Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բժշկականը վերականգնում է իր հեղինակությունը

Նոյեմբեր 20,2004 00:00

Բժշկականը վերականգնում է իր հեղինակությունը Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի օգնական Արմեն Աշոտյանը եւ եւս երկու բուհերի ուսխորհուրդների նախագահներ ասուլիս էին հրավիրել: Այն առնչվում էր օրերս ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպած «Կոռուպցիան ՀՀ պետական բուհերում» թեմայով քննարկման ընթացքում հրապարակած սոցհարցման արդյունքներին: Երիտասարդ դաշնակները մատնացույց անելով իրենց կողմից 100 ուսանողի շրջանում սիրողական մակարդակով անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները՝ հայտարարել էին, թե ամենակոռումպացված բուհն այսօր ԵՊԲՀ-ն է, ինչին Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց. «Բոլորս էլ շատ լավ գիտենք թե բուհական համակարգում եւ թե Հայաստանի այլ համակարգերում տարածված կոռուպցիայի մասին: Կոռուպցիա, բնականաբար, կա, սակայն դրա իրական չափերի մասին կարելի է խոսել լուրջ սոցիոլոգիական վերլուծությունների հիման վրա, այլ ոչ թե սիրողական մակարդակով՝ 100 հարցաթերթիկ քննելով: Միության կողմից անցկացրած սոցհարցումը սիրողական էր, ոչ պրոֆեսիոնալ, իսկ վերլուծությունը՝ տենդենցիոզ: Ապահովված չէին սոցհարցման տարրական չափանիշները, օրինակ՝ վիճակագրական ընտրանք, արդյունքների վիճակագրական մշակում եւ այլն: Եվ այդ մերկապարանոց թվերը հասարակության համար հրապարակելը պարզապես զավեշտ էր, իսկ որոշ լրատվամիջոցներ էլ դա հրամցրեցին որպես վերջին ատյանի ճշմարտություն, մանավանդ որ իրենք՝ կազմակերպիչները, միջոցառմանը հայտարարել էին հարցումների ոչ մասնագիտական մակարդակի մասին: Որոշակի կասկածելի դիվիդենտներ շահելու նկրտումները մեզ համար խիստ տարակուսելի են: Չեմ ուզում այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնել, որովհետեւ բուհական համակարգը չպետք է դառնա քաղաքական պայքարի թատերաբեմ, իսկ որպես ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար՝ փաստում եմ, որ ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի հետ վերջին ամիսների ընթացքում գտել ենք նաեւ արդյունավետ համագործակցության եզրեր: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ են սիրողական մակարդակի արած ուսումնասիրությունների արդյունքները հրապարակավ մատուցվում: Մենք, որպես Բժշկական համալսարանի ներկայացուցիչներ՝ մի քանի տեսանկյունից ենք խնդիրը դիտարկում. առաջինը ՀՅԴ-ի՝ հակակոռուպցիոն պայքարի դրոշակակիր դառնալու հավակնությունը ուրիշների արժանապատվության եւ բարի համբավի հաշվին ամրապնդելն է: Հայտնի է նաեւ, որ որոշ ոչ պետական բուհեր, օրինակ՝ «Հայբուսակ» համալսարանը, օգտվում են ՀՅԴ-ի բարոյական հովանավորությունից: Սոցհարցումների մեջ մենք նաեւ տեսնում ենք միտում դեպի բժշկական ոչ պետական բուհերը»: Ա. Աշոտյանի հավաստմամբ, ԵՊԲՀ ուսանողությունը եւ ղեկավարությունը պայքարում են բուհում տեղ գտած կոռուպցիայի դեմ եւ պատրաստ են հակակոռուպցիոն պայքարում իրականում շահագրգռված բոլոր ուժերի, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ միասին պայքարել, նաեւ լուրջ, անկախ եւ համապարփակ սոցիոլոգիական հետազոտության միջոցով՝ հետազոտության անցկացումը պատվիրելով Հայաստանում գործող սոցիոլոգիական անկախ ծառայություններից որեւէ մեկին. «Վերլուծությունը կարելի է սկսել հենց Բժշկական համալսարանից, եւ մենք պատրաստ ենք համաֆինանսավորել այդ նախագիծը: ԵՊԲՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը գնացել է, գնում է եւ գնալու է: Կոռուպցիայի դեմ պայքարելը բարդ է, բայց կան անուղղակի մեխանիզմներ, որոնց միջոցով ուսանողությունը կարողանում է այս կամ այն «համը հանած» դասախոսի դեմն առնել: Օրինակ՝ մեր բուհում ինչ-ինչ պատճառներով չեն վերընտրվել 1 դեկան, 2 ամբիոնի վարիչ, 4 պրոֆեսոր, ինչպես նաեւ մի քանի դասախոսներ»: ԱՆՈՒՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել