Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ՝

Նոյեմբեր 20,2004 00:00

ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՈՉ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՌԸ ՊՏՈՒՂ Գնահատում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը: – ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովն ընդունեց Աթկինսոնի ներկայացրած զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը պարունակում էր աննպաստ ձեւակերպումներ Հայաստանի համար: Արդյոք սա վերջնակա՞ն ձախողում է, թե՞ դեռ հնարավոր են որոշակի ելքեր: – Երբեք չէի ցանկանա, որ ասելիքս ընկալվեր իբրեւ չարախնդություն, քանի որ ստեղծված պայմաններում ապիկար քաղաքականության հետեւանքով տուժելու է մեր Արցախ-Հայաստան միացյալ երկիրը: Բայց ցավն այն է, որ մեր իշխանավորներն արտաքին քաղաքական հարցերին վերաբերում են ոչ թե կուռ տրամաբանված մոտեցումներով, այլ զգացմունքային տեսանկյունից: Այն խրոխտ գնահատականներից, որոնք լսում էինք գործադիր եւ օրենսդիր իշխանության, էլ չեմ ասում՝ նախագահի շուրթերից, ոչ գիտակ մարդկանց մոտ տպավորություն կառաջանար, թե հրես-հրես ամենահայանպաստ լուծումներն են սպասվում Ղարաբաղի հիմնահարցի քննարկման շնորհիվ: Ավա՜ղ, դեռ ամիսներ առաջ, երբ տագնապի շեփոր հնչեցրինք այս հարցերի կապակցությամբ՝ անտեսվեց այդ ամենը: Ավելի՛ն: Սեփական ձախողումների մեղավորությունը փորձեցին բարդել ընդդիմադիր ուժերի վրա՝ ասելով, թե մենք խանգարում ենք իշխանություններին միջազգային ատյաններում կյանքի կոչել իրենց քաղաքականությունը: Ահա այստեղ է, որ ուզում ենք ասել՝ եթե ժամանակին այս իշխանությունները որդեգրեին ժողովրդավարության զարգացման գործընթացներ եւ դրանք տեսանելի լինեին միջազգային հանրությանը, երբեք ու երբեք մեր պետության առջեւ չէին ծագի նման բարդ խնդիրներ ու նման հարցադրումներ չէին արծարծվի ԵԽԽՎ-ում: Այլ կսպասեին՝ տեսնեին ժողովրդավարական այդ զարգացումները գուցե ԼՂ հիմնահարցի լուծման առումով ապահովում են նո՞ր մոտեցումներ: Խնդիր պետք է առաջադրվեր, թե ո՞րն է բանալին ստեղծված իրավիճակից, որի հնարավոր զարգացումներն արդեն իսկ ակնհայտ էին բոլորիս համար: Գուցե պետք էր փոքր-ինչ դադա՞ր տալ բանակցային գործընթացում՝ դրա համար պիտի պահանջվեին ներքաղաքական զարգացումներ: Միգուցե իշխանությունները պետք է ականջալո՞ւր լինեին այն առաջարկներին, որ անհապաղ լուծարվի ԱԺ-ն եւ ընտրություններում գերիշխողը լինի, թե քաղաքական ո՛ր ուժն ինչպիսի՛ լուծումներ կառաջարկի Արցախի հարցում: Եվ մեծամասնության ստացած ուժը կկարողանար միջազգային ատյաններում հանգիստ խղճով հայտարարել, թե արտահայտում է ողջ հայ ժողովրդի կարծիքը: Միգուցե պետք էր ամենաառանցքային հարցերի շուրջ դրսեւորել հեղափոխական մոտեցումնե՞ր. ասենք, հաշվի առնելով այն, որ այժմ եվրոպական կառույցներն են զբաղվում Ղարաբաղի խնդրով՝ պետք էր հայտարարել, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միասին ընտրել Եվրամիությանն ինտեգրվելու ուղին եւ այդ շրջանակում լուծել ԼՂ հիմնահարցը: Կամ գուցե անհրաժեշտ էր հայտարարել, թե Հայաստանը հայտնում է իր պատրաստակամությունը այսօր եւեթ միավորվել Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան-Ուկրաինա ազատ տնտեսական գոտո՞ւն: – Հայկական կողմն առանց այդ էլ բավական հայտարարություններ էր արել, որոնք բոլորն անտեսվեցին: Ասենք, Դեւիսի Հայաստան այցի ընթացքում մեր պատվիրակությունը հույս էր հայտնել, թե նրա զեկույցում կարտացոլվեն հակամարտության նախապատմությունը, խնդրի իրավական կողմը: Սակայն Դեւիսի, հետո էլ՝ նրանից արտագրած Աթկինսոնի կազմած փաստաթղթերում արձանագրվեց այս ակնկալիքների հակառակ պատկերը: Անտեսվեցին նաեւ տարածաշրջան այցելելու եւ ԼՂ մասնակցությամբ կլոր սեղան կազմակերպելու առաջարկները: Այս ամենի պատճառն արդյոք միայն երկրի կասկածելի ժողովրդավարական իմի՞ջն է: – Ոչ միայն: Այլ նաեւ այն, որ միջազգային այդ կառույցներն այդպես էլ չեն հասկանում, թե իր համար ի՞նչ ճանապարհ է ընտրել Հայաստանը, ո՞ւմ հետ է 21-րդ դարում կառուցելու իր ապագան, արժեքային ի՞նչ համակարգի ջատագով է: Փոխարենը՝ այդ կառույցները մնում են համոզված, որ Հայաստանում առկա է նահանջ ժողովրդավարությունից, իշխանությունները ոչ լեգիտիմ են: Ուստի ավելի երանելի իրավիճակ չէին էլ կարող պատկերացնել՝ եթե խնդիր ունեն ադրբեջանանպաստ լուծումներ տալ ԼՂ հիմնահարցին, քանի որ իշխանությունները չունեն հենարան ի դեմս այն երկրի ժողովրդի, որին նրանք ներկայացնում են ի պաշտոնե: Իսկ նման թուլացած իշխանությունների վզով, բնականաբար, շատ ավելի դյուրին է փաթաթել ցանկացա՛ծ ոչ հայանպաստ որոշում: – Աթկինսոնի զեկույցում երկրորդվեց Դեւիսի առաջարկը՝ որ դիմենք Արդարադատության միջազգային դատարան՝ պարզելու, թե արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտվա՞ծ է Հայաստանի կողմից՝ ԼՂ մարզի անջատման իրավունքը պաշտպանելու համար: Գուցե վա՞տ առաջարկ չէ, եթե խնդիր կա հիմնահարցը լուծել իրավական ճանապարհով: – Հերթական անգամ համոզվում ենք, թե ի՜նչ նրբին է գործում բրիտանական դիվանագիտությունը: Այս առաջարկի ամբողջ «ծուղակն» այն է, որ եթե նույնիսկ Հայաստանը չդիմի այդ դատարան՝ տվյալ իրավունքից կօգտվի Ադրբեջանը: Իսկ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի համար ոչ միայն գերակա սկզբունքը տարածքային ամբողջականության պահպանումն է, այլեւ այն, որ այդ ատյանը երբեք ու երբեք դուրս չի գա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993-ին ընդունված 4 բանաձեւերի շրջանակներից: Եվ կմոռացվի, թե ինչ պայմաններում են կես տարվա ընթացքում ընդունվել այդ բանաձեւերը, այլ դրանցից կփոխառվեն միայն ձեւակերպումները ե՛ւ էթնիկական զտումների, ե՛ւ տարածքային ամբողջականության խախտման, ե՛ւ գրավյալ տարածքների մասին: – Հաղորդվել է, թե ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում կընդունվի, որ այն, ինչ կատարվել է ԼՂ-ում, «Սահմանների անձեռնմխելիության մասին» միջազգային օրենքի ոտնահարում է, ուստի գրավող պետության, այսինքն՝ Հայաստանի կողմից պարտավորությունների խախտում: Իրակա՞ն եք համարում այս հեռանկարը: – Այստեղ գործ ունենք դիվանագիտական տարրական հաշվարկի հետ: Ստեղծված իրավիճակում երբեք ու երբեք հնարավոր չի լինի Հայաստանին պարտավորությունների խախտման համար զրկել Եվրախորհրդի անդամակցությունից, հետն էլ պարտադրել նման բանաձեւ: Մանավանդ որ՝ չեմ կարծում, թե Ադրբեջանը ժողովրդավարության «դափնիները», հակառակ իմաստով, վերջնականապես է զիջել Հայաստանին: Ի՞նչ է, մինչ այժմ հայտնի՞ չէր Եվրախորհրդին, թե տարածքային ինչ տարաձայնություններ կան, ու դրանք ցցուն դարձան միայն այնժամ, երբ 2005-ի ապրիլին շահագործման է հանձնվելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամո՞ւղը: Իհարկե, ո՛չ: Սակայն երբ միաբանված չէ ազգը ու քաղաքական ընտրանին իշխանությունների կողմից պառակտվում է միտումնավոր ու հետեւողականորեն՝ պտուղները կլինեն դառը եւ թունավոր: Այլ հարց է, որ այդ պտուղները հավասարաչափ ճաշակելու են մի կողմից՝ թե՛ իշխանավորները, ովքեր ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորներն են, մյուս կողմից՝ ոչ թե ընդդիմությունը, այլ ողջ հայ ժողովուրդը: Եվ այս ամենի համար, բնականաբար, պատասխան կտան: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել