Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՂ

Նոյեմբեր 20,2004 00:00

ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԷՋԻՑ ՍԿՍԵԼ Կարծում է «Հայաստանի ազատական-առաջադիմական» կուսակցության նախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: – Երբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցն ավելի քան անբարենպաստ շեշտադրումներ ունի ԼՂ հարցի կարգավորման տեսանկյունից, ՀՀ իշխանությունները հանրությանը հանգստացրին, թե այն այլեւս իրավական ուժ չունի, որ զեկույցը Դեւիսի անձնական կարծիքն ու մոտեցումն է, իսկ հաջորդի՝ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը կարող է միանգամայն այլ լինել: Աթկինսոնի՝ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունված զեկույցը ոչ միայն չբարելավվեց, այլեւ խստացավ: Արդյո՞ք այդ զեկույցն այս անգամ էլ Աթկինսոնի անձնական կարծիքն է: – Այն, որ Աթկինսոնի զեկույցն ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում, նշանակում է, որ այն արդեն ոչ թե նրա անձնական կարծիքն ու մոտեցումն է, այլ ԼՂ նկատմամբ ձեւավորված՝ արդեն ԵԽ անդամ պետություններինը: Սա այն փաստաթուղթն է, որը հիմք կդառնա ԵԽ-Հայաստան հետագա հարաբերությունների համատեքստում: Այն բոլոր վտանգավոր ձեւակերպումները՝ էթնիկական զտումների, տարածքներ գրավելու եւ այլնի մասին, որ կա ընդունված զեկույցում, կար նաեւ Թ. Դեւիսի զեկույցում: Այդ ձեւակերպումները ԼՂ կարգավորման գործընթացի տարիներին, անգամ պատերազմի ընթացքում, 94-ին ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերում չեն եղել: Մենք ինքներս սրան հասանք՝ վերջին տարիներին ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության եւ երկրի ներսում ընթացող ներքաղաքական զարգացումների, այդ թվում՝ 2003-ի ընտրությունների արդյունքում: Եթե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում այս զեկույցի ընդունումն իր շարունակությունը կունենա նաեւ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում (ի դեպ, մինչ այդ նստաշրջանը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովն էլի մի քանի նիստեր ունի), ինչո՞ւ հենց հիմա այդ հարցն այնտեղ քննարկման առարկա դարձավ: Իմ կարծիքով՝ այն պատճառով, որ սա հիմք դառնա նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում որոշում կայացնելու: – Որքանո՞վ են լուրջ միջազգային դատարանում ԼՂ հարցը քննարկման դնելու առաջարկն ու դրա հնարավորությունը: – Լուրջ են այնքանով, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը նման որոշում է կայացրել, եւ վստահ եմ, որ դա կընդունվի նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստում: Իսկ այդ պարագայում ընդունված բանաձեւը շատ տարբեր զարգացումներ կարող է ստանալ՝ կախված ԼՂ խնդրի կարգավորման նկատմամբ միջազգային հանրության ցանկությունից եւ մոտեցումներից: Նրանք կարող են այս բանաձեւը խորացնել ընդհուպ մինչեւ ՀՀ նկատմամբ սանկցիաների կիրառումը, բայցեւ կարող են այդ գործընթացը սառեցնել՝ կախված նրանից, թե ՀՀ-ում ինչ պրոցեսներ կընթանան, այդ թվում՝ ներքաղաքական: Եթե ՀՀ-ն մնա այս նույն ռեժիմում, մեր նկատմամբ ճնշումները կխորանան: Իսկ ժողովրդավարական պրոցեսների դեպքում մենք կարող ենք դադար վերցնել՝ նոր էջից սկսելու համար: – Իսկ նոր էջից սկսել գործնականում հնարավո՞ր է: – Հնարավոր է, եթե իշխանությունները փոխվեն, գան նոր եւ ժողովրդավարական ուժեր: Կարծում եմ՝ դա ստեղծված իրավիճակում միակ ճիշտ լուծումն է: Մեր ժողովուրդը չափազանց մեծ գին է վճարել ԼՂ-ի համար, եւ հիմա որեւէ մեկն իրավունք չունի այդ հարցի լուծումը շահարկել եւ իր մենաշնորհը համարել ու ամբողջ ազգին տանել փակուղի: – Ի՞նչ պետք է ակնկալել նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «գրավյալ տարածքներում իրավիճակի» հարցի քննարկումից: – Այդ կազմակերպությունը իմպերատիվ որոշումներ չի կայացնում: Դա ավելի շատ խորհրդատվական նշանակություն կունենա: ՄԱԿ-ը երեք խնդիր կարող է լուծել. Գլխավոր վեհաժողովում քննարկել այս հարցը եւ հորդորել, ասենք, ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կարգավորման գործընթացներում հստակություն մտցնել: Կարող է որոշում կայացնել եւ ԼՂ կարգավորման խնդիրը վերցնել իր վրա, ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն՝ տարածաշրջան այցելելու, իրավիճակն ուսումնասիրելու եւ ՄԱԿ-ին ներկայացնելու համար: Եվ ամենաանցանկալի՝ երրորդ տարբերակը. որոշում կայացնել հարցը Անվտանգության խորհուրդ ներկայացնելու մասին, թեեւ չեմ կարծում, թե նման իրավիճակ կստեղծվի: Այս դեպքում արդեն ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշում է կայացնում, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել տվյալ տարածաշրջանում: ՄԱԿ-ի ԱԽ-ն, օրինակ, ժամանակին որոշում կայացրեց Հարավսլավիայի հետ կապված, Աֆղանստանի հետ կապված, 91-ին՝ Իրաքի պատերազմի առնչությամբ: Իսկ դրանք արդեն իմպերատիվ որոշումներ են: Անցած 10 տարիների ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել էր, բայց նրան երբեք չէր հաջողվել ԼՂ հարցի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ, բայց մարդիկ աշխատեցին այդ ուղղությամբ եւ հաջողեցին ոչ այն պատճառով, որ շատ լավ աշխատեցին կամ լոբբինգ արեցին, այլ ՄԱԿ-ն ինքը նման ցանկություն ունեցավ: Դա ինքնին արդեն վատ է: Նվազագույնը դա քարոզչական կարեւոր նշանակություն ունի: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել