Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՎԱՏ, ԱՆՎՍՏԱՀ, ԱՆԱՐԴԱՐ

Նոյեմբեր 20,2004 00:00

ՀՀ բնակչության 75%-ը անարդար է համարում նախագահական ընտրությունները

IFES-ը (Ընտրական համակարգրերի միջազգային հաստատություն) ի մի է բերել նախորդ տարի «Քաղաքացիների իրազեկությունը եւ մասնակցությունը Հայաստանում» թեմայի շրջանակներում անցկացրած ծավալուն սոցիոլոգիական հարցման ուսումնասիրության արդյունքները։ Այս ավանդական հետազոտությունները IFES-ն անց է կացնում արդեն երրորդ տարին։ Հարցման ենթարկված 1652 անձինք ընտրվել են այնպես, որ հնարավորինս ներգրավված լինեն հասարակության լայն սպեկտրը ներկայացնող մարդիկ։

Հարցումների մեջ մեծ տեղ են գրավում տեղական ինքնակառավարմանը եւ գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցերը։ Բնականաբար, հետազոտողներին հետաքրքրել է կանանց նկատմամբ բռնության պրոբլեմը։ Պարզվել է, որ հարցվողների ընդամենը 31%-ն է կարծում, թե այդ բռնությունները տարածված են ՀՀ-ում, իսկ 61%-ը գտնում է, որ ամենեւին տարածված չեն։ Սա բավականին լավ ցուցանիշ է՝ համեմատած 2002թ. տվյալների հետ։ Այն ժամանակ 39%՟ն էր կարծում, թե «լիովին կամ մասամբ» տարածված են, եւ ընդամենը 48%-ի կարծիքով՝ «այնքան էլ կամ բոլորովին տարածված չեն»։ Կար նաեւ այսպիսի «գենդերային» հարց. «Ենթադրենք, ունեք դուստր։ Կխրախուսեի՞ք նրան՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելու խնդրում»։ Այդ նույն հարցը եղել է նաեւ 2002-ի հարցաթերթիկում։ Եվ եթե 2002-ին հարցվողների 44%-ը պատրաստ է եղել աջակցելու եւ խրախուսելու իր դստերը՝ քաղաքական պաշտոն զբաղեցնելու հարցում, իսկ 36%-ը՝ ոչ, ապա 2003-ին բավականին փոփոխություն կա. արդեն ընդամենը 37%-ը կխրախուսի իր դստերը քաղաքականություն մտնելու հարցում, իսկ 42%-ը՝ ոչնչով չի աջակցի։ Հետազոտություններն իրականացնողները ենթադրել են, որ նման անկման պատճառ կարող էր հանդիսանալ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հիասթափությունը։

Բանն այն է, որ այս հարցման արդյունքներով՝ ՀՀ բնակչության գերակշիռ մեծամասնությունը անարդար է համարում թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունները։ Այս հարցին անդրադառնանք ավելի մանրամասն. 2003թ. խորհրդարանական ընտրությունները «լիովին արդար» է համարել բնակչության 4%-ը, նախագահական ընտրությունները՝ 5%-ը, 14%-ը համարել է, որ «մասամբ արդար» էին խորհրդարանական, իսկ 15%-ը, որ այդպիսին էին նախագահական ընտրությունները, հարցվողների 26%-ը գտել է, որ «բավականաչափ արդար չէին» խորհրդարանական ընտրությունները, եւս 22%-ը այդ կարծիքն ունի նախագահական ընտրությունների մասին, եւ վերջապես «լիովին անարդար» են խորհրդարանական ընտրություններն ըստ հարցվողների 49%-ի, եւ նախագահականը՝ ըստ 52%-ի։ Այսպիսով, ՀՀ բնակչության 74%-ը ընդհանուր առմամբ անարդար է համարել խորհրդարանական, եւ 75%-ը՝ նախագահական ընտրությունները։ Հիշեցնենք, որ հարցումները կատարվել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2003-ի աշնանը։ Այս հարցումներով արտահայտվել է եւս մի շատ հետաքրքիր ցուցանիշ։ Այն հարցին, թե պետական պաշտոնյաների վրա ազդելու ի՞նչ ուղիներ կան, մարդիկ մատնանշել են՝ ցույցեր (30%), զանգվածային բողոքներ (20%), ԶԼՄ- ներ (9%), կաշառք (8%), եւ ամենակարեւորը՝ հարցվողների 33%-ը տվել է «այդպիսի ուղի չկա» պատասխանը։

Պաշտոնյաների վրա ազդելու ուղի չկա, բայց կոռուպցիա՝ կա ու կա։ Այսպես, ՀՀ տասը բնակչից ինը գտնում է, որ պաշտոնական կոռուպցիան ՀՀ-ում շատ լուրջ (71%) եւ (16%) մասամբ լուրջ բնույթ ունի։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարել դատական համակարգի նկատմամբ այնպիսի անվստահությամբ, ինչպիսին դրսեւորում են մեր քաղաքացիները՝ պարզապես անհնարին է։ Ըստ այս հարցման արդյունքների, ՀՀ բնակչության ընդամենը 19%-ն է վստահում դատական համակարգին եւ հավատում, որ դատարանը կպաշտպանի իրենց անարդար վերաբերմունքից կամ սխալ մեղադրանքից, իսկ 68%-ը դրան չի հավատում։ Եվ հակառակը, մարդկանց միայն 22%-ն է վստահ, որ դատարանը չի դատապարտի իրենց, եթե անգամ սխալ մեղադրանք լինի, փոխարենը 63%-ը համոզված է, որ հայաստանյան անկախ դատարանը պատրաստ է դատապարտել իրենց անգամ սխալ մեղադրանքի դեպքում։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել