Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾՈՂՆԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 20,2004 00:00

Անխոնջ Արշակ Սադոյանը երեկ կրկին մամուլի ասուլիս էր հրավիրել եւ կրկին զգուշացնում էր, որ որոշ պաշտոնյաներ իրենց անձնական շահը հետապնդելով՝ խաբում են ժողովրդին: Պարոն Սադոյանն առանց հոգնելու կրկնեց «ԱրմենՏելի» սխալ գործարքի, րոպեավճարի կիրառման անօրինականության եւ այլնի հետ կապված արդեն ծանոթ իր փաստարկները եւ խորհուրդ տվեց. «Օգտագործեք խաբված չլինելու ձեր իրավունքը»: Եվ որպեսզի բացվեն մեր աչքերը, ասաց, «ԱրմենՏելը» իրավունք չունի կիրառել րոպեավճար»: Նաեւ խորհուրդ տվեց. «Որեւէ մեկդ դիմեք արդարադատության նախարարություն եւ հարցրեք, թե ի՞նչ պահանջով է ՀՀ-ն դիմել Լոնդոնի արբիտրաժային դատարան եւ ի՞նչ պատասխան է ստացել»: Հրապարակելով պրն Սադոյանի այս խորհուրդը՝ ակնկալում ենք, որ կառավարությունը մանրամասներ կհրապարակի իր դիմումից;

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ովքե՞ր են այն պաշտոնյաները, որոնք Սադոյանին 7 միլիոնի կաշառքի տեղեկություն են տվել, արդյո՞ք նրանք այն մարդիկ են, ում «ԱրմենՏելի» կաշառքից բաժին չի հասել: Այս հարցը Արշակ Սադոյանին զարմացրեց. «Ես զարմանում եմ, խոսքը վերաբերում է կառավարության լիազոր մեկ ներկայացուցչի, տրվել են բաժնետոմսեր, 7 միլիոն՝ ըստ մի աղբյուրի, 5 միլիոն՝ ըստ մյուս աղբյուրի, ցույց են տրվել այլ կազմակերպության բաժնետոմսեր, ոչ թե ՕTE-ի, եւ ասել են՝ երբ որ այս հարցը վերջնական կլուծվի, կարող ես ցանկացած անուն դնել այդ բաժնետոմսերի վրա»: Մենք պարզապես ուզում էինք հասկանալ՝ ինչո՞ւ են տվյալ պաշտոնյաներն այդքան շահագրգիռ: Մեր պնդմանը պրն Սադոյանը հետեւյալը պատասխանեց. «Սիրելի չորրորդ իշխանություն, սիրելի հայրենակիցներ, կարծո՞ւմ եք, որ ողջ հայ ժողովուրդն է այնքան փչացած, այնքան այլասերված, որ միայն իրենց անձնական շահո՞վ են ղեկավարվում, իսկ երբ որ տեղի է ունենում մեծամասշտաբ ազգային դավաճանություն, մարդիկ անհանգստացած չե՞ն կարող լինել եւ դրա մասին ահազանգել: Իսկ դուք հարցնում եք՝ իսկ ի՞նչ բաժին ունեն իրենք: Ոչ մի բաժին: Մտածում են երկրի մասին»:

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել