Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԻ

Նոյեմբեր 19,2004 00:00

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ Երեկ մեկնարկեց «Հայաստանում երեխաների առողջության հիմնախնդիրները» թեմայով երկրորդ հանրապետական համաժողովը, որի հիմնական նպատակն էր ներկայացնել ու քննարկել ՀՀ-ում երեխաների առողջության հետ կապված խնդիրներն ու ռազմավարությունները: Հանրապետական կազմակերպչական-մեթոդական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սարգսյանի խոսքերով, մեզ մոտ շատ բարձր ցուցանիշ ունի դեռահասների եւ դպրոցահասակների ծխամոլությունը, ինչը մի շարք խնդիրներ է ստեղծում առողջության հետ կապված: Մեծ ազդեցություն ունեն նաեւ շրջակա միջավայրի՝ սննդի ապահովություն, օդի աղտոտվածություն, ինչպես նաեւ կրթական հաստատությունների պայմանները. «Օրինակ, ջերմամատակարարման բացակայությունը դպրոցներում, մանկապարտեզներում՝ շատ դեպքերում հանգեցնում է խրոնիկ հիվանդությունների»: Այս տարիքային խմբում անհանգստացնում է նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը, որը ուղղակիորեն կապված է սննդի որակի հետ: Պարոն Սարգսյանի կարծիքով, «մեր բժիշկները վաղ հասակի երեխաների հիվանդություններից քիչ թե շատ տեղյակ են ու կարող են ճիշտ բուժում իրականացնել, բայց 5-18 տարիքային խմբում նրանց պատրաստվածությունը եւ գիտելիքները չեն բավարարում»: Եվրոպական երկրների հետ համեմատած՝ գիտելիքների առումով ետ ենք մնացել նաեւ սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման հարցերում: Իսկ պրոֆեսոր Արա Բաբլոյանը գոհ էր ոչ միայն բժիշկների մակարդակից, այլեւ կառավարության ճիշտ քաղաքականությունից. «Զգալով մեր մոտեցումը եւ ջանքերը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեր երկիրը գնահատեց այն 3 երկրների շարքում, որտեղ իշխանությունները երեխաների եւ դեռահասների առողջության պահպանման հարցում քայլեր կատարելու լուրջ որոշում են ընդունել»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել