Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԱ՛Մ-ն է արդեն միավորման

Նոյեմբեր 20,2004 00:00

ՀԺԱՄ-ը, ՀՌԱԿ-ը եւ «Հզոր հայրենիքը» միջին կոալիցիա կկազմեն

Երեկ սկսվեց ՀԺԱՄ երրորդ համագումարը, որը կընթանա երեք օր շարունակ եւ կքննարկի երեք խնդիր: Երեքն էլ, բնականաբար, վերաբերում են Հայաստանում միջին խավի ձեւավորմանը: Ի դեպ, սույն գործընթացին այլեւս կմասնակցեն նաեւ ՀՌԱԿ-ը եւ «Հզոր հայրենիքը»: Վարդան Վարդապետյանի մատուցմամբ՝ քանի որ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին երեք կուսակցությունները միասին 10 տոկոսից ավելի ձայներ են հավաքել, ենթադրելի է, որ համատեղ հանդես գալով՝ կդառնան ավելի ազդեցիկ: «Միավորումը կդառնա ծանրակշիռ կռվան երկրի հետագա քաղաքական կյանքում»,- համոզված է «Հզոր հայրենիքի» ղեկավարը:

Իր հաշվետու զեկույցը ՀՀ նախագահի խորհրդական, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը սկսեց անցած նախընտրական հանդիպումներից, «Ո՞ր մեկը հիշեմ՝ մարդաշատ Գյումրի՞ն, Վանաձո՞րը, որ մարդիկ անձրեւից չխուսափելով՝ եկել էին մեզ հետ հանդիպման, Ախուրյա՞նը, որ մայրերը մանուկներով էին եկել, Հրազդա՞նը…»: Ու մեկ առ մեկ հիշելով բոլոր հանդիպումները՝ բանախոսը եզրակացրեց, որ բնակչության 80 տոկոսի գաղափարը համընկնում է ՀԺԱՄ գաղափարին, ուստիեւ՝ «հաղթանակը լինելու է՝ դուր կգա դա առանձին քաղաքական ուժերի, գործիչների, լրատվամիջոցների, թե՝ ոչ»,- սպառնաց նախագահի խորհրդականը: ՀԺԱՄ-ին դուր չի գալիս իր իսկ կարգախոսի ակտուալ լինելը, այսինքն՝ այն, որ միջին խավն առայժմ չի ձեւավորվել: Համագումարից հետո կուսակցությունը ջանալու է օր առաջ ազատվել այս «աղետալի ու անպատվաբեր» վիճակից: Դա պետք է արվի մոտավորապես այսպես. «Ճիշտ ըմբռնել, ճիշտ գնահատել ձեռքբերումները, որոնք ժողովուրդն ունեցել է, դրանք զարգացնելով, հզորացնելով՝ կարողանալ կորուստները փակել»:

Ասվածի համատեքստում Սեյրան Ավագյանը ԼՂՀ հիմնախնդրի վերաբերյալ հետեւյալ տեսակետն արտահայտեց. «Նորից վերաբերմունքների դաշտում վճռորոշ են դառնում շահերը, նավթային դոլարները, այլապես ոչ ոք կասկած չունի երեւի, որ հանկարծ աշխարհի խոշոր քաղաքական ուժերն ու կենտրոնները Սումգայիթը եւ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված վանդալիզմը մոռացան: Բայց այս վերաբերմունքներից մենք, կարծում եմ, չպիտի հուսահատվենք: Սթափվելու կարիք կա: Մենք պիտի խոսենք այն լեզվով, որը հասկանալի է աշխարհին: Իսկ ո՞վ է ասում, որ աշխարհում բիզնես-շահը միայն նավթից է: Հողի երեսին ավելի անփոխարինելի հարստություն կա, իմաստավորել է պետք այդ շահերը եւ ստեղծել դրանք»,- թաքուն ակնարկներով խոսեց միջին խավի գծով նախագահի խորհրդականը: Այնուհետեւ «կկվի տրամաբանություն» որակեց «որոշ կազմակերպությունների կողմից ԼՂՀ հարցի լուծման մասով հնչող տարբեր ձայները՝ եկեք ունեցածի մի մասը տանենք զիջումների, որ մյուս մասի համար ապահովենք: Չի լինելու այդպես, հնարավոր չէ այդպես»,- հայտարարեց նա: Հետո ասաց, որ հարցը օր առաջ լուծում է պահանջում, որ այն վճռորոշ է լինելու մեր կյանքում եւ այլն:

Ապա ազատական գաղափարակիր կուսակցության ղեկավարը սոցիալական իրավիճակի բարելավման կոնտեքստում խոսեց երկրի սոցիալական կառուցվածքի մասին եւ կապիտալի՝ պետության եւ մասնավորի ձեռքում հավասարապես կենտրոնացնելու մասին: Սեյրան Ավագյանը դեմ է նաեւ «հեղափոխական նամյոկներին»: Նա ըմբոստացավ նաեւ կոռուպցիոն երեւույթների դեմ՝ մի քանի թթու խոսք հնչեցնելով կոալիցիայի մասին:

Ի դեպ, նախկին ԱԺՄ-ական ընկերներից համագումարին ներկա էր միայն Դավիթ Վարդանյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել