբր ժամը 12-ին դպրոցում ահաբեկչական գործողություն է լինելու: Զանգող տղամարդը չէր մասնավորեցրել, թե ահաբեկչությունն ինչ բնույթ է կրելու: Դպրոցից անմիջապես էվակուացվել են երեխաներն ու ուսուցիչները: Ականատեսների վկայությամբ, զանգից 5 րոպե անց եկել են Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության, Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները՝ շների հետ: Դպրոցի աշակերտները պատմում էին, որ իրենք դասի նստած են եղել, երբ պատուհանից տեսել են դպրոց մտնող շներին, հետո արագ իրենց դուրս են հանել: Մեր հարցին՝ «արդյոք հիմա դպրոցում ստուգողական աշխատանքների կամ քննությունների շրջա՞ն է, եւ հնարավո՞ր է, որ դա պատճառ լիներ, որպեսզի երեխաները նման չար կատակ կազմակերպած լինեին», երեխաներից մի քանիսը հիշեցին, որ բարձր դասարաններում ստուգողական աշխատանքների շրջան է, իսկ, օրինակ, 8-րդ դասարանցիների համար՝ անգլերենի համադպրոցական գրավորների օրեր: Նույն հարցին քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը բացասական պատասխան տվեց, նա համոզված է, որ երեխաները դրա հետ կապ չունեն. «Ստուգողական աշխատանքների շրջան չէր, բացականեր էլ չեն եղել համարյա, եւ դա չի կարելի կապել դպրոցի աշակերտների հետ»: Իսկ դեպքի առնչությամբ նա ասաց. «Ես ցավում եմ, որ կարող է այնպիսի անձնավորություն լինի, որ կրթօջախ զանգի եւ այդպիսի տագնապալի ահազանգ տա»: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներից որեւէ մեկը դեպքի առնչությամբ բառ անգամ չարտաբերեց: Իսկ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի համար դեպքը հարմար առիթ էր լրագրողների հանդեպ իր՝ մեղմ ասած, արհամարհական վերաբերմունքով փայլելու: Մի պահ պրն Վարյանը որոշեց խոսել, բայց երբ լրագրողների թիվն իր շուրջը հետզհետե շատացավ, նա հետ գնաց ու ոստիկաններին հասկացրեց՝ լրագրողներին հեռացնել իրենից: Հաջողվեց մի քանի բառ կորզել Արտակարգ իրավիճակի վարչության պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Հակոբյանից, որի խոսքերը մեջբերում ենք բառացի. «Իրականացված միջոցառումները համապատասխանում են իրականությանը»: Ըստ նրա, տեղի է ունեցել սադրանք. «Կարելի է եւ անձնական պրոբլեմ լինել, կարող է լինել սադրանքի քայլեր, բայց անողը թող լավ մտածի, որ դա քրեորեն պատժելի է եւ ունի իրավական գնահատական, նմանատիպ մարդիկ պետք է իրենց կազմակերպած սադրանքները պատկերացնեն դատաիրավական համակարգի մեջ»: Ըստ գնդապետի, նախադեպը կա. նման արարքների համար ոմանք պատժվել են: Առավել հետաքրքիր էր գնդապետի հետեւյալ միտքը. «Չի կարելի այսքան ծառայություններ կտրել աշխատանքից եւ բոլորին շեղել իրենց աշխատանքային ծառայությունից»: Մյուս կողմից էլ՝ ինչի՞ հետեւից պետք է գնան այս ծառայությունները, եթե ոչ ահազանգերի: Ժամը 13:30-ին մոտ դպրոցի բակն արդեն խաղաղ էր: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել