Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՍՏ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ՝ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Նոյեմբեր 20,2004 00:00

«Չէի ասի, թե սա կարելի է գնահատել իբրեւ Հայաստանի դիվանագիտական պարտություն: Բայց պետք է նշեմ, որ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Հայաստանի համար բավական անբարենպաստ է»,- այսպես գնահատեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած զեկույցի նախագիծը, որում տեղ են գտել ձեւակերպումներ «էթնիկական զտման», «գրավյալ տարածքների», «անջատողական ուժերի» վերաբերյալ: Մեր հարցին՝ կարելի՞ է գնահատել, թե Ղարաբաղի հարցում վտանգավոր զարգացումների առջեւ ենք՝ ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Որոշակի վտանգավոր պահեր կան, եւ կա այդ մասին մտածելու առիթ»:

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այս առնչությամբ նշեց. «Չի կարելի գնահատել իբրեւ դիվանագիտական պարտություն՝ այն պարզ պատճառով, որ եթե փորձենք այս ամբողջ գործընթացը բաժանել պարտությունների եւ հաղթանակների՝ ոչ մի լավ բանի չենք հասնի: Բայց միանշանակ է, որ լրջորեն պիտի աշխատենք զեկույցի աննպաստ ձեւակերպումների վերացման ուղղությամբ»: Այս զեկույցը համադրելով նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում նոյեմբերի 23-ին սպասվող քննարկման հետ՝ «գրավյալ տարածքների վերաբերյալ», պրն Շահգելդյանն ասաց, թե բարդ խնդիր է առաջադրված եւ հարկ է համադրել մեր բոլոր ուժերը: Սակայն արդյոք այդ խնդիրներն ավելի շո՞ւտ չպիտի լուծվեին, չէ՞ որ մասնավորապես Աթկինսոնի զեկույցի պարագայում վաղօրոք էին կանխատեսումներ արվում, թե նա ուղղակի կկրկնի Թերի Դեւիսին, մինչդեռ անընդհատ այն միտքն էր տարփողվում, թե վերջինիս զեկույցն իրավական ուժ չունի եւ չի կարող ունենալ որեւէ ազդեցություն: «Միանշանակ է, որ խորհրդարանական վեհաժողովների նման զեկույցներն իսկապես չունեն իրավական ուժ: Դրանցից ուղղակի հաճախ մեջբերումներ են կատարվում,- պնդեց ՕԵԿ փոխնախագահը:- Ցանկացած դեպքում՝ պետք է աշխատել: Բայց դա չի նշանակում, թե նախկինում չէին աշխատում: Ուղղակի ավելացնելու, ուժեղացնելու տեղ կա: Նաեւ անհրաժեշտ է նոր մոտեցումներ ու գաղափարներ նետել միջազգային քաղաքական շուկա: Այստեղ կարծես որոշակիորեն թերանում ենք: Քանի դեռ ղարաբաղյան հիմնախնդիրն իր լուծման գործընթացում է՝ այդ աշխատանքը պետք է տարվի անընդհատ, քանի որ ադրբեջանական կողմը միշտ փորձելու է անցկացնել իր տեսակետները»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել